...

Արծվիկ Մինասյանը Ռ. Քոչարյանին մեղադրեց տգիտության մեջ

Արծվիկ Մինասյանը Ռ. Քոչարյանին մեղադրեց տգիտության մեջ

ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ենթադրում է պետական ինստիտուտներ հանդիսացող նախագահի, կառավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի նկատմամբ բռնություն կամ բռնության սպառնալիքի գործադրմամբ նրանց որոշակի գործողություններ կամ անգործություն պարտադրելը:

«Հանրային ճնշումը ներկայացնել որպես 300.1 հոդվածով ամրագրված իրավախախտում, առնվազն իրավական տգիտություն է»:

«ՉԻ». Երկու բան այս աշխարհում սահման չունի. տիեզերքն ու դաշնակների ցինիզմը: 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունները, որոնց մաս էր կազմում նաև Դաշնակցությունը, զորք ու բանդաներ ուղարկեց ժողովրդի դեմ, կրակեց նրա վրա, 10 հոգու սպանեց: Եվ դա հիմնավորեց նրանով, որ ընդդիմությունը սպառնում էր պետական ինստիտուտներին, երկրի անվտանգությանը, բռնության կոչեր էր անում: Նույն այս Արծվիկ Մինասյանն ու իր պատմաբան եղբայրն էլ են դա պնդել: Այն դեպքում, երբ 2008 թվականին ընդդիմությունը բացառապես խաղաղ հանրահավաքներ էր անցկացնում, ոչ մի անգամ ընդդիմության ղեկավարները հարթակից չեն հայհոյել կամ սպառնացել իշխանություններին: 

Իսկ հիմա ընդդիմությունը, որոնց թվում է նաև այս նույն Արծվիկ Մինասյանը, ամեն օր իշխանություններին, նրա ղեկավարներին ծեծելու, սպանելու, ոչնչացնելու կոչեր է անում: Հայհոյանքների մասին ընդհանրապես չենք խոսում: 

Ամենաթարմ օրինակը՝ նախկին դաշնակցական Գառնիկ Իսագուլյանի դեպքն է. մարդն իր հեղինակային հաղորդման վերնագիրը դրել է. «Նիկոլին գնդակահարողին պետք է տալ Ազգային հերոսի կոչում կամ մեկ միլիոն դոլար պարգևավճար»: Սա ի՞նչ է, հանրային ճնշո՞ւմ է, թե՞ ծանր հանցագործություն կատարելու կոչ: 

Գառնիկ Իսագուլյանի օրինակը աչքի առաջ ունենալով՝ Արծվիկ Մինասյանը հայտարարում է, թե սա պետական ինստիտուտներ հանդիսացող նախագահի, կառավարության, ԱԺ-ի եւ ՍԴ-ի նկատմամբ բռնության սպառնալիք չէ: Մի հատ էլ տգիտությունից է խոսում:

Հ.Գ. Իմիջիայլոց, եթե Արծվիկ Մինասյանը համարում է, որ «Հանրային ճնշումը որպես 300.1 հոդվածով ամրագրված իրավախախտում ներկայացնելն առնվազն իրավական տգիտություն է», դրանով նա իրավական տգիտության մեջ է մեղադրում իր շեֆին՝ Ռոբերտ Քոչարյանին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1402 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ