Տիեզերական օրենքի պարտադրանքով իր լիազորություններն է ստանձնել տարվա հերթական եղանակը՝ աշունը։ Աշունը ոչ միայն ցանածը հնձելու՝ բերքահավաքի, կատարած աշխատանքի արդյունքներն ամփոփելու, առատության և այլ պոզիտիվ հասկացությունների հետ է ասոցացվում, այլև՝ նեգատիվ։
Մասնավորապես սրացումների, հատկապես քրոնիկ հիվանդությունների գծով։ Հայաստանյան քաղաքական դաշտում նույնպես աշուն է, և արդեն իսկ նկատելի են այդ դաշտին հատուկ քրոնիկ հիվանդության սրացման բոլոր նախանշանները։ Այդ հիվանդության անունը «քաղաքական թեժ սեզոն» է, որի հիմնական ախտանշանները իշխանությանն ուղղված սպառնալիքներն են՝ «հրաժարական տվեք, քանի ուշ չէ» կոչերի ու հորդորների տեսքով։ «Ուշ չէ» ասվածը, որպես կանոն, մինչև ձմեռ ընկած ժամանակահատվածն է։ Իսկ երբ գալիս է ձմեռը, քրոնիկ հիվանդությունը այլ փուլ է մտնում, և այդ ժամանակ հնչում են «իշխանությունը ձմեռը չի հանի» կամ՝ մինչև «գարուն չի ձգի» ոճի կանխատեսումներ ու վերլուծություններ։ Ահա այսպես՝ մինչև եղանակային հաջորդ ցիկլն ու, ինչպես հայտնի երգում է՝ «և վաղն ամեն ինչ կսկսվի նորից»։
Քաղաքական դաշտի այն հատվածը, որը պայմանականորեն ընդդիմություն է կոչվում, դատելով մամուլի հրապարակումներից ու տարատեսակ հաղորդագրություններից, կոնսոլիդացվում է ու «սպառնում» է հանրահավաքային պայքարի անցնել՝ քամուն տալով իշխանության բմբուլները։ Նման «գրանդիոզ» պլանի մասին առայժմ ազդարարել է ԲՀԿ-ն, որի օրինակին առաջիկայում գուցե հետևեն նաև մյուսները․ ասենք՝ Քոչարյանն իր աջարակիցների գվարդիայով, ՀՀԿ-ն իր նորաթուխ անդամագիրներով, Վանեցյանի «Հայրենիք»-ն իր ֆեյքերով, ՀՅԴ-ն՝ իր 130-ամյակի կապակցությամբ համաներված բոլոր «հընգերներով» և այլք։ Այս բոլորը, միով-բանիվ, իրենց քաղաքական պորտալարով ու հնարավոր բոլոր լարերով կապված են Քոչարյանի հետ, որքան էլ դրանցից ոմանք երդում են ուտում, թե կապ չունեն գլխավոր ամբաստանյալի հետ և «համապատասխան ու ինքստինքյան» ինքնուրույն են։ Ոմանք էլ սկզբից հավաստիացնում էին, թե վերադարձ անցյալին չի լինելու, սակայն կեսից հասկացան, որ քաղաքական գործունեությունը լրջություն է պահանջում ու չբացառեցին առաջիկայում կոնսուլտացիաներ ունենալ թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի հետ և թե՛ Լևոն Տեր-Պետրոսանի հետ։ Բոլորին էլ պարզ է, որ վերջին անուն-ազգանունը հիշատակվեց մեկ նպատակով՝ ցրելու կասկածները, որ խորն ու համապարփակ կապով կապված է առաջին երկուսի հետ։
Հանրահավաք բառից ալերգիա ունեն
Նկատենք, որ երբ ամիսներ առաջ՝ մինչև կորոնավիրուսի հետևանով մտցված սահմանափակումները, մեկնարկեց ՍԴ-ի հարցով հանրաքվեի քարոզարշավը, «ոչ»-ի ճամբարում ներգրավված ռոբասերժական ընդդիմությունը խուսափեց մարդամեջ դուրս գալուց, տետ ա տետ քարոզչություն իրականացնելուց՝ վստահաբար երեսատեղի բացակայության հետևանքով։ Իսկ ահա քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրած Քոչարյանը օրգանապես տանել չի կարողանում հանրահավաք հասկացությունը, քանի որ այն նեգատիվ ասոցիացիաներ է հարուցում նրա գերնրբազգաց ներաշխարհում։ Հանրահավաք ասվածը նրա և նրա հաջորդի՝ իշխանություն եղած տարիներին, ընկալվում էր որպես պատուհաս, իրենց լինելիությանն ուղղված պոտենցիալ սպառնալիք, որից ռեժիմը սարսափում էր ու ամեն կերպ ճնշում։ Աչքի անցկացնենք նախորդ 20 տարիների տարեգրությունն ու կտեսնենք, թե հանրահավաք լռեցնելու, ճնշելու, արյան մեջ խեղդելու ինչպիսի հարուստ պրակտիկա ունի նախկին ռեժիմը, որը, փաստորեն, այժմ ընդդիմության կարգավիճակում փորձելու է բանեցնել այն նույն գործիքը, որից ինքը մի ժամանակ նողկում էր ու ընկնավորվում։
Նույն Քոչարյանը հեղափոխությունից հետո ընդամենը մեկ անգամ երևանյան հյուրանոցներից մեկում ասուլիս հրավիրեց, սակայն այն, ինչպես հիշում ենք, տապալվեց մի խումբ ակտիվիստների կողմից։ Հասկանալով, որ մարդամեջ դուրս գալու հաջորդ փորձերը նույնպես ապահովագրված չեն խայտառակությունից, Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալը գերադասում է «հով ու ապահով» ֆորմատով շփումը՝ մի քանի հավատարիմ, իր ամեն խոսքից հետո գլուխ տմբտմբացնող լրագրող է հրավիրում իր մոտ ու․․․ ասում, խոսում, ուրախանում են։ (Ազատության մեջ գտնվելու վերջին շուրջ մեկուկես ամսվա ընթացքում նա երկու անգամ հարցազրույց է տվել. մի անգամ՝ մինչև հանրահավաքային սահմանափակման վերացումը, երկրորդ անգամ՝ դրանից հետո)։ Նույնը Սերժ Սարգսյանն է անում։ Նա ևս որոշել է իրեն մերժածների առաջ ժամանակ առ ժամանակ արդարանալ ոչ թե դեմ առ դեմ դուրս գալով, ասենք՝ Երևանի կամ որևէ այլ համայնքի հրապարակներից մեկում հանրահավաք հրավիրելով, այլ իր համար ամենաապահով վայրերից մեկում՝ Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքարում» ասուլիս հրավիրելով։
Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա նա իրեն առաջադրված մեղադրանքից հետո ՝մինչև իր նկատմամբ խափանման միջոցի կիրառումը, խախտելով «կառանտիայի» սահմանափակումները, կարողացավ հավատարմության մասսայական ցուցադրություններ կազմակերպել իր առանձնատան ու դատարանի բակում, որոնց մասնակցում էին հարազատ կուսակիցներն ու «Առինջ մոլ»-ի աշխատակիցները։
Օրակարգը ճշտեք
Դատելով մամուլի հրապարակումներից, ընդդիմությունը՝ վերոհիշյալ կոնֆիգուրացիայով, այս ընթացքում զբաղված է կազմակերպչական հարցերով՝ ո՞վ, ո՞ւմ հետ, ո՞նց, որտե՞ղ ու ինչպե՞ս պետք է քամուն տա իշխանության բմբուլները։ Բայց կազմակերպչական խնդիրներից զատ՝ կարևոր է նաև այն օրակարգը, որն ընդդիմությունը պետք է դնի հանրահավաքների առանցքում․ «հանո՞ւն» է այդ օրակարգը, թե՞ «ընդդեմ», կե՞ղծ է, թե՞ ռեալ։ Հանուն ինչի՞ է՝ պետության, ազգային շահի՞, թե՞ նեղանձնական շահերի սպասարկման, այսինքն՝ ռևանշի շանսերը մեծացնելու։ Եթե ընդդեմ է, ապա ինչի՞ն՝ պետական ազգային շահին ուղղված սպառնալիքի՞ն, թե՞ ծայրաստիճան էգոիստական է, որը մեկ խնդիր պետք է լուծի՝ հեռացնել Փաշինյան վարչապետին։
Արդեն իսկ կարելի է ենթադրել, թե որոնք են այն թեմաները, որոնց շուրջ էլ ընդդիմությունը լացելու է իր դարդը՝ պարգևավճարներ, «ազգային, ավանդական արժեքների խեղում», «այլասերվածության քարոզ»՝ Ստամբուլյան և Լանցարոտեի կոնվենցիաների վավերացման տեսքով, կորոնավիրուսի հետևանքով արձանագրված իրավիճակ՝ մահեր, տուգանքներ, կրթության չափորոշիչներ և այլն։ Այսինքն՝ սոցիալական կրքերի բորբոքման վրա կառուցված ու հանրային կարծիքը մանիպուլյացիայի ենթարկող օրակարգ, որի մասին ընդդիմությունը որոշակի պաուզաներով, աղաղակել է անցած երկուսուկես տարիների ընթացքում։
Գլխաքանակը՝ որակի չափանի՞շ
Որպես հանրահավաքի «որակի չափանիշ» մեզանում ընդունված է դիտարկել դրա բազմամարդությունը, սակայն բազմամարդությունից զատ կարևոր է հանրահավաքի առաջնային՝ քարոզչական էֆեկտը։ Ուստի, միայն մարդաքանակը բավարար հանգամանք չէ, որպեսզի արվի եզրակացություն՝ հանրահավաքն արդյոք ծառայե՞ց իր նպատակին, արդյոք կարողացա՞վ տեղ հասցնել իր քարոզչական թեզերը, կարողացա՞վ համոզիչ լինել ու վարակել նորանոր հասարակական զանգվածների, որոնք հաջորդ հանրահավաքի պոտենցիալ մասնակիցները պետք է լինեն։ Նախկին ռեժիմը, ինչպես գիտենք, կարողանում էր մասնավորապես նախընտրական քարոզարշավների ժամանակ «պլանով» նախատեսված մարդաքանակ ապահովել՝ դասապրոցեսից կտրելով ու միջոցառման բերելով ուսուցիչներին ու դպրոցականներին, պետական ու մասնավոր հիմնարկների աշխատակիցներին ու այլոց։ Մարդաքանակ ապահովելու հարցում ոչ մի պրոբլեմ չի ունեցել և չունի նաև ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը։ Ինչպես ասում են՝ մի հատ «ճը՛տ» ու նրան պատկանող գործարանների ու անթիվ-անհամար օբյեկտների աշխատակիցները իրենց ներկայությունը կապահովեն ցանկացած հանրային միջոցառման։ Այնպես որ՝ թվացյալ բազմամարդությունը դեռ բազմամարդ հանրահավաքի մասին վկայություն չէ, և այդ հանգամանքը պետք է նկատի ունենալ առաջիկա հավաքների մասին գնահատականներ հնչեցնելիս։
Հեղինե Մանուկյան
«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020