...

Ապօրինի ծառահատումները գրեթե բացակայում են. Տավուշի մարզպետ

Ապօրինի ծառահատումները գրեթե բացակայում են. Տավուշի մարզպետ

«ՉԻ»-ի  զրուցակիցն է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը

-  Պարոն Չոբանյան, Նիկոլ Փաշինյանի քավորը նշանակվեց Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար: Ինչպես կգնահատե՞ք այս նշանակումը:

-  Եթե դուք ուսումնասիրեք Իջևանը և հարցումներ անցկացնեք, կտեսնեք, որ Հայկ Ղալումյանը Իջևանի քաղաքապետի թեկնածուներից մեկն է, նրա թեկնածությունը նոր չէ, որ քննարկվում է: Բոլորը գիտեն, եթե Իջևանում կան մի քանի թեկնածուներ, մեկը Հայկ Ղալումյանն է: Տվյալ դեպքում կառավարությունը նշանակել է այն մարդուն, ում հանդեպ ավելի մեծ վստահություն ունի: Սա նաև պարոն Ղալումյանի համար է հնարավորություն, որպեսզի այս ամիսների ընթացքում իրեն այնպես դրսևորի, որ բնակչության կողմից վստահություն ձեռք բերի: Ընտրությունները ցույց կտան, ինքն էլ մնացած թեկնածուների պես հավասար իրավունքներով կմասնակցի ընտրություններին, և մենք դրանից հետո կունենանք ընտրված քաղաքապետ:

-  Իջևանում ապօրինի ծառահատումների դեպքերով քրեական գործեր եղան: Ապօրինի ծառահատումների դեմ ձեռնարկված իշխանության պայքարն արդյո՞ք դրական ազդեցություն ունեցավ, ապօրինի ծառահատումների դեպքեր կա՞ն:

-  Ապօրինի ծառահատումները կամ չկան կամ, եթե լինում են, անմիջապես հայտնաբերվում են: Դրանք կարող եք համարել, որ գրեթե բացակայում են: Եթե գոյություն էլ ունեն, դրանք փոքրիկ նշույլներ են և անպայման բացահայտվում են մեր կողմից և դա կարող է գոյություն ունեցող ապօրինի ծառահատումների կազմի օրինակ 0,1 տոկոսը կազմեն: Ապօրինի ծառահատում գրեթե չկա: Նպաստեց այն, որ մենք արգելեցինք ապօրինի ծառահատումները: Ձեռնարկեցինք միջոցառումներ՝ հստակ հսկողություն ձեռնարկվեց, եղել են նաև մարդկանց փոփոխություններ, ամենաբարձր մակարդակով ուժային կառույցների մասնակցությամբ անտառը հստակ պահպանվում է, որը չի եղել նախորդ տարիներին: Մյուս կողմից էլ, այն հանցավոր խմբավորումները, որոնք անցյալ տարիներին հանցավոր կերպով թալանում էին մեր անտառները, հասկացան, որ պետությունը լուրջ է տրամադրված և ամեն մի փոքր օրենքի խախտումը պատժվելու է ամենախիստ ձևով:

Երկրորդ՝ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր բնակիչների սոցիալական կարիքներին և առաջնահերթ խնդիր ենք դրել, որ պետության կողմից բնակչությանը տրամադրվող փայտաքանակը բաշխվի հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի որևէ մեկը ջեռուցման խնդիր չունենա: Այնպես ենք արել, որ տրամադրվող քամատապալ ծառերի ծավալը սպեկուլյատիվ մեթոդներով չգնան և չվաճառվեն, այլ տրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին:  Մեր անտառները մրգային անտառներ են, ունենք խոտաբույսեր, դեղաբույսեր: Մեր բոլոր վերամշակող գործարաններն օգտագործում են նաև անտառի բերքը: Անտառի հնարավորությունները շատ ավելի մեծ են, և մենք հատուկ ծրագրերով մեր ժողովրդին պետք է հետաքրքրենք, որ անտառի մրգերը, բնամթերքն օգտագործեն փայտի փոխարեն: Այն փոփոխությունն ինչ-որ եղավ այս տարի անտառօգտագործման տեսանկյունից, պետք է հասկանալ, որ փայտն այլևս կոմերցիայի, ապրելու ռեսուրս չէ, մարդիկ իրենց գործունեությունը պետք է տեղափոխեն հատապտուղների, ուտելի կանաչեղենի վրա:

-  Փաշինյանը հայտարարում էր, որ Իջևանում բոլորն իր ծանոթներն ու բարեկամներ են: Ինչպե՞ս ստացվեց, որ նրանք դեմ դուրս եկան վարչապետի որոշմանը:

-    Իջևանի բնակչության գերակշիռ մեծամասնությունը դեմ է ապօրինի ծառահատումներին: Դրանք մի քանի տասնյակ մարդիկ են, իրենց հետևում են կանգնած մի քանի հարյուր հոգի, որոնք թյուրիմացությամբ ազդեցության տակ ընկած հավաքվել էին փողոցում: Ընդհանրապես Տավուշի մարզի բնակչության գերակշռող մասը դեմ է եղել ապօրինի ծառահատումներին և դրանից չի օգտվել երբևէ:

-  Իսկ ընթացիկ տարում որքա՞ն ներդրումներ են եղել մարզում:

-  Թվով չեմ կարող ասել: Մեծ ծավալի ներդրումներ կան այսօր մարզում, այդ թվում նաև զբոսաշրջության: Գիտեք, մեր հիմնական հանգրվանը առայժմ համարվում է Դիլիջանը, բայց առաջիկա տարիներին կստեղծվեն մի քանի ուրիշ կենտրոններ, այդ թվում՝ նաև Զորականում, Կողբում, Աճարկուտում և այդ կենտրոնները լրացուցիչ տուրիստական հետաքրքրություններ կդառնան: Կկառուցվեն հյուրատներ, տարբեր տեսակի ծառայություններ կլինեն: Այո, կան ծրագրեր, որոնց այս պահին ընթացքի մեջ են, տասնյակից ավելի նման ծրագրեր կան:

-  Զբոսաշրջիկների հոսքն ինչպե՞ս է եղել: Մարզում 2 փառատոն է անցկացվել, դրանք զբոսաշրջիկներ բերե՞լ են մարզ:

-  Դեռևս չունենք վիճակագրական տվյալներ 2019 թվականի համար: Բայց ես կարծում եմ, որ այս տարի տուրիստական շրջանառությամբ մենք գերազանցել ենք անցյալ տարվա ցուցանիշին առնվազն 20 տոկոսի չափով, որովհետև ընթացիկ ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս դա փաստել: Ես հուսով եմ, որ նաև ճանապարհաշինական աշխատանքները, որը մենք այսօր իրականացնում ենք, էական ազդեցություն կունենա տուրիստների հոսքի ավելացման վրա: Եվ առաջիկա տարիներին մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք Վրաստան այցելող տուրիստներին Հայաստանյան տուր-օպերատորների հետ նաև մեր երկիր հրավիրելու և իրենց շրջագայության մի մաս մասնավորապես Տավուշում անցկացնելու համար: Առաջին անգամ Տավուշի մարզում հիմնադրում ենք մրգօղու ամենամյա փառատոնը, որը պետք է դառնա մեր տարածաշրջանի հիմնական փառատոններից մեկը և համոզված եմ, որ ապագա տարիներին  մեծ ոգևորությամբ և կազմակերպվածությամբ նշվելու է այս տոնը: Պատահական չէ, որ այն անց է կացվում Տավուշում՝ Կողբում, որովհետև մրգի օղիների արտադրությունը հազարամյակից ավել պատմություն ունի և ավանդաբար փոխանցվել է սերունդներին: Մարդիկ արդեն իրենց սեփական օղիներն են պատրաստում, մեր կլիմայական պայմանները, մեր մրգի համն ու հոտը պարտադրում է, որ այստեղ մրգօղու արտադրությունը զարգացած լինի և մեր բարիքներիով կիսվենք նաև աշխարհի հետ: Սա նաև հնարավորություն է տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման համար: 

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   5625 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ