- Պարոն Նակալյան, դուք խմբագիր, կուլտուրական մարդ եք, ինչո՞ւ եք հայհոյում Փաշինյանին:
- Ես անկեղծ անձնավորություն եմ, ինչ մտածում եմ, դա էլ ասում եմ: Փողին մուննաթ, վճարեք և ինքս ինձ էլ կհայհոյեմ: Հավելավճարի դեպքում կարող եմ նաև ինձ ծեծել:
- Այսինքն՝ ճի՞շտ հասկացա, որ վճարեն՝ կհայհոյեք նաև, ասենք, Քոչարյանին ու Միքայել Մինասյանին:
- Այստեղ մի փոքր խնդիր կա: Պետք է հասկանանք, թե դա ինչ համագործակցություն է: Ես իրենց հետ երկարաժամկետ համագործակցության փաթեթ ունեմ և չեմ կարող այն վտանգել մեկանգամյա համագործակցության առաջարկով: Ուրիշ բան, եթե դա լինի երկարաժամկետ և ֆինանսապես ավելի գայթակղիչ առաջարկ, քան այն, ինչ հիմա ես ունեմ: Մենք բաց ենք համագործակցության համար:
- Բայց տեղյա՞կ եք, որ սոցիալական ցանցերում էլ ձեզ են հայհոյում:
- Գիտեմ, և դա այս ռեժիմի էությունն է: Մի կոպեկ փող աշխատելը այնքան է բարդացրել, որ սոցիալական կարիքներս հոգալու համար ստիպված եմ ստանալ հազարավոր հայհոյանքներ:
- Չե՞ք փորձել ուրիշ աշխատանք գտնել, որն այդքան կապված չլինի հայհոյանքների հետ:
- Ոչ մի դեպքում: Ես շարունակելու եմ կատարելագործվել այդ դաշտում: Իմ իդեալը Մարգարիտա Սիմոնյանն է: Իմ առաջ խնդիր եմ դրել՝ երկու տարի հետո ստանալ նույնքան հայհոյանք, որքան Ռաշը Թուդեյի խմբագիրը: Այս տարիքում պետք է փող աշխատել և բարեկեցիկ ծերություն ապահովել: