...

Արտահերթ ընտրություննե՞ր. գուցե

Արտահերթ ընտրություննե՞ր. գուցե

Ն. Փաշինյանը վերջապես խոսեց արտահերթ ընտրությունների մասին: Իհարկե, ֆեյսբուքյան գրառումն ունի յուրօրինակ ոճ և հնչերանգ: Դուք այստեղ չեք գտնի զղջման, ապաշխարանքի նշույլ իսկ: Ճիշտ հակառակն է:

Հայաստանը կործանարար պատերազմի մեջ գցած անձը, ամենայն հավանականությամբ, վստահ է, որ դարձյալ ստանալու է ընտրողների քվեն, որովհետև ընդդիմության հետպատերազմյան ցույցերը որևէ արդյունք չեն տվել, ժողովուրդը 16 կամ 17 ուժերին չի ընդունում: 

Հետաքրքիր է նաև այն, որ նշվում է ժամկետ՝ 2021 թվականը: Հասկանու՞մ եք, մի ամբողջ տարի: Իսկ Հայաստանը քիչ ժամանակ ունի, եթե ընդհանրապես ունի: Ուրեմն հասարակությունն ամեն ինչ պետք է անի՝ այս կարևոր քայլն արագացնելու համար: 

Այնուամենայնիվ, ընտրությունները գրեթե անխուսափելի են, և պետք է կողմնորոշվել, թե ում ենք վստահելու երկրի կառավարումը: (Ինչո՞ւ գրեթե: Որովհետև իմքայլականների իշխանության 2,5 տարիներն ապացուցել են ցանկացած կարևոր հարց ձգձգելու, դրա լուծումից քարոզչական զանազան հնարքներով խուսափելու նրանց «շնորհքը»: Արտահերթ ընտրություններ չանցկացնելու պատրվակ կարող է դառնալ, ասենք, կորոնավիրուսի  6-րդ ալիքը՝ լավագույն դեպքում, վատագույն դեպքում կարող են սկսվել զինված բախումներ ՀՀ սահմաններում):

Մինչ օրս հայաստանյան ընտրությունների արդյունքը, այսինքն՝ ժողովրդի կողմնորոշումը, կախված է եղել հիմնականում 2 գործոնից.

1. փողից, այսինքն՝ ընտրակաշառքից.
2.  առաջնորդին անվերապահ հավատալուց և նախկինների նկատմամբ ատելությունից:

Բնավ հակված չենք անձերի դերը նվազեցնելուն, բայց կույր հավատը, ինչպես արդեն համոզվեցինք, կարող է նոր փորձանքների պատճառ դառնալ: Ընտրակաշառքի հետևանքների մասին արդեն այնքան է ասվել ու գրվել, որ առայժմ դրա մասին խոսելու կարիք չկա:

Ուրեմն ինչպե՞ս պետք է կողմնորոշվի ընտրողը, որին, ի դեպ, վերջերս բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացնում հատկապես նրանք, ովքեր իրենց էլիտա են համարում: Չենք կարող չնշել, որ սրանք նույնպես ապաշխարանքի որևէ փորձ չեն անում: 

Փորձենք մեր ընթերցողներին առաջարկել մի պարզ ձև: Ձևակերպենք ընտրվելու հայտ ներկայացնող ուժերին տրվող հարցեր.

1. Դուք պատերա՞զմ, թե՞ խաղաղություն եք բերելու Հայաստանին.
2. Ի՞նչ դեր է կատարելու մեր երկիրը տարածաշրջանում.
3. Ովքե՞ր են ձեր թիմի անդամները՝ երկրի ապագա կառավարիչները.
4. Ինչպիսի՞ն պետք է լինի մեր գիտության և կրթության մակարդակը.
5. Ինչպիսի՞ բանակ ենք մենք ունենալու: 

Իսկ ամենակարևոր հարցը հետևյալն է. ի՞նչ միջոցներով, ինչպե՞ս եք կատարելու ձեր խոստումները: 

Տալիս եք հարցը և պահանջում մանրամասն, հիմնավորված և հստակ պատասխան, ոչ թե այս կամ այն երկրի քույր կուսակցություններից թխած երկարաշունչ, անընթեռնելի ծրագրեր:

Զարուհի Գաբրիելյան

Հ.Գ. 1. Տեսլական բառը լսելիս լա՛վ մտածեք: Ըստ հայերենի բացատրական բառարանների՝ այն նշանակում է երևակայական, ոչ իրական, տեսիլք: Կասեք՝ իմաստափոխվել է: Պատասխանեմ՝ հիմքում, միևնույն է, տեսիլքն է, անիրականը: Չխաբվեք անիրական խոստումներին, դրանք չափազանց ծանր գին ունեցան մեզ համար:

Հ.Գ. 2. Մի՛ հավատացեք ձեզ անդադար սեր խոստացողին, չի սիրելու: Թանկ զգացմունքների մասին ամեն լայվում չեն խոսում... 

«Չորրորդ իշխանություն», թիվ 41, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   998 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ