Երեկվանից քննարկման թոփ թեման ԱԺ-ում տեղի ունեցածն է: Իհարկե, մեծամասնությունը քննադատում և ծաղրում է ԲՀԿ-ի վարքը: Բայց քիչ չեն նաև այն տեսակետները, որոնցում մեղքը դրվում է ամբողջ խորհրդարանի վրա: Ոմանք անգամ չխորշեցին պնդել, որ Նաիրա Զոհրաբյանի անձնազոհության գնով կանխվեց բախումը:
Զուգահեռ շատ հմտորեն տիրաժավորվում է մեկ այլ թեզ, թե իբր «Բարգավաճ Հայաստանը» իր երեկվա դեմարշով խնդիր ուներ պաշտպանել քրեական աշխարհի շահերը և այլն: Դա արվում է հատուկ՝ քողարկելու ԲՀԿ-ի իրական դրդապատճառը: Իրականում դա ԲՀԿ-ի առջև դրված տասներորդական խնդիր է: Այդ կուսակցությունն ավելի լուրջ օրակարգ ունի, և նրա ստվերային հովանավորները նրանից ավելի կոնկրետ ակնկալիքներ ունեն:
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ցանկություն ունեն, որ այս տարի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և նրանք վերադառնան քաղաքական բարձրագույն խումբ՝ Ազգային Ժողով: Իսկ նպատակին հասնելու համար, ի թիվս այլ միջոցառումների և դեմարշների, պետք է ամեն գնով հեղինակազրկել և վարկաբեկել գործող խորհրդարանը: Եվ ԲՀԿ-ն ներկայումս զբաղված է այդ հանձնարարականը կյանքի կոչելով:
ԲՀԿ-ն դիմում է պրովոկացիայի՝ խնդիր ունենալով, որ իշխանական պատգամավորներից ոմանց նյարդերը տեղի կտան և տեղի կունենա բախում: Իսկ հետո, արդեն մեդիա տեխնոլոգիաների խնդիրն է պատասխանատվությունը դնել երկու կողմերի վրա: Դրանից հետո շատ հեշտ է ասել՝ սա ի՞նչ խորհրդարան է, ովքե՞ր են մեզ ներկայացնում:
Անգամ, եթե սադրանքը չի հասնում իր վերջնական նպատակին և իշխանական պատգամավորները սահմանափակվում են ամոթանք տալով, այդ ժամանակ էլ է լինում ասել՝ էլ բան ու գործ չունե՞ք, ուրիշ կարևոր խնդիրներով զբաղվեք: Ներկայացվում է դա իբրև ժամավաճառների գործ, որ ամբողջ էներգիան վատնում են դիմացինի արարքը մեկնաբանելու վրա:
Իմիջիայլոց նույն մարտավարության մեջ մի փոքր ավելի պասիվ գործառույթ է վերագրված նաև «Լուսավոր Հայաստանին»: Նրանք էլ չեն խորշում արհեստական կրքեր առաջացնել: Հռետորաբանության մեջ օգտագործում են այնպիսի ձևակերպումներ և մեղադրանքներ, որ երբևէ չէին օգտագործի նախորդ ոչ լեգետիմ և հանցագործ իշխանության հանդեպ:
Իշխանությունը պետք է շատ զգույշ լինի և երբևէ չտրվի պրովոկացիաներին:
Արիս Վաղարշակյան