...

Վարձով բնակարաններն էժանացել են

Վարձով բնակարաններն էժանացել են

Կորոնավիրուսն ու անշարժ գույքը

Կորոնավիրուսի համաճարակից տուժեց նաև անշարժ գույքի շուկան: Արտակարգ դրության պայմաններում անշարժ գույքի ոլորտի ներկայացուցիչները հայտնվել են դժվարին իրավիճակում, շուկան էլ կաթվածահար է եղել:

Անշարժ գույքի շուկայում ընդհանրապես շարժ չկա՝ «ՉԻ»-ի հետ զրույցում ասաց «Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդգար Բաղդասարյանը: Վերջինս նշում է, որ գնալով վիճակն ավելի է վատանում:

«Գործարքներն ամեն ամիս ավելի են քչանում»,- հավելեց անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչը:

Մարտ ամսից մինչ օրս «Էլեն Ռիելթի» անշարժ գույքի գործակալությունում վարձակալության մոտ 5 պայմանագիր է կնքվել, իսկ վաճառք չի արվել:

Այս ընթացքում նվազել են վարձով տրվող բնակարանների գները:

Ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ բնակարանների գները նվազել են մոտ 30 տոկոսով, հետո հնարավոր է՝ ավելի էժանանան:

Անշարժ գույքի շուկային անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարել էր, որ սովորաբար ճգնաժամային պայմաններում վարձով տների գներն ընկնում են:

«Վարձով ապրողներն ավելի էժան տան վրա են գնում: Մեծամասնությունն իրենց տների գներն իջեցրել են: Եթե այն ժամանակ վարձով տունն ամիսը տալիս էին 500 դոլարով, հիմա 150000 դրամով են տալիս: Կամ տալիս էին ամիսը 100 000 դրամով, այսօր գինն իջեցրել են և դարձել 75000-80000 դրամ: Պահանջարկից ելնելով՝ գները նվազել են: Եթե նախորդ տարի մարդը վարձով ապրում էր 120000 դրամով տան մեջ, հիմա նույն տնից գնում է 90000-ով»,- բացատրեց նա:

Աշնանն էլի գնանկում կլինի

Թեև անշարժ գույքի շուկան պասիվացել է, բայց բնակարանների գներն, ի տարբերություն վարձակալության, չեն իջել:

Այսպես՝ Երևանի վարչական շրջանների մի մասում ապրիլին մարտի համեմատ, բնակարանների գները չեն բարձրացել, պահպանել են նախորդ ամսվա մակարդակը: Օրինակ, Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ն և՛ մարտ, և՛ ապրիլ ամիսներին արժեցել է 670 հազար դրամ:

Պաշտոնական վիճակագրության տվյալներով՝ Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան, Էրեբունի, Շենգավիթ, Դավիթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա և Նուբարաշեն վարչական շրջաններում ևս բնակարանների մեկ քմ-ի գները ապրիլին մարտի համեմատ չեն բարձրացել, մնացել են նույնը:

Բայց, ըստ Էդգար Բաղդասարյանի, աշնանը տների գներն էլ կընկնեն: Իսկ գնանկման պատճառները տարբեր են՝ սկսած կորոնավիրուսից մինչև շինարարական բում:

«Վիրուսով պայմանավորված ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է: Դրան գումարած մեր երկրում կատարվող շինարարական մեծ աշխատանքները: Իմ տեղեկություններով, միայն այս տարի 320 բազմաբնակարան շենքերի կառուցման թույլտվություն են տվել»,- մատնանշեց մեր զրուցակիցը:

Չի շտապում թվերի տեսքով խոսել շուկայի կրած ֆինանսական կորուստների մասին: Ասում է՝ ոլորտն այն վիճակին է հասել, որ շատ անշարժ գույքի գործակալություններ կփակվեն: Հատկապես նոր ստեղծված գործակալությունների հետագա ճակատագիրն է հարցականի տակ դրված:

«Մինչև 2008 թվականը ով 1000 դոլար ուներ, անշարժ գույքի գործակալություն էր բացում: 2008-ի տնտեսական ճգնաժամի ժամանակ մեկը մյուսի հետևից բոլորը փակվեցին, որովհետև շուկան կանգնել էր, չկարողացան աշխատել: Հիմա էլ նույն է սպասվում»,- հիշեցրեց ոլորտի աշխատակիցը:

Լավատեսական կանխատեսումներ չունի նաև շինարարության հետագա ծավալների վերաբերյալ:

«Շինարարության ծավալները կկրճատվեն՝ բնակարանների պահանջարկով պայմանավորված: Միանշանակ է, որ տների պահանջարկը կնվազի: Շինարարություն անելու համար էլ ներդրումներ են պետք՝ շենքը սկսում են սարքել, բայց կառուցապատողն այդքան գումար չունի, պահանջվող գումարի շուրջ 40 տոկոսն ունի, իսկ 60-70 տոկոսն ընթացիկ վաճառքից է ուզում վերցնել և ներդրում անել: Շատ շինարարական կազմակերպություններ էլ կամ իրենց գործը կիսատ կթողնեն, կամ կսնանկանան»,- հավելեց նա:

Ըստ գործակալության ղեկավարի՝ շուկայի հետագա վիճակը կախված կլինի պետության կողմից կատարվող միջոցառումներից, թե կառավարությունն ինչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգա հօգուտ անշարժ գույքի բիզնեսի:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ