Ադրբեջանը փակել է բոլոր տեսակի տեղեկատվական հոսքերը, և Հայաստանում շատ քիչ են ինֆորմացված, թե ինչ է կատարվում այդ երկրում: Ադրբեջանը ոչ միայն փակել է սոցիալական ցանցերը, այլև, ըստ էության, նաև չի թողնում արտասահմանյան լրատվամիջոցների մուտքը այդ երկիր: Իհարկե, բացի թուրքական և պակիստանական ծագում ունեցող լրատվամիջոցների: Բացառություն է արվում նաև Ալ-Ջազիրայի համար, քանի որ Քաթարում գտնվող այդ հեռուստաընկերությունը սպասարկում է նաև թուրքական շահերը:
Հասկանալու համար, թե ինչ հետևանքներ են ունեցել կիրակի օրվանից սկսած հայկական կողմի հարվածները Ադրբեջանի թիկունք, կարելի է նայել Յանդեքսի քարտեզը և տեսնել՝ Բաքու մտնող մայրուղիները ահավոր խցանված են: Եվ դա օրվա ցանկացած ժամին: Գյանջայից մինչև Բաքու 357 կիլոմետր է, բայց այդ ճանապարհը ադրբեջանցիները հաղթահարում են երբեմն 12 ժամվա ընթացքում: Շիրվանից մինչև Բաքու է՛լ ավելի ուժեղ խցանումներ են: Եվլախի խաչմերուկում ընդհանրապես տրանսպորտային կոլապս է:
Այս ամենը խոսում է մի բանի մասին: Ադրբեջանում ահավոր մեծ խուճապ է: Արցախից հյուսիս, ադրբեջանական հատվածում ապրում է մոտ մեկ միլիոն մարդ, և նրանց արագ արտագաղթը մեծ խնդիրներ է առաջացնելու Ադրբեջանի ղեկավարության համար: Երկարաժամկետ պատերազմի դեպքում դա վերածվելու է սոցիալական բունտի, որովհետև տասնյակ տարիներ հասարակությանը համոզել են, որ արագ հասնելու են հաջողության: Իսկ հիմա նույն այդ հասարակությունը տեսնելու է, որ քարոզչական մտացածին հաղթանակներից բացի որևէ ռեալ հաջողություն չկա: Դրա փոխարեն կա մեծ տեղահանություն: Այսինքն, եթե Արցախից 100 հազար մարդ ենթադրյալ կարող է լքել իր հայրենիքը, ապա Ադրբեջանում այդ թիվն անցնում է մեկ միլիոնը: Արցախի դեպքում, իհարկե ուռճացրեցինք թիվը, քանի որ արցախցիների մեծ մասը կամ կռվում է, կամ ապաստարաններում է: Արցախցիները վաղուց սովորել են ապրել հրետանային և հրթիռային հրետակոծության տակ, ինչը չես ասի Գյանջայի, Եվլախի կամ Միր-Բաշիրի բնակիչների մասին: Նրանք սովոր են, որ պատերազմը իրենցից հեռու է, և իրենց ոչինչ չի սպառնում:
Ադրբեջանը երկար չի կարող դիմանալ այդ ճնշմանը, և բոլոր նախադրյալները կան, որ շուտով այդ երկրում սոցիալական բունտ սկիզբ կառնի: Հայկական կողմի առաջնահերթություններից է հնարավորինս ստվարացնել այդ բունտի պոտենցիալ մասնակիցների թիվը:
Արիս Վաղարշակյան