...

Ազգովի պետականության ձեռքը կրակն ենք ընկել

Ազգովի պետականության ձեռքը կրակն ենք ընկել

Մինչ «առաջադեմ հայ հանրությունը» դժգոհում է անտանելի շոգից ու «ղժժում» Տիգրան Ավինյանի վրա, Հայաստանի և Արցախի շուրջ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Ինչպես և պետք էր սպասել՝ Արցախի ԱԺ նախագահի պաշտոնը ՀՅԴ Բյուրոյի անդամին տալուց հետո Սփյուռքը կտրուկ ակտիվացել է ու տարբեր երկրներում բողոքի ակցիաներ է իրականացնում, իսկ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը Հայաստանի ժողովրդին փաստացի մեղադրել է Արցախի ճակատագրի նկատմամբ անտարբերության մեջ և որոշակի քայլեր առաջարկել։ Եթե կարճ՝ դրանց իմաստը հետևյալն է․ 1․ Հայաստանը «պետք է առկախի բոլոր բանակցություններն Ադրբեջանի հետ, մինչև որ վերջ դրվի Արցախի շրջափակմանը», 2․ «Պետք է մերժել ցանկացած մոտեցում, որն Արցախը կդիտարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժան մասը», 3․ Պետք է ստեղծել խումբ, որում ներգրավված կլինեն իշխանությունների, ընդդիմության, Սփյուռքի փորձառու գործիչներ, և որը պիտի նորովի բանակցի Ադրբեջանի հետ, 4․ Պետք է աշխարհից պահանջել ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքով, 5․ Հայաստանի ժողովուրդը պիտի թոթափի անտարբերությունը և «փողոց իջնի»։ 

Սրան զուգահեռ՝ Ադրբեջանը հայտարարում է, թե օգոստոսի 5-ին Եվլախում «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ պիտի հանդիպում լիներ, և շրջափակումը կվերանար, բայց հայկական կողմի պատճառով հանդիպումը չի կայացել, ապա տեղեկություն է տարածում, թե իբր Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով մեծ ծավալի ռազմական տեխնիկա է կուտակել, ու իրենք իրենց իրավունք են վերապահում պաշտպանել իրենց տարածքային ամբողջականությունը «բոլոր օրինական միջոցներով»։ 

Թե ինչ է անում Ադրբեջանը՝ հասկանալի է։ Քարոզչական հող է նախապատրաստում, որպեսզի անհրաժեշտության դեպքում նոր հարձակում ձեռնարկի Հայաստանի ու Արցախի դեմ։ Հատուկ շեշտում ենք՝ Հայաստանի ու Արցախի, և ոչ թե աշխարհասփյուռ հայության։ Իսկ թե ինչ է անում աշխարհասփյուռ հայությունը՝ այնքան էլ հասկանալի չէ, որովհետև պարզ չէ, թե ինչու պիտի անկախ պետականություն ունեցող ժողովուրդը թշնամու հետ բանակցելու համար վարվի այնպես, ինչպես կվարվեր պետականություն չունեցող «խալխը»՝ իր միջից մի քանի երևելիներ գտնի և ուղարկի «բանակցությունների սեղանի շուրջ բարոյական հաղթանակ տանելու»։ 

Այս վիճակի պատճառները շատ խորն են։ Բանն այն է, որ 44-օրյա պատերազմը սոսկ ռազմական պարտություն չէր, դա, եթե կուզեք, քաղաքակրթական կոլապս էր։ Որովհետև մենք պարտվեցինք ոչ թե այն պատճառով, որ թշնամուց ավելի թույլ էինք, այլ որովհետև, կոպիտ ասած, ավելի հիմար էինք։ Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք որպես պետություն, բայց հաղթանակի հետ վարվեցինք որպես դրա արժեքը չհասկացող պետականազուրկ «խալխ», իսկ պարտված Ադրբեջանն իրեն պահեց որպես պետություն, 26 տարի ուժ հավաքեց ու ռևանշի հասավ։ Սա է։ Իսկ հիմա մենք կարծես թե շարունակում ենք նույն սխալը՝ փորձում ենք այս վիճակից դուրս գալ ոչ թե որպես պետություն, այլ որպես «խալխ»։ Այն հիմնավորմամբ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հրաժարվում է պետականորեն որևէ բան անել։ Պարզ ասած՝ մենք ունենք մեքենա, բայց քանի որ վարորդն ի վիճակի չէ «քշել», մեզ առաջարկվում է իջնել և ոտքով գնալ։ 

Համաձայնվեք՝ ամենահաջող տարբերակը չէ։ Որովհետև եթե գիտենք, թե ինչ ուղղությամբ գնալ՝ պետք է պարզապես վարորդին ռադ անել և շարունակել գնալ մեքենայով, իսկ եթե չգիտենք՝ պետք է ղեկը վստահել նրան, ով գիտի։ Եվ ոչ թե նրան, ով ավելի լավ է գոռգոռում «համազգային համախմբումի անհրաժեշտության» մասին, կամ նրան, ում ուսին Արարատ լեռան պատկերով դաջվածք կա՝ «նի զաբուդու» գրությամբ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2869 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ