Աշխարհի գրեթե բոլոր երկրներում քաղաքական ուժերի պայքարն ապագայի մասին է՝ ինչպե՞ս զարգանալ, ի՞նչ ուղղությամբ առաջ շարժվել, և այլն, իսկ Հայաստանում իշխանությունների և ընդդիմության պայքարի թեման անցյալն է։ Ապագան հպանցիկ հիշատակվում է միայն կարգախոսներում՝ «Առաջ, Հայաստան», «Ապագա կա՛ ապագա» և այլն, բայց քաղաքական ուժերն իրար կոկորդ են կրծում առավելապես անցյալի թեմաներով։ Ժամանակ առ ժամանակ «սեփական օրակարգով» խելոքացող տիտղոսակիր ընդդիմության հիմնական ներքաղաքական կռվանը, օրինակ, մոտավորապես սա է՝ «դե հա, թալանում էինք, բայց գոնե Ղարաբաղը պահում էինք, իսկ սրանք համ Ղարաբաղը տվեցին, համ մեզանից բեթար են թալանում», Նիկոլի հիմնական հակադարձումն էլ հետևյալն է՝ «մենք ժողովրդից թաքուն չենք թալանում, ինչ անում ենք՝ բացահայտ ենք անում, իսկ Ղարաբաղը տվեցինք, որովհետև նախկինները թալանում էին, այսինքն՝ իրենք են մեղավոր»։
Եթե նկատեցիք՝ ապագայի մասին ոչ մի խոսք։ Վեճի թեման անցյալն է։ Ընդդիմությունից անգամ աքցանով հնարավոր չէ հոդաբաշխ խոսք պոկել ապագայի ծրագրերի վերաբերյալ (վերամբարձ-կենացային ոճով ռազմահայրենասիրական ճոռոմաբանություններից բացի), Նիկոլն էլ «շուտով խաղաղության դարաշրջանը կբացենք ու թռիչքաձև զարգացում կապահովենք» թեմայով ելույթներից վաղուց է հրաժարվել։ Քովիդի համավարակի դեպքում էլ էր այդպես՝ սկզբում դա «Հայաստանի համար նոր հնարավորություններ էր բացում», հետո «նոր հնարավորությունները» մոռացվեցին, ավելի ուշ նույն տրամաբանությամբ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր «նոր հնարավորություններ բացելու»․․․
Տարօրինակն այն է սակայն, որ թեև Նիկոլ Փաշինյանն ինքն արդեն հրաժարվել է իր իսկ հորինած հեքիաթից, դրան հավատացողներ դեռ կան։ Նա ինքն է խոստովանում, որ այլևս պատրանքներ չունի, Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ նոր պատերազմ, բայց նրան սատարող մի զանգված դեռ հավատում է, որ «դժվարը Ղարաբաղից պրծնելն էր, այ հիմա արդեն սահմանները կբացվեն, ու մարդավարի կապրենք»։ Այդ զանգվածին միայն արդարացումներով և ամեն ինչի համար «նենգ թշնամուն» ուղղված մեղադրանքներով կերակրել հնարավոր չէ, եթե հաց չկա՝ գոնե պիտի տեսարաններ լինեն։ Եվ պատկերացրեք՝ այդ հարցում նույնպես օգնության է գալիս անցյալը։
Սխեման հասկանալի է։ Եթե «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության» արդյունքում սկսել են լավ ապրել միայն մի քանի տասնյակ «քայլածներն» ու նրանց «վենա մտածները» (հիմնականում՝ նախկինների օրոք երրորդ-չորրորդ էշելոններում կարիերա փնտրող ժուլիկները), իսկ «հեղափոխական զանգվածները» նույնիսկ առաջվանից վատ են ապրում, ուրեմն պետք է գոնե այնպես անել, որ նախկինների օրոք լավ ապրողները նույնպես սկսեն ավելի վատ ապրել։ Պարզ ասած՝ սոցիալական արդարության վերականգնումը նույնպես տեղի է ունենում անցյալի հաշվին։ Ոչ թե այսօր վատ ապրողների կյանքն է լավացվում, այլ անցյալի հաշվին լավ ապրողների կյանքն է վատացվում։ Ու դա աշխատում է։ Հետո՞ ինչ, որ շարքային քաղաքացին շարունակում է օրեցօր ավելի ու ավելի վատ ապրել, բայց չէ՞ որ ամեն օր «բարոյական հաղթանակ» է տանում՝ տեսնելով, թե իշխանություններն ինչպես են հերթական անգամ կուլակաթափ անում որևէ սերժիվաչոյի կամ չոռնիգագոյի։
Մարկ Նշանյան
Հ․ Գ․ Ցանկացած պետության համար անցյալը, իհարկե, կարևոր է, բայց ապագան հաստատ ավելի կարևոր է։ Եվ ընդհանրապես՝ բացառապես անցյալի շուրջ վիճում են միայն հանգուցյալների դեպքում, որովհետև այդտեղ ապագայի մասին խոսելու բան չկա, իսկ հիվանդի դեպքում կարևորը բուժման ընթացքն է, այսինքն՝ ապագան։