...

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

Բլից-վիրտուալ Ռոբերտ Քոչարյանի հետ

- Պրն Քոչարյան, ինչո՞ւ այնուամենայնիվ չեք մասնակցում Ազատության հրապարակի ակցիաներին։ Դեռ չե՞ք բուժել Ձեր ոտքը։

- Ճիշտն ասած, համարյա բուժել-պրծել էի, ինձ ու ինձ ասացի «հենց որ ոտքս խփեմ գետնին, մի 100 հազար մարդ փողոց դուրս կգա», ոտքս ուժեղ խփեցի գետնին․․․ ու հիմա բուժումս շարունակում եմ։

- Բայց ամեն դեպքում՝ Արցախի փրկության հարցն է, անվասայլակով գնայիք։

- Ես այլ բնույթի աջակցություն կցուցաբերեմ։ Ջահերով երթ կա, դրոշներ վառել կա, գիտեք թե նավթամթերքի թանկության պայմաններում հեշտ ա՞ էդ ծախսերն ապահովելը։

- Պրն Քոչարյան, եթե 1997-98-ին իմանայիք, որ այս օրին ենք հասնելու, էլի՞ նույն կերպ կվարվեիք։

- Բա իհարկե, ինչի՞ պիտի ուրիշ կերպ վարվեի։ Դու իմ ունեցվածքի ու եկամուտների հայտարարագիրը տեսել ե՞ս։

- Լավ, պրն Քոչարյան, այնուամենայնիվ Դուք Արցախի փրկության կոնկրետ ծրագիր ունե՞ք։

- Անպայման։ Նախ՝ Վանեցյան Արթուրին կասեմ, որ իշխանությունը վերցնի, ինձ տա։ Հետո՝ ռուսերենը կդարձնեմ յոռգրորդ պետական լեզու։ Հետո «Պրեզիդենտ» հյուրանոցը կվերանվանեմ «Վլադիմիր Վլադիմիրովիչ»։ Հետո Արցախը թաքուն կփրկեմ։ Մի անգամ Հայաստանից թաքուն պատերազմը հաղթել եմ, չէ՞։ Մի անգամ է՛լ կանեմ։ Հետո ակտիվորեն կնպաստեմ հակաթուրքական կոալիցիայի հզորացմանը։ Օրինակ՝ ներդրումներ կանեմ Հունաստանում ու Կիպրոսում․․․ 

- Իսկ ինչո՞ւ ո՛չ Արցախում։

- Որովհետև Արցախը՝ չգիտեմ, բայց արցախցիները ապագա ունեն միայն Հայաստանում։ Իմ և իմ ազգուտակի հերոսական փորձը դա է ցույց տալիս։

- Պրն Քոչարյան, ինչպե՞ս եք վերաբերվում դարձյալ շրջանառվող այն գաղափարին, որ երեք նախկին նախագահները․․․ 

- Ե՛ս քաղաքականությունից դուրս գա՞մ։ Հումորով եմ վերաբերվում։ Էն գիտե՞ք, էն որ ասում ա «մարդ կա տերտերին ա սիրում, մարդ էլ կա՝ տերտերի կնկան»։ Հիմա էդ ա, մարդ կա՝ ինձ ա հումորով վերաբերվում որպես քաղաքական գործիչ, մարդ էլ կա՝ քաղաքականությունից իմ դուրս գալուն։ 

- Լավ, իսկ եթե գաք իշխանության, ինչպե՞ս կվարվեք Նիկոլ Փաշինյանի հետ։

- Էդ հանցագործի՞։ Էդ հողատու կապիտուլյանտի՞, էդ դավաճանի՞, պետությունը քանդած էդ ավանտյուրիստի՞։ Ո՞նց պիտի վարվեմ, կդարձնեմ իմ հիմնական ընդդիմությունը։ Հո հեծանիվ չե՞մ հորինելու։ Շատ ուդոբնի բան կստացվի, համ էլ՝ ես ոչ լավությունն եմ մոռանում, ոչ վատությունը։ Ամեն մարդու արածը իրա առաջն ա գալիս։ Մի էրկու հատ քրեական գործ կհարուցեմ, որ եթե ավել-պակաս խոսա՝ գլխին խփեմ, հետո մի էրկու հիմնադրամ կբացեմ՝ «Քմծիծաղների քաղաք» ու «Իմ ոտքը»․․․  «Ոտք» ասեցի՝ էլի սկսեց ցավալ․․․

- Լավ, պրն Քոչարյան, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6827 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ