Դժվար է ասել՝ այս իշխանությունը որքան երկար կղեկավարի Հայաստանը, բայց հաստատ իր ուրույն տեղը կունենա համաշխարհային քաղաքագիտության պատմության մեջ: Սա կլինի առաջին հեղափոխությունը, որը կընկնի ոչ թե օտար բանակների գրոհների, ոչ թե հակահեղափոխական ուժերի հեղաշրջման կամ այլ պատճառներով, այլ կընկնի, որովհետև չկարողացավ լուծել մի քանի դատավորի հարց:
Անցյալ տարի գրեթե նույն օրերին Քոչարյանն էլի էր դուրս եկել ԱԱԾ մեկուսարանից, բայց այն ժամանակ հնարավոր եղավ հասարակությանը համոզել, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, արագ կշտկվի վիճակը և այլն:
Հիմա, առնվազն մի 4-5 ամիս Քոչարյանը հաստատ մնալու է ազատության մեջ, մինչև Վճռաբեկ դատարանը այլ բան որոշի: Իհարկե, դրան էլ կարող է չհասնել, եթե Սահմանադրական դատարանը արդեն մի քանի օրից ընդհանրապես հակասահմանադրական ճանաչի Քրեական Օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք է ներկայացված Քոչարյանին:
Իշխանությունը առավոտից երեկո նեղացած երեխայի պես բողոքում է, որ իր դեմ մեդիապատերազմներ են մղվում, մանիպուլյացիաներ են արվում իրենց քաղաքականության վերաբերյալ: Ոչ մի մանիպուլյացիա չէր աշխատի, եթե կառավարությունը հստակ քաղաքականություն իրականացներ, չզբաղվեր բռնոցի-թողոցիով, երկու տարվա ընթացքում դրսևորեր քաղաքական կամք և սկսեր Քոչարյանի գործի բուն դատավարությունը: Դե հիմա թող դիմագրավեն մանիպուլյացիաներին, իսկ դրանցից առաջինը լինելու է, թե բյուջեում այն աստիճան փող չկար, որ շտապ 2 միլիարդ էր անհրաժեշտ և, ինչպես ասում է Ծառուկյանը, քանի որ ոչ ոք չի ցանկանում պարտք տալ գործող իշխանություններին, ստիպված այս եղանակով պարտք արեցին Քոչարյանից: Իշխանական թիմի անդամնե՛ր, գնացե՛ք և ձեզ կոտորե՛ք ֆեյսբուքյան պատերին, որ չկա նման բան: Նրանց մեդիաները ավելի շատ մարդ կգտնեն, որ համոզեն:
Լավ, ընդունենք, որ արդարադատության նախարարները հմտորեն թյուրիմացության մեջ են գցում Փաշինյանին, ինքը չի հասկանում իրավական նրբություններից, տարբեր երկրների օրինակներով իրեն հակառակում են համոզում, Վենետիկի հանձնաժողովը և այլ կազմակերպություններ դեմ են կոշտ միջոցներին, ինքը, իր քաղաքական հոտառությամբ չի՞ ընկալում, որ դատական համակարգի տոտալ չփոփոխումը բերելու է հեղափոխության պարտությանը:
Պետական ապարատը չի աշխատում հենց այն պատճառով, որովհետև չունի վստահություն վաղվա օրվա հանդեպ, պետական ապարատում թշնամիներ առաջանում են հենց այն պատճառով, որովհետև ովքեր դավաճանում են՝ չեն պատժվում: Եվ պետք չէ գալ կառավարություն և հարցնել՝ ինչն ենք սխալ անում: Ճիշտ պատասխանն է՝ ոչինչ էլ ճիշտ չեք անում, թոշակառուի հոգեբանությամբ նստած մսխում եք հեղափոխությունը:
Արիս Վաղարշակյան