«Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ, օրինակ, Վրաստանի կամ Գերմանիայի կառավարությունն ավելի արդյունավետ, ադեկվատ ու կազմակերպված գործեց ու գործում է քան ինքն ու իր ապիկարների խմբակը»,- 168.am կայքի հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«ՉԻ». Այս մեղադրանքներն արդեն ձանձրալի են դառնում: Կամ Արփինե Հովհաննիսյանը անգրագետ է, որ ի վիճակի չէ բացել համապատասխան աղբյուրները և հասկանալ, թե որքան վարակված կա Գերմանիայում, կամ էլ հասարակությանն է համարում այդպիսին, որ չեն կարող բաց աղբյուրներում ծանոթանալ միջազգային թվերին:
Գերմանիայում այս պահին վարակվածների թիվն անցել է 180000 հազարը: 80 միլիոն բնակչության պարագայում դա անհամեմատ ավելի շատ է մեր 5000-ից ավել վարակվածների հետ համեմատած:
Եվ, այս փաստը որքան էլ ցավալի լինի տիկին Հովհաննիսյանի համար, նա պետք է ընդունի և հաշտվի իրողության հետ:
Ապիկարության մասին: Իհարկե կարելի է անվերջ խոսել նախկին իշխանությունների ապիկարության մասին, բայց թվարկենք մի երկուսը:
Նախկին իշխանությունն ապիկար էր, որովհետև առանց վարակի առկայության, առանց ճգնաժամի, ի վիճակի չէր իր զինվորներին մարդավայել սնունդ մատակարարել:
Ապիկար էր և հանցագործ, որ իրապես հիվանդ մարդկանց բուժելու փոխարեն աչք էր փակում Միքայել Մինասյանի հոր ապօրինությունների վրա, որը միլիարդներ էր յուրացնում առողջապահության պետական պատվերների շրջանակներում:
Այնպես որ՝ ապիկարության մասին Հովհաննիսյանը ճիշտ կանի ընդհանրապես լռի: Եթե շատ է ցանկանում մի բան ասել, կարող է մանիպուլյացիաներ անել միջազգային կոնվենցիաների վերաբերյալ. դա իրենց մոտ ավելի լավ է ստացվում: