...

«Բարեկիրթ հարևանի» քարոզչական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին

«Բարեկիրթ հարևանի» քարոզչական աջակցությունը Նիկոլ Փաշինյանին

Սյունիքի Ներքին Հանդ գյուղի դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի դրվագն ի սկզբանե բավականին տարօրինակ էր։ Այն իմաստով, որ մեր պաշտպանության նախարարությունը ոչ թե հերքեց Ադրբեջանի այն պնդումները, թե իբր հայկական կողմն է կրակ բացել, այլ խոստացավ «հետաքննել», ու եթե պարզվի, որ իսկապես մերոնք են արել՝ մեղավորներին պատժել։ Ու միայն մի քանի ժամ անց, երբ հայտնի դարձավ, որ հայկական կողմը երկու զոհ ու մի քանի վիրավորներ ունի, մեր ՊՆ-ն հերքեց ադրբեջանցիների այն պնդումը, թե իբր առաջինը հայերն են կրակել։ Ընդ որում՝ հայկական լրատվամիջոցները (այդ թվում՝ առաջին հերթին իշխանական) հաճույքով տարածեցին Ադրբեջանի ՊՆ այն հաղորդագրությունը, որտեղ հայ-ադրբեջանական սահմանն անվանվում էր «պայմանական», իրենք էլ պարծենում էին, թե «հատուցում» օպերացիա են իրականացրել ու ՀՀ տարածքում հայկական դիրք ոչնչացրել։

Թե ինչ է տեղի ունեցել իրականում՝ դժվար է ասել, բայց մի հարց, այնուամենայնիվ, կարող ենք տալ․ ո՞ւմ էր ձեռնտու այս միջադեպը։

Ադրբեջանին, իհարկե, ձեռնտու էր։ Դրանով այդ երկիրը միանգամից երկու ուղերձ հղեց Հայաստանին։ Առաջինը՝ «մենք գերիշխող դիրքերում ենք և ինչ ուզենք՝ կանենք, այնպես որ՝ հանգիստ վեր ընկեք տեղներդ», և երկրորդը՝ «տեսա՞ք, որ եվրոպացի դիտորդների առկայությունը մեզ չի խանգարում, դե ուրեմն հրաժարվեք այդ հարթակներից, զուր տեղը ժամանակ մի ձգեք ու ստորագրեք կապիտուլյացիան, որի անունը «խաղաղության պայմանագիր» եք դրել, որովհետև քանի դեռ չեք ստորագրել՝ մենք հայ-ադրբեջանական սահմանը պայմանական ենք համարելու»։ 

Բայց այս միջադեպը, մեծ հաշվով, ձեռնտու էր նաև Հայաստանի իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, անձամբ չի ասի, բայց նրա քարոզչական թիմը կգեներացնի այն թեզը, թե «տեսա՞ք, որ ցանկացած պահի նոր պատերազմ կարող է սկսվել, ու մեր անվտանգությունը երաշխավորված չէ, հետևաբար՝ պետք է կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, փոխել Սահմանադրությունը և այլն, որովհետև դրա այլընտրանքը պատերազմն է։ Իսկ դա կարող է անել միայն մեր իշխանությունը, մինչդեռ Նիկոլից բացի ով էլ լինի՝ երկիրը պատերազմի է տանելու, այնպես որ՝ հանկարծ իշխանափոխության մասին չմտածեք»։ Սա է, չէ՞, ՔՊ-ական իշխանությունների հիմնական գործելաոճը․ մարդկանց գիտակցության մեջ արմատավորել ու մշտապես արթուն պահել պետականությունը կորցնելու և անգամ ցեղասպանվելու վախը, իսկ հետո այդ վախը շահագործելով՝ ժողովրդի հետ վարվել այնպես, ինչպես ուզում է ու չմտահոգվել սեփական իշխանության ամրության համար, որովհետև վախեցած խալխը պատրաստ է համախմբվել ու կուչ գալ անգամ ամենաանհաջող «առաջնորդի» շուրջ։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հիմնական «ռազմավարությունը» սա է՝ ակնհայտ է, որ սահմանային վերջին սադրանքը նպաստում է այդ «ռազմավարության» իրականացմանը։ 

Ու մեծ հաշվով, էական չէ՝ Հայաստանի և Ադրբեջանի «առաջնորդները» «պասերո՞վ են խաղում», թե՞ պարզապես ներքաղաքական առումով շահերի համընկնում կա։ Էականն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ստանում է՛լ ավելի մեծ ոգևորությամբ խոսել «կադաստրի թուղթ չունենալու վտանգների» ու «կարմիր զգեստը հանելու անհրաժեշտության» մասին։ Եվ, իր տրամաբանությամբ, դրանից հետո է՛լ ավելի համոզիչ պիտի հնչեն «այնուամենայնիվ խաղաղության օրակարգին հավատարիմ մնալու» մասին իր հերթապահ հայտարարությունները։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2091 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ