...

Անգլիական նավերն ու հայկական լեռները

Անգլիական նավերն ու հայկական լեռները

ԾՈՎԱՅԻՆ ԽՐԱՄԱՏՆԵՐ

«Անգլիական նավեր» բառակապակցությունն ընդունենք որպես Արևմուտքի խորհրդանիշ և հիշենք, որ նրանք 100 տարի առաջ չբարձրացան Հայաստանի լեռները և մեզ չպարգևեցին ծովից ծով երկիր... 

Քաղաքագետ, Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը ս.թ. հունվարի 14-ի հարցազրույցում մտահոգություն հայտնեց, որ արևմտյան ուժերը, Ռուսաստանի ամրապնդված դիրքերից անհանգստացած, կարող են օգտագործել Արցախի կարգավիճակի խնդիրը, մեր կառավարությանը քաջալերել որոշ հակառուսական քայլերի, բայց այդ քաջալերանքը կարող է չունենալ իրական, նյութական աջակցություն: Անկեղծ ասած՝ ունենք նույն մտահոգությունը՝ հաշվի առնելով թե՛ ներկա կառավարիչների անհեռատես արկածախնդրությունը, թե՛ 100 տարի առաջվա պատմական իրականությունը: 

Վերադառնանք 2020թ. ամառ: Կարդանք օգոստոսի 10-ին հրապարակված երկու կարծիքներ նույն փաստի մասին: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան. «Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»:

Տեսնում ենք, որ ՀՀ նախագահն ու վարչապետը Սևրի պայմանագրի հարցում ասում են նույնը. նրանք համախոհներ են: Բազմիցս ենք անդրադարձել թե՛ սույն պայմանագրին, թե՛ այն վկայակոչելու արկածախնդիր փորձերին: Խոսել ենք նաև այդ իրադարձության հարյուրամյակը պետականորեն նշելու վնասների մասին, բայց կարծես մեր աչքից վրիպել է մի հանգամանք: 

2020-ի ամռանը լարվել էին Թուրքիայի և Արևմուտքի հարաբերությունները: Թուրքերը Միջերկրականում բացահայտորեն հետապնդում էին իրենց շահը՝ առանձնապես բանի տեղ չդնելով եվրոպական երկրների սպառնալիքները: Ուրեմն եթե դիտարկենք Սևրի դաշնագրի 100-ամյակի հայաստանյան տոնակատարությունը նաև այս համատեքստում, կարող ենք ենթադրել, որ մեր իշխանությունները ոչ միայն պոպուլիզմի զոհ են, այլև ինչ-ինչ երկրների դատարկ քաջալերանքի: Ամենայն հավանականությամբ, քաջալերողները մեր միջոցով թուրքերին ինչ-որ բան էին հասկացնում: Թե ինչպես Թուրքիան օգտվեց սրանից, տեսանք արդեն 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Ի դեպ, պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահը մեկ-երկու հայտարարություն արեց հօգուտ հայերիս, բայց ոչ մի ռեալ գործողություն չկարողացավ ձեռնարկել արյունահեղությունը կանգնեցնելու համար: Իսկ այսօր արդեն առաջարկներ է անում Թուրքիային՝ մոռանալով Էրդողանի վիրավորական հայտարարությունները: Տեսանք նաև Մինսկի խմբի մյուս համանախագահի՝ ԱՄՆ-ի պահվածքը: Պատերազմի ողջ ընթացքում մենք մեզ նաև խաբում էինք, որ Իրանը մեր դաշնակիցն է, բայց... Բայց պարզվեց, որ մենք դաշնակիցներ չունենք: Ավելին, այն ինչ կարող էինք ունենալ, վաղուց կորցրել էինք թե՛ Ն. Փաշինյանի ինքնասիրահարվածության պատճառով, թե՛ սրա-նրա քաջալերանքին ականջալուր լինելով: 

Հիմա՝ այս օրերին, հայաստանյան որոշ շրջանակներ շունչները պահած սպասում են ԱՄՆ նոր նախագահ Բայդենի երդմնակալությանը, որովհետև ենթադրում են, որ կթուլանա ռուսական ազդեցությունը: Սակայն պատմական փորձն ապացուցում է, որ ԱՄՆ որևէ իշխանություն իր երկրի համար գլխացավանք չի դարձնի հայկական հարցը: Շատ-շատ մանր առևտուր անի, այն էլ մեծ երկրների՝ Ռուսաստանի և Թուրքիայի հետ: Իսկ մենք այս անգամ նույնիսկ Սևրի մեռելածին դաշնագիր չենք ստանալու...

Ուստի պետության շահը պահանջում է, որ չափազանց զգույշ լինենք:

Զարուհի Գաբրիելյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1067 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ