ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե 4 անգամ պատվաստվել է և ջերմության տատանումներ չի ունեցել, հետո էլ հավելել է, թե պատվաստվելուց առաջ էլ չի վարակվել. «Երևի իմ օրգանիզմը պատրաստ է»,- եզրակացրել է նա:
Հայերենում մի ասացվածք կա՝ բոշի յուղը որ շատ է լինում, մնացածն էլ քամակին է քսում։ Հիմա Քոչարյանինն է։ Չնայած չի բացառվում, որ Քոչարյանը իր բնույթի համաձայն՝ աքլորանում է։ (Թող մեզ ներեն հիշատակված կենդանիները)։ Մյուս կողմից էլ՝ 4 անգամ պատվաստվողը և դրա անհրաժեշտությունը կարևորող անձը հանրային վայրերում առանց դիմակ չէր ներկայանա՝ դրանով խախտելով այն օրենքներն ու նորմատիվները, որոնք սահմանվել են համավարակի դեմ պայքարի շրջանակներում։ Ինչ վերաբերում է օրգանիզմի պատրաստ լինելուն, ապա ոչ Համաշխարհային առողջապահության կազմակերպության փորձագետներին, ոչ էլ գիտնականներին դեռ չի հաջողվել պարզել, թե ում օրգանիզմը ինչպես է «պատրաստվել» դիմավորել համավարակին։ Գուցե Քոչարյանին դիտարկման տակ վերցնեն և որոշակի օրինաչափությունների հանգեն։ Օրինակ՝
1․ Քովիդը չի սպառնում դատարկամիտ պոռոտախոսներին։
2․ Քովիդը չի սպառնում այն պատգամավորներին, որոնք միայն իրենց կաբինետներում «սուպեր» հեռախոս ունենալու համար կարող են շրջանցել բոլոր բարոյական և քաղաքական սկզբունքները։
3․ Քովիդը չի սպառնում հանձնաժողովի այն նախագահներին, որոնց տղամարդկությունը արթնանում է հատկապես իգական սեռի լրագրողների հետ շփումներում, մնացած այլ դեպքերում նրանք հիմնականում մոռանում են իրենց սեռային պատկանելությունը։
4․ Քովիդը չի սպառնում այն ՔՊ-ականներին, որոնք ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանին ծաղրում էին քեֆի սեղանների վրա, իսկ հիմա նրան երկրպագում են (կարճ ժամանակով) որպես Աստված։
5․ Քովիդը վտանգավոր չէ այն մարդկանց համար, որոնց օրգանիզմը կոփվել է առուփախի հրապարակներում ստատիկ փողամանի մոտ կանգնած մնալուց։
Գոհար Վեզիրյան