...

Ռուսաստան-Ուկրաինա․ դատապարտվածների պատերազմը

Ռուսաստան-Ուկրաինա․ դատապարտվածների պատերազմը

Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, երևի համաշխարհային պատմության ամենատարօրինակ պատերազմն է։ Պատերազմ, որտեղ հիմնական իրադարձություններն ամենևին էլ մարտադաշտում չեն տեղի ունենում, իսկ բուն ռազմական գործողություններին մասնակցող երկու երկրներից որևէ մեկը հաղթելու որևէ շանս չունի, երկուսն էլ ի սկզբանե պարտված են։

Իսկ ինչո՞ւ է այս պատերազմն ամենատարօրինակը։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե «նորմալ պատերազմ» է, կողմերն իրար ռմբակոծում են, միմյանց տեխնիկան են ոչնչացնում, հարձակվում-նահանջում են, և այլն, բայց սա՝ միայն առաջին հայացքից։ Բանն այն է, որ իրականում այս պատերազմում և՛ կողմերն են «ասիմետրիկ», և՛ կիրառվող զինատեսակները։ Ուկրաինան պատերազմում է Ռուսաստանի դեմ, բայց Ռուսաստանը պատերազմում է ոչ թե Ուկրաինայի, այլ Արևմուտքի դեմ։ Ընդ որում՝ Ռուսաստանն Արևմուտքի դեմ պատերազմում է տանկերով ու հեռահար հրթիռներով, իսկ Արևմուտքը Ռուսաստանի դեմ՝ պատժամիջոցներով։ 

Իսկ ինչո՞ւ են և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանն ի սկզբանե պարտված։ Ուկրաինան պարտված է, որովհետև «իր բաժին պատերազմում», որտեղ հիմնական գործողությունները մարտադաշտում են, Ռուսաստանին հաղթելու շանս չունի։ Ռուսաստանն էլ Արևմուտքի դեմ «իր բաժին պատերազմում» է պարտված, որովհետև Արևմուտքը Ռուսաստանին կարող է վնասել, իսկ Ռուսաստանն Արևմուտքին՝ ոչ։ Չէ՞ որ Ռուսաստանի հաղթաթուղթը հրթիռներն են, Արևմուտքինը՝ պատժամիջոցները, բայց Ռուսաստանն Արևմուտքի դեմ հրթիռներ օգտագործել չի կարող, իսկ Արևմուտքը պատժամիջոցներ կիրառել լավ էլ կարող է։ Այստեղից էլ՝ այն հուսահատ կատաղությունը, որ տիրում է և՛ Ուկրաինայում, և՛ Ռուսաստանում։ Ուկրաինայում հասկանում են, որ Ռուսաստանն արդեն իսկ պարտված է, բայց իրենք դրանից ոչինչ չեն շահելու, Ռուսաստանում էլ հասկանում են, որ անկախ նրանից՝ իրենց տանկերը կմտնեն Կիև ու կհասնեն Լվով, թե ոչ՝ իրենք արդեն բոլոր առումներով մի 30-40 տարով ետ են շպրտվել ու վերականգնվել չեն կարողանալու։ Այն, ինչ տեղի է ունենում ռազմաճակատում, էական է միայն հումանիտար տեսանկյունից, բայց պատերազմի ելքի տեսանկյունից՝ ի՞նչ կարևոր է, թե մարտադաշտում ով ինչքան կորուստ ունեցավ կամ քանի կիլոմետր առաջ շարժվեց։ Ռուսական ակտիվները կալանվում են՝ կես ժամում ռուբլին փլուզվում է, Կոկա-կոլան արգելում են՝ կես միլիոն մարդ փախչում է Ռուսաստանից, ինքնաթիռները ետ են վերցնում՝ ևս մի քանի միլիոն մարդ պատրաստվում է փախչել, անծայրածիր երկրի խանութներում պարենային ապրանքները սահմանափակումներով են վաճառում, ու երկիրը, որտեղ առանց այն էլ ավելի քիչ մարդ էր ապրում, քան աշխարհի քարտեզի վրա չերևացող Բանգլադեշում, դատարկվում է։ Արտաքին սահմանները կապ չունեն (ի՞նչ տարբերություն՝ տարածքը կլինի 17 միլիոն քառակուսի կիլոմետր, թե՞ 17,5), փաստն այն է, որ տակն ինչ մնաց՝ դառնալու է համեմատաբար «մարդկային դեմքով» Թուրքմենստան, տնտեսական առումով՝ համեմատաբար զարգացած Հյուսիսային Կորեա։ 

Մի խոսքով, այն հարցը, թե ով կհաղթի պատերազմում, անիմաստ է։ Հաղթողն արդեն հաղթել է, պարտվողները՝ պարտվել։ Մնում է հաջորդ հարցը՝ ե՞րբ կավարտվի այս ամենը։ Ամենայն հավանականությամբ՝ ոչ շուտ։ Թեժ փուլը գուցեև ինչ-որ պահից դադարեցվի, բայց բուն պատերազմը, որն ամենևին էլ տանկերով ու հրթիռներով չի մղվում, դեռ շատ երկար է տևելու։ Իսկ ինչո՞ւ պիտի դադարեցվի, եթե կողմերից մեկը կարողանում է դիմացինին վնասել, իսկ մյուսը՝ ոչ։ 

Ամեն դեպքում՝ աշխարհն այլևս առաջվանը չի լինելու։ Իսկ այդ նոր աշխարհում մեր տեղն ամրագրելու համար պետք է առնվազն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ