Իշխանությունը շատ է սիրում օգտագործել աննախադեպ բառը: Հիմնականում այն օգտագործվում է նկարագրելու այս կամ այն ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները: Աննախադեպ հարկային մուտքերի աճ, աննախադեպ ասֆալտապատում, աննախադեպ թափանցիկություն, Արցախի վերաբերյալ իշխանության աննախադեպ դիրքորոշում և այլն: Դրանցից մի մասի հետ կարելի է համաձայնել, մի մասը՝ վիճարկել, մյուս մասը՝ պարզապես ծաղրել:
Բայց հետհեղափոխական Հայաստանում կա մի ուղղություն, որն իսկապես աննախադեպ է: Երբեք, թերևս արցախյան պատերազմից հետո, մարդկանց նյարդերը այսքան պարպված չեն եղել: Իսկապես աննախադեպ լարվածություն կա: Եվ դա վերաբերում է բոլորին՝ թե՛ իշխանության համակիրներին, թե՛ չեզոքներին, թե՛ մեղմ քննադատողներին և թե՛ նախկին իշխանության կողմնակիցներին: Բոլորն աննախադեպ լարված են, որովհետև չգիտեն, թե ինչով կավարտվի ներկա ստատուս-քվոն:
Նախկինում հասարակությունն ավելի հանգիստ էր, համակերպվել էր իրողությունների հետ, ակնկալիքներ չուներ իշխանություններից և ինքնուրույն էր փորձում լուծել իր խնդիրները: 2018 թվականի հեղափոխությունը մեծ հույսեր արթնացրեց հասարակության մոտ: Շատերը համոզված էին, որ հնարավոր է շատ արագ լուծել խնդիրների մեծ մասը: Դրանում նաև մեղավորություն ուներ գործող իշխանությունը, երբ հայտարարում էր, որ ունի կախարդական փայտիկ:
Չնայած այն հանգամանքին, որ գործող իշխանությունը հայտարարում է, թե այլևս չկա վերադարձ անցյալին, հասարակությունը հասկանում է՝ դա միայն հռետորաբանություն է և ոչ ավելին:
Պետական համակարգում, իրավապահ և դատական համակարգերում թևածում է հակահեղափոխության ուրվականը: 1,5 տարում իշխանությանը չի հաջողվել արմատախիլ անել այն: Հերթական հանցագործին կալանքից ազատելով, մարդիկ աննախադեպ լարվածություն ու սթրես են տանում: Եվ դա ամենևին չափազանցություն չէ: Ամեն դատական նման որոշման արդյունքում մարդիկ նույն հարցն են տալիս՝ արդյո՞ք Փաշինյանը տիրապետում է իրավիճակին: Արդյո՞ք իրավապահ և դատական համակարգի դիմադրությունը չի բերի հեղափոխության արդյունքների սրբագրմանը: Մարդիկ չունեն այդ համոզմունքը, և դա աննախադեպ լարված մթնոլորտ է ստեղծում: Քոչարյանի ամեն կալանքի փոխելու միջնորդությունը վերածվում է հասարակության շատ ու շատ անդամների փոքր ինֆարկտների: Դատարաններից բացի, աննախադեպ լարված մթնոլորտի ձևավորմանը նպաստում է նաև նախկինների մեդիաների սանձազերծած հիբրիդային պատերազմը: Կեղծ լուրերը լուրջ փորձության են ենթարկում քաղաքացիների նյարդերը:
Այդպես շարունակվելու դեպքում, շուտով ազգային անվտանգության խնդիր կդառնա հայաստանցիների հոգեկան վիճակը: Մարդիկ հասկանում են, թե ինչ արհավիրքների կենթարկվի երկիրը, եթե աստված մի արասցե, տեղի ունենա ռևանշ: Խոզի բդի, բլինչիկի և ծխախոտի վնասակարության մասին մտահոգվելուց առաջ արժեր նաև մտածել հասարակության հոգեկան առողջության մասին:
Արիս Վաղարշակյան