Իշխանության խմբակցության պատգամավորներից մեկը ԱԺ արձակման վերջին նիստում շատ ուշագրավ միտք արտահայտեց. իշխանությունը պետք է պահես այն մեթոդներով, որով եկել ես իշխանության:
Սա կարելի էր գնահատել իբրև հերթական ուսապարկի մտավարժանք, եթե վերջին երեք տարիներին չհամոզվեինք, որ նրանք իսկապես անկեղծ են իրենց արկածախնդրության մեջ: Իսկապես ներկայիս իշխանությունները արտաքին ու ներքին քաղաքականությունը վարեցին այնպես, կարծես թե հակառակորդը մշտապես պայմանական Օսիպյանն է:
Օրինակ՝ մտածեցին, եթե իշխանության ենք եկել ու ջրել նախկին բոլոր տուգանքները, ապա կարելի է դա անել նաև միջազգային հարաբերությունների հետ` հայտարարելով, որ բանակցային գործընթացը սկսում ենք սեփական կետից: Իրենց թվաց, թե Մինսկի խումբն էլ է ոգևորվելու դրանից ճիշտ այնպես, ինչպես ոգևորվեցին երթևեկության կանոնները օրը մի քանի անգամ խախտող տաքսիստները:
Իրենց թվաց և շարունակում է թվալ, որ եթե իշխանության ես եկել՝ օգտագործելով ֆեյսբուքը, ապա պատերազմն էլ կարող ես հաղթել նույն ֆեյսբուքի օգնությամբ, նշույլ անգամ չանհանգստանալով պատերազմող երկրի տեղեկատվական անվտանգությամբ: Չվերահսկվող, տեղեկատվական վակխանալիայի վերածված սոցիալական կայքերը չափազանց մեծ վնաս պատճառեցին հայոց բանակի մարտունակությանը: Բայց իշխանության ներկայացուցիչներն այդպես էլ գլխի չընկան՝ մտածելով, որ եթե ֆեյսբուքը օգնել է մեզ իշխանության գալու գործում, ապա ինչու չպետք է օգնի պատերազմելիս:
Դատական բարեփոխումների փոխարեն կարծեցին, որ եթե 2018 թվականի ապրիլի 22-ին չափազանց օգտավետ էր Շենգավիթի դատարանի և ոստիկանության շենքերի շրջափակումը, ապա ինչու դա չկրկնել 2019 թվականին՝ ևս մեկ անգամ կիրառելով հաջողված փորձը: Պարզապես դատավորները դուրս էին եկել շոկային իրավիճակից և այլևս չէին վախենում օդում հնչող «Դմփ-դմփ, հու»-ներից:
Իշխանության են եկել վեր պարզած ձեռքերով, տեսնես որքան հնարավոր կլինի պահել այդպես իշխանությունը, երբ դիմացը ոչ թե Օսիպյանն է, այլ Ալիևը, Էրդողանը կամ թեկուզ՝ նույն Քոչարյանը:
Իրենց թվաց, որ եթե իշխանության հասնելու գործում մեծ ոգևորություն առաջացրեց «Մարիոթ» հյուրանոցում մի քանի րոպե ուսապարկը հանելու տեսարանը, ապա կարելի է դա նույնպես կիրառել, օրինակ, Պուտինին նախագահական շենքի դիմաց ընդունելության չարժանացնելու պահով:
Իշխանությունը կարծեց, որ հավասար քարոզչական ազդեցություն է թողնելու թե՛ հեծանիվով մի անգամ աշխատանքի գնալը, թե՛ «Սու-30»-ի խցիկից սելֆի անելը: Առաջին դեպքով կոգևորվեն ՀՀ քաղաքացիները, իսկ երկրորդի պահով դեպրեսիայի մեջ կընկնեն թշնամիները:
Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ եթե խաղաղ պայմաններում ինչ-որ մեթոդներով եկել ես իշխանության, ապա դա ամենևին չի նշանակում, որ դրանք կիրառելի են նաև պատերազմի ժամանակ: Իշխանությունը չհասկացավ, որ փողոցներ շրջափակելով կարելի է հասնել կոռումպացված ռեժիմի կապիտուլյացիային, բայց Երևանում միտինգ անելով կամ Շուռնուխում մեկի տանը նկարվելով հնարավոր չէ ստիպել Ադրբեջանին հետ կանգնել իր նկրտումներից:
Երեք տարի իշխանություն ունենալով՝ թերևս պետք է հասկանային իշխանություն ու ընդդիմություն լինելու տարբերությունները: Բայց կարծես չեն հասկացել: Ավելին, տպավորությունն այնպիսին է, որ իշխանությունը կորցնելուց հետո էլ չեն կարողանալու գոնե իրենք իրենց պարզաբանել, թե ինչու կորցրին իշխանությունը:
Արիս Վաղարշակյան