Այո, Փաշինյանը չի խաբում, իսկապես պայմանավորվել ենք վենդետա չլինելու և թավիշի շուրջ: Բայց ինչպես վերջերս հաճախ է լինում նրա հետ, ասում է ճշմարտության կեսը՝ մոռացության տալով մյուս կեսը, որն այնքան էլ շահեկան չէ իր համար: 2018 թվականի այս օրերին հասարակությունը և հեղափոխություն իրականացնող ուժը պայմանավորվեցին թավիշի շուրջ, բայց նաև ամրագրեցին, որ հեղափոխություն է արվում համակարգային փոփոխություններ անելու համար: Պայմանավորվածության առաջին կետը եղել է Սերժ Սարգսյանի տապալումը, բայց «պայմանագիրը» բաղկացած չի եղել մեկ կետից:
Երկու տարի բարեփոխումներ չիրականացնելը հիմա բացատրվում է ոմանց շանս տալու պատճառով: Ժամանակակից աշխարհում ամենաթանկ կապիտալը ժամանակն է, և մսխվել է հենց այդ կապիտալը: Եվ ամենևին տեղին չէ ներկայացնել, թե իբր հեռանկարում միակ զոհը կարող է լինել իշխանությունը: Չիրականացված բարեփոխումների զոհը մեկն է՝ պետականությունը: Միայն պետականությունը կարող է տուժել սահմանադրական բարեփոխումներ չիրականացնելուց, Ընտրական օրենսգիրքը և կուսակցությունների մասին օրենքը չփոխելուց, դատավորների վեթինգը չիրականացնելուց, օտար պետությունների համար աշխատող կառույցների չապամոնտաժումից, օտար գործակալական ցանցերը չբացահայտելուց և նրանց անունները չհրապարակելուց, ովքեր սպասարկում են այդ օտարների օրակարգերը:
Պետությունը վերադաստիարակող բարեգործական գործառույթ չունի և ոչ էլ կոռուպցիոն կախվածությունից բուժող հաստատություն է, որ պետք է շանս տար «Սերժի մնացորդներին»: Ո՞վ կարող է հոդաբաշխ բացատրել, թե ինչու է նման շանս տրվել ՊԵԿ ներկայիս փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանին, որը մինչև հեղափոխությունը զբաղեցրել է ՊԵԿ խոշոր հարկատուների վարչության պետի պաշտոնը: Մի պաշտոն, որ գտնվում էր կոռուպցիայի կիզակետում: Բայց շանս չտրվեց Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին, որի օրոք ՀՆԱ-ն աճեց շուրջ 7 տոկոսով:
Ինչո՞ւ Մարգարիտա Գրիգորյանին պետք է շանս տալ, աչք փակել կոռուպցիոն բացահայտումների վրա, նկատելու չտալ, թե ինչպես է Հ1-ի հեռարձակումը տալիս Միքայել Մինասյանին, բայց աշխատանքից հեռացնել անհասկանալի սլիվի պատճառով: Դրա փոխարեն, ասենք, շանս չտալ Վաչե Գաբրիելյանին, որի վերաբերյալ չկա որևէ կոռուպցիոն հիշատակում:
Անպայման չէ ամեն անգամ շանսի սպառման վերջնակետ համարել, երբ իքս կամ իգրեկ նախկինը վատություն անեն անձամբ վարչապետին: Կարելի է նույն կերպ վարվել նաև հեղափոխության ռեսուրսը վատնողների հետ:
Արիս Վաղարշակյան