...

Այսօր անկախ դատարան «ցանիր», որ վաղը արդարադատություն «հնձես»

Այսօր անկախ դատարան «ցանիր», որ վաղը արդարադատություն «հնձես»

Նախկին ռեժիմի օրոք լեգիտիմության դեֆիցիտը տոտալ բնույթ ուներ. ոչ լեգիտիմ էին իշխանության երեք ճյուղերը` օրենսդիր, գործադիր, դատական:

Հանրային ընկալումներում ոչ արդարադատ դատական համակարգը կամ կախյալ արդարադատությունը մեկնաբանվում էր այս երեքի` «նույն սանրի կտավը լինելու» «կոդեքսով» և ինչ-որ տեղ նաև «արդարացվում» էր` հաշվի առնելով վարչակարգի բնույթն ու արժեհամակարգը: Հեղափոխությունից հետո ձևավորված իշխանության երկու` օրենսդիր և գործադիր, ճյուղերն ունեն բարձր լեգիտիմություն և այս երկուսի ֆոնին երրորդ` նախկինից ժառանգություն մնացած ճյուղի ոչ լեգիտիմ լինելը ոչ միայն աչք է ծակում, այլև սպառնում է Սահմանադրության անփոփոխելի հոդվածի կենսունակությանը` ՀՀ-ն իրավական պետություն է: Փաստենք, որ հեղափոխությունից հետո հանրային կարևորագույն պահանջներից մեկը արդարադատության բարեխիղճ և արդյունավետ համակարգ ունենալն էր` բոլոր ատյաններում, որը, սակայն, առայժմ մնում է ակնկալիքների մակարդակում: Այդ ակնկալիքները կյանքի կոչելուն ուղղված կիսաքայլերն ու թույլ տրվող հապաղումները մաշում են առաջին երկու ճյուղերի լեգիտիմությունն ու կարող են ընդհուպ դառնալ վերջիններիս գերեզմանափոսը: Փաստ է` մեկուկես տարվա հոգեմաշ միջոցառումներից հետո ցայսօր լուծված չէ ՍԴ ճգնաժամը, եթե չասենք` էլ ավելի է խորացել ու մշուշոտ է երանելի ՍԴ-ի ապագան:

Թավիշը` «պոբոչնի հետևանք»

Այն, որ մինչ օրս հարուցված քրեական գործերը քնեցվում են դատարաններում, կամ էլ, ինչպես «Մարտի 1»-ի գործի դեպքում, հայտնվում տարատեսակ միջնորդությունների, դրանց բողոքարկման շրջապտույտում և դատաքննությունն այդպես էլ տեղի չի ունենում, հանրության մոտ կասկածներ են հարուցում մի կողմից նախաքննական մարմնի կոմպետենտության հանդեպ, մյուս կողմից է'լ ավելի են ամրապնդվում այն կասկածները, որ անկախ դատական համակարգը առասպել է, դատավորները շարունակում են մնալ նախկինների կրնկի տակ և անիրականանալի է այս գործով արդարադատության հասնելը: Իսկ երբ այս կամ այն աղմկահարույց գործով դատարանը կայացնում է հերթական որոշումն ու մերժում է կալանքի կիրառման սանկցիան կամ փոխում այն այլ տեսակով, բոլորը հիշում ու «հիշում» են որոշումը կայացրած դատավորին ու մեղադրում, որպես կանոն, հեղափոխության առաջնորդին ու նրա թիմակիցներին: Այստեղ գործ ունենք ոչ ստանդարտ վիճակի հետ, երբ օրենսդիրն ու գործադիրը, չշարժվելով նախկին` զանգովի արդարադատություն կիրառելու ճանապարհով, դատարանին թողնում են իր խղճի ու օրենքի հետ: Սակայն, երբ այդ կամ այն դատավորը որևէ հնչեղ գործով կայացնում է հանրային ակնկալիքները չբավարարող որոշում, քննադատության թիրախում առաջին հերթին հայտնվում է իշխանությունը` արդեն ստանդարտ դարձած «ձեր թավիշը ձեր գլխին կպնի» մեղադրանքով: Սա հասարակությանը մատնում է հուսալքության ու խանգարում է ստեղծված իրավիճակի ողջամիտ գնահատմանը:

Ի՞նչ է ստացվում` գործադիրն ու օրենսդիրը, լինելով լեգիտիմ իշխանություն, իրենց վրա են կրում երրորդ` ոչ լեգիտիմ, ճյուղի գործունեության «պոբոչնի հետևանքները», որոնք չեզոքացնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը առայժմ որևէ շոշափելի արդյունք չեն տվել` մնալով «պատերի տակ վնգստացող դատավորների» մասին հայտարարությունների ծիրում:

Կեղծ տագնապ

Իզուր չէ, որ հեղափոխությունից հետո, երբ նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի նկատմամբ տարբեր հոդվածներով քրեական գործեր հարուցվեցին, վերջիններս մեկ մարդու պես թիրախավորեցին առանց այդ էլ խոցելի արդարադատության համակարգը` սանձազերծելով դրա վարկաբեկմանն ուղղված վայրենի մի գործընթաց:

Ինքնապաշտպանական այս ֆլեշմոբը ունի մի քանի նպատակ: Նախ` ցույց տալ, որ քննչական մարմիններն ու դատախազությունը «գործ կարողներ» են և իրենց նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական պատվերի շրջանակում է: Այսինքն, ճիշտ այնպիսին, ինչպիսին իրենց օրոք էր, արդարադատություն` ըստ Լինչի, երբ ողջ համակարգն աշխատում էր ըստ նախագահականից հնչած «ալո»-ի, դուրս գրած «ռեցեպտի» ու նշանակած «դոզայի»:

Զուգահեռ այս ամենին` նախկինները բանեցնում են քաղաքական մի տեխնոլոգիա, որը պայմանականորեն կարելի է կոչել ռումբի մասին կեղծ ահազանգի հնարանք: Այն դրսևորվում է իշխանությանն ուղղված ամենօրյա սպառնալիքներով: ՀՀԿ-ի լուսապսակ ճակատ Աշոտյանից, Արփինե Հովհաննիսյանից սկսած մինչև խորդանոցային տարբեր բնույթի վերլուծաբաններ ու խոհանոցային վլոգեր` հաճախ են աղաղակում ՀՀ-ում տիրող «վակխանալիայի» մասին, սպառնալով, թե գործող իշխանությունը ապագայում դատվելու է: Դատվելու է... Ղարաբաղը ծախելու, և հատկապես «սահմանադրական հանցագործությունների» համար: Օրինակ, նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր «Ստի վերջը» սերիալի առաջին սերիան եզրափակեց «դատական համակարգում և իրավապահ մարմիններում աշխատողներին» ուղղված հետևյալ կոչ-սպառնալիքով. «Ամեն ինչ ֆիքսվում է, և խնդրում եմ ձեզ, և հավատացեք, որ հետո, երբ սկսեն ձեզ դատել, դուք չեք կարողանալու ասել, որ կատարում էիք հրամաններ: Իսկ այդ օրը, վստահեցնում եմ, շատ մոտ է»: Պատահականությո՞ւն է արդյոք, որ այս սպառնալիքից հետո դատարանը արդեն երկրորդ անգամ մերժեց ՔՕ մի քանի հոդվածով մեղադրվող նախկին դեսպանին կալանավորելու ՊԵԿ միջնորդությունը. մասնավորապես հուլիսի 5-ին տեղի ունեցած նիստում հիմք ընդունելով Քրդատօր.-ի «համապատասխան հոդվածի պահանջների յուրովի մեկնաբանումը և իրավիճակի գնահատումը»:

Նախկինների կողմից կիրառվող վերոհիշյալ վուլգար հնարքի հաջորդ նպատակը կեղծ ազդակներ ուղարկելն է հանրությանն ու միջազգային կառույցներին և տպավորություն ստեղծելը, թե իշխանությունների քայլերը` մասնավորապես դատաիրավական բարեփոխումների ու իրավական այս կամ այն թնջուկը լուծելու ուղղությամբ, ապօրինի են ու հակասահմանադրական, մյուս կողմից էլ` տագնապ ու ճամպրուկային տրամադրություն ստեղծել հանրության շրջանում` թե մոտ է ապոկալիպսիսն ու սպասեցեք իշխանության «ահեղ դատաստանի» օրվան: Այսինքն` «մեզնից բեթար» է ու «գնացական» ձեր բերած հեղափոխական իշխանությունը, սպասեք մեր երկրորդ գալուստին: Թե ե՞րբ է լինելու այդ գալուստը, կամ լինելո՞ւ է արդյոք երբևէ, մերօրյա գուշակների խնդիրն է: Իսկ իշխանության խնդիրը թերևս պետք է լինի նման սպառնալիքները ոչ թե արհամարհելն ու հեգնելը, այլ դրանցից լուրջ հետևություններ անելը. այսօր իսկ այնպիսի բարձր կարգի դատաիրավական համակարգի ձևավորումը, որը կչեզոքացնի որևէ մեկին` շարքային քաղաքացուց մինչև բարձրաստիճան որևէ պաշտոնյա, «ահեղ դատաստանի» ենթարկվելը, դատարան, որն ապագայում հարկ եղած դեպքում դատելու է այսօր` ներկայում, իրեն ձևավորողներին:

Հեղինե Մանուկյան

Հ.Գ. Փաստ է, որ դատավորներն այսօր առավել քան երբևէ, ունեն չեզոք ու անկողմնակալ պաշտպանության կարիք, որը մասնագիտական այնպիսի պայմանների ստեղծումն է, երբ «Ֆեմիդայի ստրուկները» խորհրդակցական սենյակում մենակ կմնան իրենց մասնագիտական խղճի ու օրենքի հետ և պաշտպանված` իրենց կայացրած արդար ու անկողմնակալ դատական ակտով: Իսկ որ անցած առնվազն երկու տասնամյակում դատավորների մեծ մասը զրկված է եղել այդպիսի մենակությունից, փաստվում է մի շարք անկախ փորձագիտական հետազոտություններով: Դրանց մասին` հաջորդիվ:

«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   993 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ