Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն դատապարտել է «Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղում», ինչպես նաև կոչ է արել վերսկսել բանակցային գործընթացը և խաղաղ կարգավորումը:
«ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարությունը վճռականորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիան, որն ամբողջովին անտեսում է հակամարտությունների խաղաղ կարգավորման հասնելու ՄԱԿ-ի կոչերը»,- ասված է Ալմագրոյի հայտարարության մեջ, որը տարածել է ԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։ Հատկապես նրանք, որոնք ուղղված են քաղաքացիական անձանց դեմ։ ... ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարությունը կրկին հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացի փրկության և վերսկսման անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծում է, որ այդ հակամարտությունը կարելի է լուծել միայն բանակցությունների միջոցով, որոնք հիմնված են միջազգային իրավունքի և սկզբունքների վրա, որոնք ամրագրված են 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտում»,- հավելել է ԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը՝ նաև կոչ անելով «օտարերկրյա տերություններին ձեռնպահ մնալ զինված հակամարտությանը միջամտելուց»։
«Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ Ինչպես նաև մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհերի հիշատակին»,- ամփոփել է Ալմագրոն։
Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։