Իշխանությունները հիմա էլ որոշել են բանակի սպայակազմին ու պայմանագրային զինծառայողներին ատեստավորել և բարձրացնել միայն նրանց աշխատավարձը, ովքեր կանցնեն ատեստավորումը։ Սա բյուջեից աշխատավարձ ստացողներին համատարած ատեստավորելու քաղաքականության շարունակությունն է, ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի հերթական «իդեա-ֆիքսը», որովհետև վերջերս նա հաճախ է խոսում բոլոր ոլորտներում «ստանդարտների սահմանման» մասին։ Պարզ ասած՝ իշխանությունները համարում են, որ եթե բյուջեն իրենք են տնօրինում, ուրեմն իրենք էլ պիտի որոշեն, թե ո՞ւմ բարձր աշխատավարձ տան, ո՞ւմ՝ ցածր, և ո՞ւմ ընդհանրապես չտան։
Գաղափարն ընդհանուր առմամբ վատը չէ։ Ինչո՞ւ պիտի բարձրակարգ ու «ցածրակարգ» սպան, բժիշկը կամ ուսուցիչը նույնչափ վաստակեն։ Բայց մի քանի նկատառումներ այնուամենայնիվ կներկայացնենք։
Նախ՝ կոռուպցիոն ռիսկերի մասին։ Փաստորեն շարունակվում է մի գործընթաց, որի արդյունքում որոշվում է, թե կոնկրետ ում աշխատավարձերը պիտի բարձրանան, այսինքն՝ «մեջը փող կա»։ Ու այդ հարցը պիտի որոշեն իշխանությունների ձևավորած հանձնաժողովները, այսինքն՝ կոնկրետ մարդիկ։ Պատկերացրեցի՞ք, թե ինչ հնարավորություններ են բացվում, ասենք, ուժային կառույցներում ոմանց «խրախուսելու» կամ մյուսներին «պատժելու» առումով։
Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում, օրինակ, ռազմական բուհի շրջանավարտին սպայական կոչում ստանալուց երեք ամիս անց ատեստավորելը։ Եթե նա բուհն ավարտել է, բայց չի կարողացել ատեստավորվել, ուրեմն պետք է այդ բուհի ղեկավարության ականջները ոլորել ու դուրս շպրտել համակարգից, և սա, ի դեպ, վերաբերում է բոլոր բուհերին՝ մանկավարժականին, բժշկականին, և այլն։
Երրորդ։ Իսկ բոլո՞ր նախարարներն ու պատգամավորներն են պարգևավճար ստանում, թե՞ միայն նրանք, ովքեր ատեստավորվել են և ապացուցել, որ գիտեն, թե քանի օր ունի փետրվարը, սեպտեմբերը «պ»-ո՞վ է գրվում, թե՞ «կ»-ով, և այլն։ Կամ, ասենք, ինչո՞ւ կարելի է որևէ վահագհովակիմյանի նշանակել ԿԸՀ նախագահ՝ զուտ այն բանի համար, որ «նա երկար տարիներ պայքարել է ընտրակեղծիքների դեմ», իսկ որևէ սպայի աշխատավարձը չի կարելի բարձրացնել զուտ նրա համար, որ երկար տարիներ առաջնագծում պայքարել է թշնամու դեմ։ Եվ ընդհանրապես՝ բարոյական ի՞նչ իրավունքով է բանակի սպայակազմին «սորտավորում» մեկը, ով բանակում ծառայելու ընթացքում աչքի է ընկել միայն սպաներից մեկին «պիսկելով»։
Չէ, մենք, իհարկե, հասկանում ենք, որ պետության որակը բարձրացնելու համար առաջին հերթին պետք է բարձրացնել պետական կառույցների աշխատակիցների որակը, բայց համաձայնվեք՝ դա հնարավոր է անել միայն որակյալ իշխանություններ ունենալու դեպքում։ Իսկ ինչպե՞ս են ձևավորվել այս իշխանությունները, միայն «ատեստավորում անցած» որակյալ ընտրողների՞, թե՞ առավելապես «տիգրովկա» հագածների քվեներով։ Եվ ի՞նչ որակի իշխանություններ կունենայինք, եթե, օրինակ, առաջին հերթին ընտրողներն «ատեստավորվեին», և, ասենք, ընտրելու իրավունք ունենային միայն բարձրագույն կրթություն ունեցողները։
Չնայած՝ ինչ-որ տեղ արդարացի է, որ «ցածրորակ ընտրազանգվածի» քվեներով իշխանության եկածներն առաջին հերթին հենց նրանց են թիրախավորում։ Իսկապես էլ «աղքատությունը նրանց գլխներում է», եթե այդպես չլիներ՝ այլ որակի իշխանություններ և այլ որակի պետություն կունենայինք, իրենք էլ իրենց գլխներում աղքատություն չէին ունենա։
Մարկ Նշանյան