ԱՂՔԱՏ ՄՆԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Կարդացե՛ք Հովհ. Թումանյանի «Անխելք մարդը» և տեսե՛ք՝ ինչ նման ենք գլխավոր հերոսին: Մեջբերում անենք: Ի դեպ, վերջին հատվածն է.
«Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
- Հը՛, աստված ի՞նչ ասաց։
- Ախպե՛ր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց.
«Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։
- Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,- հարցրեց սոված գայլը։
- Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
- Էլ քեզանից անխելք մարդ որտեղի՞ց գտնեմ, որ ուտեմ,- ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին»:
Ինչո՞ւ ենք սա հիշել: Քանի որ մեր հանրության ագրեսիվ կամ ակտիվ հատվածը, օգտվելով շատ-շատերի անտեղյակությունից, անգիտությունից, փորձում է գրավել ընտրողների սիրտը՝ պարտության մեղքը դնելով մի խումբ մարդկանց վրա: Ընդ որում, կապ չունի՝ ագրեսիվները որ կողմից են՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության: Իշխանությունը դավաճաններ է որոնում զինվորականների, կամավորականների շարքերում, ընդդիմությունը ճչում է՝ Նիկո՛լ, դավաճա՛ն:
Երկու կողմն էլ արդարանում է, երկու կողմն էլ փորձում է կոծկել սեփական մեղքը: Երկու կողմն էլ փորձում է քծնել ժողովրդին, չի խորշում ամբոխահաճ հայտարարություններից:
Ահա դրանցից երկուսը.
1. ժողովուրդը չի պարտվել,
2. բանակը չի պարտվել:
Բա ո՞վ է պարտվել: Միայն կառավարությո՞ւնը, միայն Փաշինյա՞նը, միայն ընդդիմությո՞ւնը, թե՞ բոլորս միասին:
Հայաստանը պարտված պետություն է: Եվ եթե պետությունդ պարտված է, ուրեմն պարտված ես նաև դու, պետության հարգելի՛ քաղաքացի: Այսինքն՝ պարտված ենք բոլորս՝ անկախ նրանից, թե քաղաքական ինչ հայացքներ ունենք: Պարտված է մեր բանակը: Պարտված է, որովհետև նաև մենք ենք գիտակցաբար կամ, ավելի վատ, անգիտակցաբար մահվան դատապարտել մեր երեխաներին: Ու այս մեղքի տակից դուրս չենք գալու:
Սակայն ամենաողբերգականն այն է, որ ոչ մի կերպ չենք ուզում տեսնել իրականությունը: Կասեք՝ քաղաքական քարոզիչների ագրեսիվ աղմուկն է խանգարում: Այո՛, գուցե դա էլ է ապուշացնող գործոն, բայց ավելի կարևոր է մեր հավաքական ինտելեկտը, որի գոյությունը չի երևում: Ու այդ ինտելեկտը մեզ պիտի հուշեր, որ պարտության հիմնական պատճառը խաղաղության գաղափարի հետ չհաշտվելն է: Մեզ այսօր էլ կերակրում են ռևանշի ծրագրերով, և մենք հանգիստ որոճում ենք, մեզ այսօր էլ են խոստանում տնտեսական հրաշք, բայց մենք չենք հարցնում՝ ինչպե՞ս: Մենք չենք հարցնում՝ սիրելի՛ կառավարություն, սիրելի՛ ընդդիմություն, պատերազմի առաջին օրը ինչո՞ւ էիք մրցում ձեր հերոսական ճառերով, ինչո՞ւ ձեզնից ոչ մեկը չասաց, թե իրականում ինչ վիճակում է մեր բանակը, ինչո՞ւ ոչ մեկդ վարչապետին չասաց՝ կանգնեցրո՛ւ ազգակործան պատերազմը, որովհետև դրանից հետո մենք բանակ չենք ունենալու: Չգիտեի՞ք՝ ինչ է կատարվում զինված ուժերում: Եթե իսկապես չգիտեիք, ուրեմն պատգամավոր լինելու իրավունք չունեիք: Իսկ դու, սիրելի՛ ժողովուրդ, որ տարիներ շարունակ իմացել ես, թե ինչպես են ծառայում որդիներդ, այդ ի՞նչ վստահություն ունեիր, որ լուռումունջ հավատում էիր 44 օրերի բացարձակ ստին:
Եկեք խոստովանենք, որ ազգովի և վաղուց կորցրել ենք իրատեսությունը ճիշտ այնպես, ինչպես թումանյանական հեքիաթի անխելք մարդը: Եկեք խոստովանենք, որ ազգովի չենք մտածել մեր պետության մասին: Եկեք խոստովանենք, որ մենք ենք ընտրել այս կառավարությունը և ծափահարել նրա ստին, ու հիմա մենք ենք ընդդիմություն հորջորջում այս խմբակին, որն իր անհեռատեսությամբ ոչնչով չի տարբերվում Նիկոլ Փաշինյանից: Եկեք խոստովանենք ու մի քանի օրով գոնե դուրս գանք սոցցանցերից, անջատենք հեռուստացույցն ու ռադիոն և լուռ խորհենք՝ առանց ինքներս մեզ խաբելու:
Զարուհի Գաբրիելյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 2, 2021