«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ «Եվրանեսթի» համաժողովում դիմելով ադրբեջանցի պատգամավորներին, հայտարարել է. «Ղարաբաղը եղել է, կա ու կլինի հայկական»:
«ՉԻ». Ցավդ տանենք: Էս ի՜նչ հայրենասեր մարդ դուրս եկավ Արթուր Ղազինյանը: Ոչ միայն ինքը: «Եվրանեսթի» համաժողովին մասնակցող մյուս իշխանական և ընդդիմադիր պատվիրակները: Էդ ո՜նց էին թռել ադրբեջանցիների դեմքին: Ինչ հզոր ելույթներ, մեկը մեկից վճռական:
Ադրբեջանցիների դեմքին գույն չկար: Իրար մեջ դողալով ասում էին. ախպեր, էս հայերն էս ի՞նչ դուխով ու համարձակ դեմքեր են: Մեզ ստեղ գալուց սխալ կամ հնացած ինֆո էին տվել: Բա որ էս վեհաժողովում են սենց քաջ, պատկերացնում ենք՝ ռազմի դաշտում սրանք ինչեր կանեն, մանավանդ, եթե Վիլսոնի վճիռներով պատերազմեն:
Հետո էլ ասում են՝ խեղճացած են մեր քաղաքական այրերը: Քիչ էր մնում քաջաբար թքեին ադրբեջանցիների վրա:
Բայց հետաքրքիր է, որ երբ Արթուր Ղազինյանը, մյուս հերոսներն այդպես բոյ էին տալիս ադրբեջանցիների դեմ, նույն այդ պահին Մոսկվայում Պուտինն ու Ալիևը դաշնակցային պայմանագիր էին կնքում: Մեծ պայմանագիր՝ գրեթե 50 կետանոց:
Քոչարյանականներից ու իշխանականներից ոչ ոք այս մասին չխոսեց. հասկանալի է, դրա ժամանակը չէր, հազիվ ձեռքները երկու ադրբեջանցի պատվիրակ էր ընկել, մի քիչ իրենց պիտի ցույց տային: Միայն ՀՀԿ-ն ռուս-ադրբեջանական այս պայմանագրի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ: Իշխանությունները հասկացանք, բա Քոչարյանն ինչի՞ մի հատ ծպտուն չհանեց: Թե՞ դեռ հույս ունի, որ գուբերնատոր նշանակելուց դա հաշվի են առնելու: