...

Բարոյական աջակցության տրորված արահետը

Բարոյական աջակցության տրորված արահետը

Մի քանի օր առաջ Ստեփանակերտում տեղի ունեցած իսկապես հզոր հանրահավաքը շատ տեղին էր ու տրամաբանական։ Աշխարհը ԼՂՀ անունով պետություն չի ճանաչում, ԼՂՀ իշխանությունները բանակցային գործընթացին չեն մասնակցում, հետևաբար՝ Արցախի սուբյեկտայնությունը ցուցադրելու այլ տարբերակ չէր մնում, քան հանրահավաքի միջոցով ժողովրդի կամքն աշխարհին ներկայացնելը։ Աշխարհը պիտի տեսներ, որ այնտեղ ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք բացառում են Ադրբեջանի կազմում գոյատևելը, և աշխարհը տեսավ դա։

Նոյեմբերի 5-ին էլ Երևանում է Արցախի աջակցության հանրահավաք լինելու, և կարելի է չկասկածել՝ այն նույնպես տպավորիչ է լինելու։ Այլ հարց է, թե ո՞րն է լինելու դրա իրական նպատակը։ Արցախին աջակցե՞լը։ Բայց դա ընդամենը բարոյական աջակցություն կլինի, որովհետև իրական աջակցություն ցուցաբերել հնարավոր է միայն պետական մակարդակով, իսկ Արցախին այսօր հենց այդպիսի աջակցություն է պետք։ Ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ Հայաստանի ժողովուրդը դե՞մ է բանակցությունների տրամաբանությանն ու Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու հեռանկարին։ Իհարկե դեմ է, և աշխարհը վաղուց գիտի դա, բայց ո՞ւմ է հետաքրքրում Հայաստանի ժողովրդի դիրքորոշումը, չէ՞ որ բանակցային սեղանի շուրջ ոչ թե ժողովուրդն է նստած, այլ պետությունը, որի ներկայացուցիչն ամենևին էլ դեմ չէ «նշաձողի իջեցմանը»։ Հետևաբար՝ արտաքին աշխարհն այդ հարցն ընկալում է այսպես․ «եթե ձեր ժողովուրդը դեմ է իշխանությունների քաղաքականությանը՝ իշխանափոխություն արեք, և թող նոր իշխանությունները պետական մակարդակով ներկայացնեն ձեր դիրքորոշումները»։ Եվ սա տրամաբանական է, որովհետև հանրահավաքներով արդարություն պահանջելը պետականություն չունեցող ժողովուրդների գործելաոճն է (դրա համար էլ, ի դեպ, ամենահզոր հանրահավաքները եղել են 88-ի փետրվարին, երբ անկախ պետականություն չունեինք), իսկ անկախ պետություններում հանրահավաքներ կազմակերպվում են առավելապես ներքաղաքական օրակարգերով։

Արդյունքում ստացվում է, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքը թեև անվանապես Արցախի աջակցության համար է, իրականում հանուն իշխանափոխության է։ Եվ դա, ի դեպ, միանգամայն նորմալ է ու տրամաբանական։ Պարզապես այդ դեպքում կազմակերպիչները պիտի հստակեցնեն, թե ինչ են պատրաստվում անել իշխանափոխությունից հետո, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ամիսներ առաջ, երբ նույն մարդիկ նույն կազմով ու նույն վայրում հզոր շարժում սկսեցին՝ «Զարթնիր, Լաո» և «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով, բայց քանի որ հետագա քայլերի մասին բան չէին ասում՝ արդյունքը եղավ այն, որ «Լաոն» նորից քնեց, Հայաստանն էլ մնաց «Նիկոլով»։ 

Ինչո՞ւ է սա այդքան կարևոր։ Վեհափառի և նախկին նախագահների ձևաչափով քննարկումների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ պարզ բանաձև առաջարկեց՝ եթե հնարավոր է խուսափել ցավոտ լուծումներից, եկեք միասին գտնենք այդ լուծումը, իսկ եթե հնարավոր չէ՝ եկեք Նիկոլ Փաշինյանին օգնենք ընտրել ամենապակաս ցավոտ լուծումն ու նրա հետ կիսենք պատասխանատվությունը։ Ըստ էության պատասխանը եղավ այն, որ ցավոտ լուծումների միջև ընտրության կարիք չկա, դրանցից խուսափել հնարավոր է, Նիկոլի հետ էլ խոսելու բան չկա՝ նա պիտի հեռանա, և վերջ։ Շատ բարի, բայց համաձայնվեք՝ նոյեմբերի 5-ի հանրահավաքն ամենահարմար պահն է ցավոտ լուծումներից խուսափելու ձևը ժողովրդին ներկայացնելու համար։ Հասկանալի է, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմության պահանջով ինքնակամ հրաժարական չի տալու, եթե պետք եղավ՝ երկրի կեսն էլ է կործանելու, քաղաքացիական պատերազմ էլ է հրահրելու, «վերջին վարիանտ»՝ ինքն իրեն «սկոտչով» ամրացնելու է վարչապետի աթոռին․․․ Իսկ եթե դա լինի ոչ թե ընդդիմության, այլ Երևանի փողոցները հեղեղած հարյուր հազարավոր մարդկանց պահանջով, իշխանափոխությունն անհամեմատ պակաս ցավոտ կլինի։ Բայց հարյուր հազարավոր մարդկանց փողոց բերելու համար ոչ թե «Նիկոլ-դավաճան» կարգախոս է պետք, այլ հստակ ծրագիր։ 

Հատուկ ընդգծում ենք՝ ոչ թե հուզիչ ճառեր, կենացային հայրենասիրություն, Արցախին ցուցաբերվող բարոյական աջակցություն և այլն, այլ հստակ և իրատեսական ծրագիր, որը կարող է իրականացնել Հայաստանի Հանրապետությունը՝ պետական մակարդակով։ Հակառակ դեպքում իշխանափոխությունը, եթե անգամ հաջողվի, կլինի ընդամենը այսօրվա ազգակործաններին պատասխանատվության ենթարկելու միջոց, այլ կերպ ասած՝ «սրտի մխիթարանք», բայց Հայաստանի և Արցախի վիճակը դրանից հազիվ թե փոխվի։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ