...

Այս պատերազմն ավելի լուրջ հետևանքներ է ունենալու, քան ապրիլյանը

Այս պատերազմն ավելի լուրջ հետևանքներ է ունենալու, քան ապրիլյանը

Ընթացքի մեջ է պատերազմի երրորդ օրը, սակայն արդեն հիմա կարելի է պնդել՝ այս մեկը շատ ավելի լուրջ ռազմաքաղաքական հետևանքներ է ունենալու, քան 2016 թվականի ապրիլյանը: Այս պատերազմի մասշտաբները շատ ավելի մեծ են, քան նախորդինը:

Ալիևն այլևս չի կարողանա իր հասարակությանը խաբել. մի քանի դիրքեր գրավելով՝ դա ներկայացնել իբրև մեծ ձեռքբերում: Սոցիալական ցանցերը չեն կարող հավերժ փակի տակ մնալ, և ադրբեջանցիներն ի վերջո իմանալու են կորուստների չափը և շատ ավելի լուրջ հարցնեն ղեկավարությունից, թե արժե՞ր արդյոք այդքան կորուստներ տալ կասկածելի հաջողությունների համար: Երկու օր առաջ երկու ժամով բացեցին ֆեյսբուքը, և միանգամից մահերի վերաբերյալ նկարների ու լուրերի տեղատարափ եղավ: Շատերը պնդում էին, որ իրենց ղեկավարությունը թաքցնում է կորուստների իրական թիվը և ապացույցներ էին բերում: Պատահական չէ, որ մինչ այս պահը պաշտոնապես չեն խոստովանում, թե որքան են կազմում իրենց կորուստները: Հուլիսյան դեպքերից հետո ադրբեջանցիների մեկանգամյա ոտքի կանգնելը Բաքվում ցուցադրում է, որ կա կուտակված մեծ դժգոհություն, և այն ցանկացած պահի կարող է պայթել: Դրանից ելնելով՝ Ալիևն ավելի մեծ արկածախնդրության է գնալու, ավելի մեծ կորուստների գնով որևէ նշանակալի բնակավայր գրավելու ճանապարհով:

Էրդողանը նույնպես ամբողջովին դարձել է այս կոմպանիայի մասնակից, և նրա հեղինակությունը նույնպես դրված է խաղասեղանին: Արցախում պարտվելու դեպքում Էրդողանը նույնպես ունենալու է իմիջային կորուստներ, ուստի նա ևս ստիպելու է Ալիևին շարունակել՝ ուշադրություն չդարձնելով կորուստների վրա: Նա խոստանալու է արագ դրանք վերականգնել:

Երեկ Արցախի նախագահը պարզ ասաց, որ հասկանում ենք՝ պատերազմը կարող է ավելի երկար տևել, քան սկզբում կանխատեսվում էր: Եվ չափազանց ճիշտ մոտեցում է հասարակությանը բացատրել, որ պետք չէ վհատվել և հակառակը չափազանց ոգևորվել դիրքերի կորուստով կամ ձեռքբերումով: Այս պատերազմը չի ավարտվելու որևէ կողմի մի քանի դիրք վերցնելով կամ կորցնելով: Հաղթանակը կամ պարտությունը լինելու է ավելի շոշափելի և ակնառու:

Եվ այս ֆոնին չափազանց կարևոր է, որ հայ ժողովրդի ոգին հաղթական է, պատրաստ չափազանց թանկ գնով՝ իր որդիների արյան գնով չընկրկել, կրել հաղթական պատերազմի համար անհրաժեշտ բոլոր կորուստները և արդյունքում ստանալ հաղթանակի բերկրանքը:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   810 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ