Արփինե Հովհաննիսյանը գիրք է գրել և այն վերնագրել «Մեդիա իրավունք»:
«ՉԻ». Տարիներ առաջ հանրապետականները անպայման ատենախոսություն գրելու և գիտնական կոչվելու իդեա ֆիքս ունեին: Հիմա այդ արտոնությունից զրկվել են, դրա համար գիրք են գրում:
Արփինե Հովհաննիսյանը խելացի կին է, կարող է գիրք գրել, բայց ինչու հենց «Մեդիա իրավունք»:
Երևի չի մոռացել, որ հենց ինքն էր այն Ընտրական օրենսգրքի խայտառակ փոփոխության հեղինակը, որով ցանկանում էին ամրագրել՝ ընտրատեղամասում 8 լրագրողից ավել միաժամանակ գտնվել չէր կարող:
Երևի չի մոռացել, որ արդարադատության նախարար էր, երբ Սարի Թաղում լրագրողներին ծեծում էին, վերցնում նրանց աշխատանքային գործիքները, ջնջում նրանց արած կադրերը: Ինքը լուռ էր, երևի արդեն ապագա գրքի մասին էր մտմտում:
Ինքը արդարադատության նախարար էր, երբ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին ոստիկաններն արգելում էին լրագրողներին նկարահանել ընտրակաշառք բաժանելու փաստերը:
Ինքը ԱԺ փոխխոսնակ էր, երբ 2018 թվականի ապրիլին, իշխանական հրոսակները և ոստիկանները ծեծում էին լրագրողներին: Երևի զբաղված էր, գիրք էր գրում:
Այնպես որ, լավ է անում՝ գիրք է գրում, բայց ոչ մեդիա իրավունքի մասին: Շատ ավելի հետաքրքիր կլիներ, եթե վերնագիրը լիներ «Ինչպես պաշտպանել օլիգարխիայի շահերը»: Այդ դեպքում կարող էր անգամ բեսթսելլեր դառնալ: