...

«Բիլայնի» և «Յուքոմի» միավորումը բացասական հետևանքներ է ունենալու

«Բիլայնի» և «Յուքոմի» միավորումը բացասական հետևանքներ է ունենալու

«Բիլայնը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ խնդրելով համաձայնություն տալ իր բաժնետոմսերը վաճառելու «Յուքոմ» ընկերությանը: Այժմ գործընթացը գտնվում է քննարկման փուլում: 

Հեռահաղորդակցության ոլորտում սպասվող հնարավոր փոփոխությունների և դրա հետևանքների մասին «ՉԻ»-ն զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ:

- Պարոն Ավետիսյան, մոտավոր հաշվարկներով, այս ընկերությունների միավորման հետևանքով ֆիքսված կապի շուկայի ավելի քան 70 % կպատկանի մեկ ընկերության: Արդյո՞ք այս փոփոխությամբ հեռահաղորդակցության շուկայում օպերատորների գերիշխող դիրքի հաստատում է սպասվում:

- Ընդհանուր առմամբ, հեռահաղորդակցության ոլորտը շատ կարևոր է տնտեսության զարգացման տեսանկյունից, հատկապես ներկայիս իրավիճակով համաշխարհային տնտեսության զարգացման ներկա փուլում, երբ տնտեսությունների մրցակցային առավելությունների հիմնական բնութագրիչը բարձր տեխնոլոգիաներն են: Այս պարագայում ուղղակի ցանկացած պետության տնտեսական կարգավորման կիզակետում պետք է լինի հենց հեռահաղորդակցության ոլորտը, որովհետև այն ուղղակի առնչություն ունի տնտեսության գրեթե բոլոր ոլորտների հետ: Եվ այստեղ ծառայությունների որակը և դրան համարժեք գնագոյացումը շատ կարևոր են: Իսկ դրա հիմնական գրավականը մրցակցությունն է, որը հանգեցնելու է որակի առաջանցիկ զարգացմանը, նաև մրցունակ սակագների ձևավորմանը: Հակառակ պարագան, երբ հեռահաղորդակցության շուկայում ունենում ենք մրցակցության նվազում, կամ երևույթներ, որոնք կարող են ստեղծել գերիշխող դիրք, սրա բացասական հետևանքները մեր երկրի անկախացումից հետո արդեն իսկ տեսել ենք: Ցավոք, մեր 30 տարվա պատմության մեջ 10 տարի «ԱրմենՏելի» մենաշնորհ ենք ունեցել իր բոլոր բացասական հետևանքներով՝ թարմ են հիշողությունները թե՛ տնտեսական զարգացման իմաստով բացասական ազդեցության, ինչպես նաև սոցիալական ոլորտի վրա, որովհետև հեռահաղորդակցության ծառայությունների սպառող է նաև հանրությունը: Այստեղ շատ կարևոր է նաև սոցիալական ազդեցության տեսանկյունը: Հետևաբար, այսպիսի միավորումները և կենտրոնացումը մեկ տնտեսավարող սուբյեկտի ձեռքում չի կարող մտահոգիչ չլինել, որովհետև մրցակցությունն անմիջականորեն կապված է շուկայում խաղացողների թվի հետ: Երբ կրճատվում է թիվը, և մենք ունենում ենք փաստացի 2 օպերատոր 3-ի փոխարեն, ապա այստեղ լուրջ ազդեցություն կարելի է կանխատեսել բացասական իմաստով հենց մրցակցության տեսանկյունից:

- Մրցակցության նվազումը հնարավո՞ր է հանգեցնի սակագների բարձրացման և որակի փոփոխության:

- Երկու ուղղություններն էլ վտանգված են՝ և՛ ծառայությունների որակը, և՛ արդյունավետ գնագոյացումը: Հայտնի է, որ հեռահաղորդակցության ոլորտը պարունակում է բնական մենաշնորհի տարրեր, և այդտեղ կարգավորումները շատ ավելի բազմագործոն պետք է լինեն, մոտեցումները ևս պետք է լինեն ամբողջական, պետք է հաշվի առնվեն բոլոր հնարավոր ռիսկերը: Հայաստանի շուկան փոքր ծավալ ունի, և սա ևս լրացուցիչ ռիսկ է, քանի որ փոքր ծավալներով հանդերձ համեմատաբար ավելի քիչ գրավիչ է արտասահմանյան ներդրողների համար հեռահաղորդակցության ոլորտում: Եվ սպասել, որ հետագայում կավելանա օպերատորների թիվը, այնքան էլ իրատեսական չէ: Կարգավորող պետական մարմինը բոլոր այս խնդիրները պետք է հաշվի առնի իր որոշումներում: Նաև արձանագրենք, որ բացասական փորձը պետք է մեր աչքի առաջ լինի:  

Մրցակցությունը պարզ տնտեսագիտական փոխհարաբերություն է, շուկայական մրցակցությունն ուղիղ համեմատական է գնագոյացմանն ու որակի ձևավորմանը: Ինչքան առողջ մրցակցությունն աճի, այնքան արդյունավետ գնագոյացում կլինի և նաև բարձր որակ: Որքան մրցակցությունը թուլացնենք, իսկ այս դեպքում ակնհայտ է, որքան շուկայում գերկենտրոնացումը մեծանա և գերիշխող դիրքն ավելանա, այնքան մենք ունենալու ենք հակառակ ազդեցությունը և՛ որակի, և՛ գնի ուղղությամբ: Դա կտանի սակագների բարձրացման, ինչու ոչ նաև որակի անկման պատճառ կդառնա: Փորձը ցույց է տալիս՝ որքան ուժեղ է մրցակցությունը, այդքան բարձր է ծառայությունների որակը, զարգացման տեմպը: 

- Բացի այդ՝ այս ընկերությունները արտերկրից մեծածախ ինտերնետ գնողներն են, որ մի մասն օգտագործում են ծառայություններ մատուցելու, մյուս մասը վերավաճառում են ավելի փոքր ինտերնետ-մատակարարների: Արդյոք սա անհավասար պայմաններ չի՞ ստեղծի շուկայի ավելի փոքր խաղացողների համար:

- Չի կարելի բացառել այս տարբերակը, հնարավոր է  նաև այսպիսի ազդեցություն ունենանք: Հավանական է նաև տեսական դատողությունների մակարդակով: Ինչ չափով սա իրողություն կդառնա, կախված է հետագայում և՛ օպերատորների վարքագծից, և՛ շուկայի զարգացման մյուս գործոններից:

- Նշեցիք, որ հեռահաղորդակցության ոլորտում գերիշխող դիրքի հաստատումը վտանգավոր է տնտեսության համար: Ի՞նչ վտանգների մասին է խոսքը:

- Հեռահաղորդակցության ոլորտն առնչվում է տնտեսության զարգացման մյուս ոլորտների հետ: Սա կարևորագույն ենթակառուցվածք է տնտեսության զարգացման տեսանկյունից, եթե չունենանք առողջ զարգացման միջավայր, դա ուղղակի ազդեցություն է թողնելու մնացած ոլորտների զարգացման վրա, նաև սոցիալական ոլորտի, որովհետև հեռահաղորդակցության ծառայություններից օգտվում է ողջ բնակչությունը: Այս ոլորտը տնտեսության զարգացման տեսանկյունից ունի բազմակի ազդեցություն, շատ կարևոր է, որ կարգավորումներն ու փոփոխությունները համարժեք լինեն օբյեկտիվ իրավիճակին և հանկարծ չունենանք շուկայի գերկենտրոնացում կամ մենաշնորհացում, ինչպես նախկինում որպես բացասական փորձ ունեցել ենք՝ «ԱրմենՏելի» մենաշնորհը:

- Ըստ տեղեկությունների՝ «Յուքոմի» կողմից «Բիլայնի» գնումը իրականում կատարվում է «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի միջոցներով, որը «Յուքոմի» բաժնետեր է: Արդյոք սա վտանգավոր չէ՞ երկրի տնտեսական անվտանգության տեսակետից, որ գնորդը և հիմնական բաժնետերը ռուսաստանյան օլիգարխ է:

- Չեմ կարծում, որ այդպիսի խնդիր լինի, որովհետև անկախ ներդրման աղբյուրից, օտարերկրյա ներդրում է դա, թե ներքին, դա տնտեսական անվտանգության հետ չեմ կարծում, որ առնչություն ունի: Այստեղ կարևոր է, թե պետական կարգավորող մարմինը և կարգավորման գործիքները որքանով համարժեք կլինեն իրավիճակին: Ընդհակառակը, մեր երկրում ունենք օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման խնդիր, ցուցանիշի կրճատման տեսանկյունից բավական խնդիրներ ենք ունենում:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6204 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ