«Իրավապահ համակարգը շոկի մեջ է, քանի որ հասարակության այսչափ բևեռացում, քաղաքական ընդդիմախոսների այսչափ հետապնդումներ (մենակ չասեք նախկինում սպանում էին, հիմա` չէ) պետական ինստիտուտների արժեզրկում, նիհիլիզմ, արժեբանական անկում ԵՐԲԵՎԷ չի եղել, քանզի երբևէ նման պոպուլիստ, ապաշնորհ ու հիստերիկ իշխանություն չի եղել»:
Տողերը վերցված են Արփինե Հովհաննիսյանի՝ ուժային կառույցներում բոյկոտ կազմակերպելուն նվիրված հերթական տրակտատից:
«ՉԻ». Սերժ Սարգսյանի տեղական արտադրության Մաքիավելլին հերթական անգամ ցինիզմի նոր նշաձող սահմանեց: Հերթական անգամ ապացուցեց, որ այս ոլորտում ինքն անգերազանցելի է, և աշոտյաններն ու շարմազանովները նրան մրցակից չեն:
Այն, որ մարդկային կյանքն առանձնապես արժեք չէ Արփինե Հովհաննիսյանի համար, նա ապացուցել է դեռ տարիներ առաջ: Հաց բերողի՝ իշխանության կողմից սպանվելուց հետո, այդ պնդումը կասկած չի հարուցել: Բայց ցինիզմի նոր նշաձող է հրապարակային այդ մասին խոստովանելը: Ի՞նչ է նշանակում՝ մենակ չասեք նախկինում սպանում էին, հիմա` չէ: Եթե Հովհաննիսյանը գեթ մեկ նման փաստ ունենար, հաստատ կնշեր: Չունի, դրա համար էլ քաղաքական ընդդիմախոսներին սպանելը համարում է ոչ էական հանգամանք: Նրա համար կա մեկ կարևոր հանգամանք. ինքն այլևս նախարար ու պատգամավոր չէ, մնացած հանգամանքները և իրողությունները երկրորդական են:
Երևի պետական ինստիտուտների արժեզրկում չէր, որ իր արդարադատության նախարար աշխատած ժամանակ ոստիկանությունը և հանցավոր բանդաները ուս ուսի տված իրար հետ «հերոսաբար» 17-ամյա երիտասարդին զրկում էին աչքից, իսկ ինքը ձկան պես լուռ էր:
Պետական ինստիտուտների նիհիլիզմ չէր, երբ ինքը արդարադատության նախարար էր ու փաստերով ապացուցվեց, թե ինչպես են դպրոցների տնօրեններին ներքաշել ընտրակեղծարարության տոտալ գործընթացի մեջ:
Նիկոլ Փաշինյանի կողմից չափազանց շատ նախընտրած աննախադեպը միայն մեկ բնագավառում է: Հայաստանում երբեք այսքան աննախադեպ ցինիկ, մանիպուլյատոր, պետության անվտանգությունը սեփական շահերին ստորադասող և ընդհանրապես ցանկացած հանցագործության պատրաստ ընդդիմություն չի եղել: Արփինե Հովհաննիսյանն այդ ընդդիմությունում ունի իր պատվավոր տեղը: