...

Աշխատավարձերը գաղտնի բարձրացվել են առաքելության և թափանցիկության շրջանակներում

Աշխատավարձերը գաղտնի բարձրացվել են առաքելության և թափանցիկության շրջանակներում

Երեկվանից հանրությունը քննարկում է նախարարների և փոխնախարարների աշխատավարձը գաղտնի բարձրացնելու մասին լուրը: Ընդամենը մի քանի տասնյակ մարդու աշխատավարձի բարձրացումն ունի մի քանի շերտեր: Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին:

Առաջին. Ինչո՞ւ գաղտնի: Ամենայն հավանականությամբ դրա պատճառ է հանդիսացել անցած տարի պարգևավճարների շուրջ բարձրացրած աղմուկը և քննադատությունը: Բայց հենց այդ դասը պետք է հուշեր, որ չի կարելի նման բանն անել գաղտնի: Դա լրացուցիչ ընդվզում և հարցեր է առաջացնելու: Լեգիտիմ իշխանությունը չպետք է վախենա երկխոսել իր քաղաքացիների հետ: Չպետք է խուսափի կիսվել իր խնդիրների մասին: Քաղաքացու հետ զրուցել սիրող վարչապետը կարող էր մի լայվ էլ նվիրել այդ թեմային և ներկայացնել իր փաստարկները, թե ինչու է անհրաժեշտ ավելացնել նախարարների աշխատավարձը:

Երկրորդ. Փաշինյանն իշխանության գալուց հետո պատեհ-անպատեհ կրկնում է, որ իրենք եկել են առաքելություն իրականացնելու և լինելու են թափանցիկ: Այս բացահայտումից հետո թերևս հրաժարվեն թափանցիկության մասին անգամ կես բերան ակնարկելուց: Մի տեսակ թիթիզ կհնչի անգամ իրենց դեպքում: Առաքելություն, այսինքն՝ վսեմ գործ անելիս մի տեսակ հարիր չէ վերջում խաբել պատվիրատուին և պայմանագրից մի քանի անգամ ավել հաշիվ ներկայացնել: Այնպես որ՝ «առաքելությունը» նույնպես ճիշտ կանեն հանեն շրջանառությունից: Օրինակ, դրա փոխարեն կարող են օգտագործել տենդեր հասկացությունը: Ավելի համահունչ կլինի իրողություններին՝ շահել են տենդեր, բայց հետո հասկացել են, որ այդ գործի համար ավելի շատ փող է անհրաժեշտ:

Երրորդ. Կառավարությունը և նախարարները մի ամբողջական օրգանիզմ են: Նախարարությունների աշխատանքի արդյունավետությունը կախված չէ միայն նախարարից և փոխնախարարներից: Այս գաղտնի որոշումի հրապարակային դառնալուց հետո լուրջ անջրպետ է առաջանալու ղեկավար կազմի և մնացած հազարավոր չինովնիկների միջև: Մի բան է՝ չկա ոչ մեկիս համար, մի այլ բան՝ կա միայն մեզ համար, իսկ դուք դիմացեք:

Չորրորդ. Ավելի ազնիվ կլիներ նախարարների աշխատավարձերի բարձրացումը ներկայացնել 100 ձեռքբերումների մեջ, ինչպես մանկավարժների և թոշակառուների 10 տոկոս բարձրացումը ներկայացվեց: Իսկ եթե, այնուամենայնիվ, վարչապետը չէր ցանկանում անցնել գեղեցիկ հարյուր թվի սահմանագիծը, կարող էր հանել Տավուշի մարզ իր այցելության մասին հիշատակումը:

Հ.Գ. Հասարակությունը մինչև հիմա շատ բան է ներել հեղափոխական կառավարությանը: Այդ կառավարությունը դիմակայել է արտաքին և ներքին մարտահրավերներին՝ հենվելով հասարակության վստահության վրա, որ կարող են սխալվել, բայց ոչ խաբել: Իշխանությունը լուրջ քայլ կատարեց զրկվելու այդ անփոխարինելի ռեսուրսից:

Արիս Վաղարշակյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5931 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ