...

Երկինքը փակելու և ԱԹՍ-ների դեմ պայքարի ճանապարհները

Երկինքը փակելու և ԱԹՍ-ների դեմ պայքարի ճանապարհները

Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է ինքնաթիռների շարժիչների մատակարարումը։ Դրանով նա կատարել է իր սեփականատիրոջ` կանադական Standart Group ընկերության պահանջը։ 

Դա նշանակում է, որ ավստրիական շարժիչներն այլևս չեն լինի թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների վրա։ 

Ցավալի է, իհարկե, որ թուրքական ԱԹՍ-ների հետ կապված սահմանափակումները այսքան ուշ են կիրառվում: Այս պատերազմում հակառակորդի հիմնական առավելությունը մեր նկատմամբ օդում է՝ Bayraktar TB2-ի հաշվին։ Նրա գլխավոր առավելությունը մրցակիցներից նկատմամբ այն է, որ կարողանում է իր վրա կրել 4 լազերային նշանառությամբ հրթիռներ, թռնում է 8կմ բարձրության, 600 կմ հեռավորության վրա և կարող է աշխատել 24 ժամ։ 

Մինչ Ղարաբաղում կիրառելը, «Բայրաքթարները» կիրառվել են նաև Սիրիայում՝ Իդլիբի վրա սիրիական բանակի հարձակումը կասեցնելու ժամանակ և Լիբիայում՝ Խաֆթարի զորքի դեմ, Տրիպոլիի վրա հարձակումը կասեցնելու համար։

Ռուսական հարվածային համարժեք ԱԹՍ-ներ դեռ չկան, կան հաջող հետախուզական անօդաչուներ: Այժմ ռուսները աշխատում են շուտափույթ գործարկել Oxotnik C70 հարվածային ԱԹՍ-ները, ընթանում են դրանց վերջին փորձարկումները և, հնարավոր է, առաջիկա մեկ տարում դրանք հասանելի լինեն զենքի շուկայում:

Այս տարվա սկզբին Թուրքիան 6 հատ TB2, 200 հատ հրթիռով ու 2 կառավարման մեքենայով վաճառել է ուկրաինացիներին: Գործարքի արժեքը կազմել էր 70 մլն դոլար։ Ներկայումս բանակցություններ են ընթանում նոր՝ 200-400 մլն դոլարի խմբաքանակի մասին պայմանագիր կնքելու շուրջ:

Վերջին օրերին «Բայրաքթաների» դեմ հայկական ՀՕՊ-ը համեմատաբար արդյունավետ է գործում: Հաստատված է առնվազն երկու «Բայրաքթաներ» խոցելու փաստը, որոնք ընկել են հայերի կողմից վերահսկվող տարածքում: Ինչը նշանակում է, որ թուրքական ԱԹՍ-ները ամենազոր չեն: Սիրիայում և Լիբիայում TB2-ի դեմ կիրառվել էին Պանցիր C1 հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնք գին/որակ համադրությամբ լիովին հասանելի են մեր համար։

Այլ աղբյուրներ նշում են, որ Լիբիայում խոցվել է 34 «Բայրաքթար» և այն կառավարող երկու համակարգ: Այսինքն՝ Պանցիրների արդյունավետությունը 1-ը 2,5 հարաբերակցություն է ունեցել, թեպետ, դրանց արդյունավետությունը շատ ավելի բարձր կլիներ, եթե այդ համակարգերը կիրառեին ավելի բարձրակարգ մասնագետներ:

Թուրքական ԱԹՍ-ների դեմ պայքարում շատ էֆեկտիվ են ՌԷԲ-ի համակարգով «Կռասուխան» համալիրները, որոնք պարզապես շարքից դուրս են հանում «Բայրաքթարները», և դա երևաց Սիրիայում ընթացող մարտական գործողությունների ժամանակ:

Բավական հաջող են նաև իրանական արտադրության ԱԹՍ-ները, որոնց միջոցով Եմենում հուսիթները լուրջ խնդիրներ առաջացրեցին շատ ավելի հզոր սաուդցիների համար: 

Պատերազմի սկզբում մեր ՀՕՊ համակարգում գերակշռում էին Կռուգ, Կուբ, Օսա տեսակի ՀՕՊ միջոցները, որոնց արդյունավետությունը, սակայն՝ այնքան բարձր չէ, որքան Պանցիրներինը: 

Այնպես որ, մեր հակաօդային պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ մոտ 10 հատ (140-160 մլն դոլար) Պանցիր, չինական (մեկ հատը՝ մոտ 2 մլն) ու պարսկական հարվածային ԱԹՍ-ներ (1 հատի գինը մոտ 300-500 հազար) ձեռք բերել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1590 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ