Այս օրերին հակաիշխանական քարոզչությունը հասել է աննկարագրելի մասշտաբների: Քննադատում և պախարակում են 24/7 ռեժիմով՝ առանձնապես ընտրություն չկատարելով միջոցների ու հռետորաբանության միջև:
Մեղադրում են զենքի վաճառքից մինչև դիմակի մենաշնորհ ունենալը, «բացահայտում» ադամանդների մաքսանենգությունը ու բանակի ելակի մեջ փայ մտնելը: Հանրությանը ներկայացնում են, որ գործող իշխանությունը վերջնականապես ձախողել է Ռուսաստանի հետ հարաբերությունները, բայց չգիտես ինչու բոլոր մաքսանենգ գործարքները իրականացնում է հենց այդ երկրում:
Երկու տարի առաջ որոշ գործիչներ կարծիքներ էին հնչեցնում, որ հանրապետականից որակյալ ընդդիմություն կստացվի: Իրենց տեսակետի հիմնավորման համար նրանք նաև բերում էին այն փաստարկը, որ հանրապետականը առանց արյուն թափելու, սահմանադրության պահանջներին համապատասխան հանձնեց իշխանությունը:
Արդեն երեք ամիս է, ինչ համավարակը Հայաստանում է, և արդեն երեք ամիս է, որ նախկինները անգամ վերջին կասկածողին հանրամատչելի բացատրում են՝ իրենք հակապետական տարր են և ունեն մեկ մտահոգություն՝ վերադառնալ իշխանության, որպեսզի պահեն ու բազմացնեն իրենց հարստությունը:
Անցած երեք ամիսները առավել քան ակնառու դարձրեցին հանրապետականի թշվառությունը, անկարողությունը վեր դասել սեփական շահերը հանուն պետականության և անտարբերությունը մարդկային կյանքի նկատմամբ:
Ցանկացած ընդդիմության գործառույթն է քննադատել իշխանությանը և վեր հանել նրա սխալները: Բայց դժվար է ընդդիմություն որակել մի ուժի, որը պայքարում է դիմակներ կրելու դեմ՝ փորձելով դրանով ավելի վատթարացնել իրավիճակը: Նրանք համոզված են՝ որքան վատ, այնքան լավ իրենց համար: Որքան շատ վարակված և մահացած, այնքան քիչ ուշադրություն իրենց հանցագործությունների նկատմամբ: Որքան շատ վարակված ու մահացած, այնքան ավելի նպատակասլաց մանիպուլյացիաներ ու ապատեղեկատվություն:
Տեսնելով այս օրերին հանրապետականների և նրանց սատելիտների վարքագիծը՝ կարելի է միայն պատկերացնել նրանց գործողությունները, եթե հեղափոխությունը տեղի ունեցած լիներ 2016 թվականի ապրիլյան պատերազմից առաջ:
Առանց վարանելու կարելի է պնդել՝ առաջիկա օրերին այդ հիստերիան ավելի է ուժգնանալու: Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելը նոր հորիզոններ ու ներշնչանքի աղբյուրներ է բացելու նրանց համար: Հանրությունը պետք է պատրաստ լինի հակապետական այդ տարրերի աննախադեպ գրոհներին:
Արիս Վաղարշակյան