...

Անելանելի վիճակ՝ անշարժ գույքի շուկայում

Անելանելի վիճակ՝ անշարժ գույքի շուկայում

Գույքահարկի բարձրացումն անորոշ իրավիճակ է ստեղծելու անշարժ գույքի շուկայում: «ՉԻ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բիլդ Ափ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ գույքահարկի բարձրացման հետևանքով վաճառվող բնակարանների, հողամասերի, արտադրական և կոմերցիոն տարածքների պակաս չի լինի:

«Եթե մարդը Երևանի կենտրոնում տուն ունի, բայց արտասահմանում է բնակվում, կմտածի՝ վաճառել, թե՝ ոչ: Նույն խնդրին են բախվելու արտադրական և կոմերցիոն տարածքների սեփականատերերը: Կոմերցիոն տարածքներ կան, որոնք պետք է գումար բերեն, բայց փակ են: Հիմա, երբ գույքահարկը բարձրացավ, կարծում եմ՝ ուզած-չուզած կամ պետք է վաճառեն, կամ էլ աշխատացնեն: Արտադրական տարածքները, որոնք այսօր չեն օգտագործվում, տերերը նույնպես կսկսեն մտածել, թե ինչ անեն: Մանավանդ մեծ հողատարածք ունեցող արտադրական տարածքների գույքահարկը շոշափելի թիվ է կազմելու: Եթե չաշխատացրեցին, եկամուտ չունեցան՝ բարձր գնով գույքահարկ չեն կարող վճարել»,- նկատեց ոլորտի ներկայացուցիչը:

Անորոշ է հատկապես վարձակալությամբ տրվող տարածքների և բնակարանների ապագան: Գույքահարկի փոփոխության դեպքում, սեփականատերերը փորձելու են վարձավճարները թանկացնել, ինչն անընդունելի է սոցիալական լարվածության ֆոնին: Մյուս կողմից էլ պահանջարկ չկա: Արդեն իսկ վարձակալությամբ տրվող բնակարանների գները նվազել են:

«Քանի որ տուրիստ չկա, գներն ընկան: Իսկ մարդիկ բնակարաններ էին գնել և վարձով հանձնել: Հիմա վարձավճարների շոշափելի իջեցում արձանագրվել է: Միջինացված հաշվարկով վարձով տրվող բնակարանների վարձավճարների 20 տոկոսով գնանկում է արձանագրվել»,- շեշտեց «Բիլդ Ափ» անշարժ գույքի գործակալության տնօրենը:

Բայց Էդգար Խաչատրյանը նկատում է՝ միայն գույքահարկի բարձրացումը չի բերի գների փոփոխության: Դա պատճառներից մեկն է, բայց ոչ ամենակարևորը: Պետք է հաշվի առնել նաև Քովիդ-19-ի գործոնն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամը, ինչը կբերի նաև գործարքների կրճատման:

«Եթե այս վարակը չլիներ, գույքահարկի բարձրացումը բերելու էր վարձավճարների, առք ու վաճառքի գների բարձրացմանը: Քովիդն ու գույքահարկը անհասկանալի, անկանխատեսելի իրավիճակ են ստեղծել անշարժ գույքի շուկայում: Գույքահարկի պատճառով էլ կսկսեն տներ վաճառել, բարձր գույքահարկ շատերը չեն կարողանալու վճարել: Նորակառույցները սպասարկման վարձ են տալիս: Ահագին գումարներ կան, մի կողմից էլ գույքահարկը, բնականաբար, կսկսվի տների կամ անշարժ գույքի մյուս միավորների վաճառքը՝ բերելով գների անկման»,- եզրափակեց նա:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1081 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ