...

Առայժմ առաքելությունն իրականացված չէ

Առայժմ առաքելությունն իրականացված չէ

Այսօր լրանում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու երկու տարին: Արդյոք արդարացա՞ն հասարակության հույսերը: Միանգամից պետք է նշել՝ անկախ ներկա կառավարության ձեռքբերումներից ու ձախողումներից, անկախ գործող կառավարության հետագա ճակատագրից, 2018 թվականի հեղափոխությունը մեծագույն ձեռքբերում էր, քանզի նախորդ ռեժիմի հեռացումը անհրաժեշտություն էր, որ պետք էր կյանքի կոչել օր առաջ:

Մի բան է ուղնուծուծով հանցագործներին վստահել երկրի ղեկը, մեկ այլ բան երբեմն սխալվող, հաճախ վրիպող, տեղ-տեղ անհետևողական իշխանությանը վստահել երկրի ճակատագիրը:

Ուստի 2018 թվականի հեղափոխությունը մեծագույն ձեռքբերում էր, որի սաղմերը դրվեցին դեռ 2008 թվականին: Եվ առնվազն զավեշտալի են հայոց նորագույն պատմությունը 2018-ից թվագրելու գործող իշխանության փորձերը:

Իհարկե, հասարակության մի մասի հույսերը չեն արդարացել, և հիասթափվածների քանակը շատ ավելին է, քան   վերջերս թվարկեց Նիկոլ Փաշինյանը: Բայց այստեղ առաջնահերթ մեղքի բաժին ունի իշխանությունը, որովհետև չափազանց մեծ խոստումներ տվեց և ճոխ գույներով ներկայացրեց մոտ ապագան:

Կորոնավիրուսի հետագա հաղթարշավը և սոցիալ-տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը էլ ավելի կնպաստեն հիասթափվածների շարքերի համալրմանը:

Եվ այստեղ է, որ իշխանությունը ամենամեծ վրիպումն է արել և, ըստ ամենայնի, դեռ ամբողջովին չի ընկալել դրա   կարևորությունը: Երկու տարվա ընթացքում Հայաստանում դեռ չեն իրականացվել քաղաքական և իրավական   այնպիսի բարեփոխումներ, որ այլևս երբեք չլինի վերադարձ անցյալին: Իշխանությունը չի վերացրել այն վտանգը, որ նախկինները կարող են հասնել ռևանշի: Մինչդեռ պետք է արված լինեին անհրաժեշտ բոլոր քայլերը, որ այդպիսի վտանգ չլիներ, իսկ գործող կառավարությունը հեռանար միայն ընտրությունների արդյունքում՝ տեղը զիջելով ավելի առաջադեմ և բարեփոխումների պատրաստ թիմի:

Դատավարությունների և քրեական գործերի անհասկանալի հետաձգումները, դատական և իրավապահ   համակարգը չզատելու, ինչ-որ անհասկանալի շանսեր տալու իրողությունը դամոկլյան սուր է, որ կախված է երկու տարի առաջ ձեռք բերված հաջողությունների վրա:

Գործող իշխանությունը դեռ վստահության պաշար ունի, բայց ավելի քիչ ժամանակ ունի իրավիճակը շտկելու և    նախկին հոռի բարքերը և անմխիթար վիճակը անվերադարձ դարձնելու համար:

Այս իշխանության պատմական առաքելությունը պետք է լինի ոչ թե վիճակագրական ինչ-որ ցուցանիշներ շտկելը, այլ հենց քաղաքական լրջագույն բարեփոխումներ իրականացնելը: Ցավոք, մինչ այս պահը ակնհայտ է՝ գործող իշխանությունը տրամադրված չէ կապիտալ վերանորոգման, այլ ցանկանում է ամփոփվել կոսմետիկ փոփոխություններով:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ