2018թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ՔՊ-ի ղեկավարները «Իմ քայլը» դաշինքի համար թեկնածուների քաստինգ անցկացրեցին: Այսինքն, գրասենյակ էին հրավիրում տարբեր ոլորտներում աչքի ընկած դեմքերի, ակտիվիստների, լրագրողների, նրանց հետ զրուցում, տարբեր հարցեր տալիս և այդ հանդիպման արդյունքներով որոշում էին. տվյալ անձը կարո՞ղ է ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում, թե՞ ոչ:
Մի մասը քաստինգի արդյունքում անցել է խորհրդարան, մի մասը, թերևս՝ ավելի մեծ, դուրս է մնացել: Իր հերթին, այդ դուրս մնացածների մի մասն էլ արդյունքում դարձել է գործող իշխանությունների ամենաթունդ քննադատողը:
Դրա ամենավառ օրինակը լրագրող և հասարակական գործիչ Նարինե Մկրտչյանն է, որը 2018-ին ՔՊ-ի քաստինգը «տապալեց»:
Օրերս տիկին Մկրտչյանը ծավալուն հոդված էր հրապարակել՝ «Հեղափոխության մակաբույծները»: Գիտե՞ք, թե ով է հեղափոխության ամենախոշոր մակաբույծը՝ ըստ Նարինե Մկրտչյանի. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը Վահե Գրիգորյանին հատուկ բերել է Եվրոպայից, որ հատուկ քաղաքական ծրագիր իրականացնի, այն է՝ Մարտի 1-ի դատաքննությունը, հետո զավթի Սահմանադրական դատարանը, հետո Ն. Մկրտչյանը հաշվել է, թե Վահե Գրիգորյանը որքան վնաս է հասցնում պետությանը՝ նիստերի չգնալով, աշխատավարձ չստանալով և այլն: Հիմալ էլ Հրայր Թովմասյանի պես հայրենասերի տակ է փորում:
Այնքան հետաքրքիր է, թե ինչ կաներ Նարինե Մկրտչյանը, եթե հանկարծ «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր դառնար: Ամենայն հավանականությամբ, Հրայր Թովմասյանին «տռաս» կհաներ: Միգուցե ստիպված, ինչպես դա հիմա անում են «Իմ քայլի» մի շարք պատգամավորներ, որոնք քաստինգի արդյունքում այնտեղ հայտնվելով, հոգով-սրտով մնացել են նույն սերժականները, հանրապետականները, կողքից լավ էլ աշխատում են իշխանությունների դեմ, ինչ-որ պահից դա կանեն անթաքույց: Նարինե Մկրտչյանը դա անթաքույց է անում, քանի որ պատգամավոր չէ:
Անդրադառնանք մեկ այլ անձի, որը նույնպես ատելությամբ է լցված Վահե Գրիգորյանի հանդեպ, և դրա հիմքում նույնպես քաստինգն է: Խոսքը սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանի մասին է: Այն անձնավորությունը, որի թեկնածությունը խորհրդարանում ներկայացվել էր՝ ՍԴ դատավորի թափուր տեղի համար, սակայն խորհրդարանը մերժեց նրա թեկնածությունը, և դրանից հետո Վահե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվեց, վերջինս ընտրվեց, մնացածը գիտեք:
Հիմա Գոռ Հովհաննիսյանը համալրել է Վահե Գրիգորյանի դեմ հակաքարոզչական արշավի ավանգարդը: Պաշտպանում է Հրայր Թովմասյանին, հանրաքվեն ապօրինի է համարում և այլն: Երեկ էլ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հերթական անգամ գրել էր, որ Վահե Գրիգորյանը նիստերի չի մասնակցում, գաղտնի գործուղումների է գնում, ու Գոռ Հովհաննիսյանը տակը գրել է. «Վաղ թե ուշ դատվելու է»:
Եվ ուրեմն՝ ի՞նչն է միավորում Նարինե Մկրտչյանին և Գոռ Հովհաննիսյանին. ատելությունն ու չիրագործված ամբիցիաները: Դա սարսափելի զգացմունք է՝ չիրագործված ամբիցիաների հողի վրա առաջացած ատելությունը: Վազգեն Մանուկյանի օրինակն այդ առումով շատ կոլորիտային է. Մինչև հիմա բոլոր հնարավոր մեթոդներով պայքարում է նրանց դեմ, ովքեր իր քաղաքական ամբիցիաների ձախողման պատճառ դարձան: Եթե պետք է, սատանայի հետ էլ կհամագործակցի, միայն թե իր համար ատելի մարդիկ պարտություն կրեն: Պարտության ձևը կապ չունի. կարող է իշխանություն կորցնել, կարող է՝ կյանքից զրկվել, միայն թե դա Վ. Մանուկյանին բավարարի: Թե Վազգեն Մանուկյանի այս ատելությունը ինչ աղետներ է բերել մեր երկրին, կարծում ենք, սա դեռ երկար պետք է ուսումնասիրվի և հանրությանը ներկայացվի:
Նարինե Մկրտչյանին մի կողմ թողնենք և հարցը ուղղենք միայն Գոռ Հովհաննիսյանին. այս մարդը սահմանադրագետ է, իրավաբան. պատմությունից քանի՞ երկիր գիտի, որի սահմանադրությունը ստեղծած, գրած մարդը խուսափի առաջնորդվել իր իսկ գրած սահմանադրության նորմերով: Թող մի օրինակ բերի: Եթե սահմանադրագետ է, ապա պիտի նաև իմանա, որ Սահմանադրությունը ոչ միայն իրավական, այլ նաև՝ քաղաքական, փիլիսոփայական և բարոյական նորմերի փաստաթուղթ է: Այսինքն, իրավունքն ու բարոյականությունը փոխկապակցված արժեքներ են:
Հիմա Հրայր Թովմասյանը գրել է. ՍԴ նախագահ ընտրվում են 6 տարով: Տարել ցույց է տվել Վենետիկին, Բուքիքյոներին, թե նայեք, մոդայի վերջին ճիչն է, այլևս ոչ մի ցմահ, հետո ինքը վերցնում և ընտրվում է ցմահ: Դա բարոյակա՞ն, թե՞ անբարոյական մարդու քայլ է: Կարո՞ղ է նման մարդը հարգել իրավունքը, իրավական նորմերը, պետության, հասարակության, անհատի շահերը, եթե բարոյական նորմերը չի հարգել: Իհարկե ոչ: Վահե Գրիգորյանն ի՞նչ կապ ունի այս ամենի հետ. ի՞նքն է գործարքի գնացել իշխանությունների հետ, ի՞նքն է ուզուրպացրել ՍԴ-ն, ի՞նքն է ցմահ ուտելու հարկատուներիս գումարները, ի՞նքն է գնում օտարերկրյա դեսպանի մոտ ու ծնկաչոք օգնություն խնդրում, իր մո՞տ է Քոչարյանի փաստաբանը թաքուն այցելում և կարգադրություններ տալիս:
Չգիտի՞ այս մասին Գոռ Հովհաննիսյանը. գիտի, բայց ատելության սինդրոմն այս դեպքում ավելի հզոր գործոն է: Այն աստիճան, որ բարոյականության նորմերի սահմաններն է տրորում: Իսկ այդ սահմաններն անցնողները ՍԴ-ում տեղ չունեն: Հենա, Հրայր Թովմասյանը այդ սահմանները տրորելով հայտնվեց ՍԴ-ում, ու դրա ծանր հետևանքները դեռ երկար են իրենց զգացնել տալու: