...

Բնակչությունն ընդդեմ հասարակության

Բնակչությունն ընդդեմ հասարակության

Այսօր Հայաստանում ամենամոդայիկ թեման հասարակության համախմբումն է, ու քանի որ ոչ մի կերպ այդ գործը գլուխ չի բերվում, շատերն են իրենք իրենց հարց տալիս՝ իսկ Հայաստանում ընդհանրապես կա՞ հասարակություն, թե՞ եղածն ընդամենը բնակչություն է։

Հայաստանում, իհարկե, հասարակություն կա։ Պարզապես այդ հասարակությունը կազմում է բնակչության լավագույն դեպքում 3-4 տոկոսը։ Բայց չարժե դրանից բարդույթավորվել․ միայն մեզանում չէ այդպես, բոլոր երկրներում էլ մոտավորապես նույն վիճակն է՝ մի քիչ ավել-մի քիչ պակաս։ Այլ հարց է, որ զարգացած երկրներում իշխանությունները ձգտում են հենվել այդ 3-4 տոկոսի վրա և 96-97 տոկոսին ստիպել գործել պետական շահի տիրույթում՝ անկախ նրանից, վերջիններս գիտակցո՞ւմ են այդ շահը, թե՞ ոչ, իսկ երկրներ էլ կան, որտեղ հակառակն է՝ իշխանությունները հենվում են 96-97 տոկոս բնակչության վրա ու թույլ չեն տալիս, որ 3-4 տոկոսանոց հասարակությունը կայանա ու ընդլայնվի։ Թե ինչու՝ հասկանալի է։ Բնակչությանը կառավարելը հեշտ է, հասարակությանը կառավարելը՝ դժվար։ Բանն այն է, որ բնակչությունը, որպես կանոն, զուտ մարդկայնորեն միանգամայն հասկանալի, բայց ըստ էության՝ պարզունակ ձգտումներ է ունենում․ լավ տուն-տեղ, բարձր եկամուտներ, թանկարժեք մեքենա, աշխարհով մեկ ճամփորդելու հնարավորություն, շրջապատում «հարգանք-պատիվ» և այլն (սա մոտավորապես այն է, ինչ Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինն անվանում են «երջանկություն»), իսկ ահա հասարակության պահանջմունքները շատ ավելի բարձր են՝ այդ ամենից բացի նրանք ուզում են ունենալ նաև նորմալ պետություն՝ հուսալի ապագայով, արդարություն, մարդկային ու ազգային արժանապատվություն, և այդպես շարունակ։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, հասկանալի է, հասարակությանը համախմբելու ոչ մի ցանկություն չունի։ Ավելին՝ այդ 3-4 տոկոսանոց հասարակության գոյությունն անգամ համարում է վտանգավոր իր իշխանության համար, որովհետև հասարակության բարձր պահանջմունքները բավարարել չի կարող։ Բնակչության պարզունակ պահանջմունքները, իհարկե, նույնպես չի կարող, բայց գոնե խաբել կարող է։ Դրա համար էլ տպավորություն է ստեղծել, թե իբր «նոր Հայաստանում» փողոցից եկած ամեն պատահական կիսագրագետ կարող է իր իշխանությանը ծառայություններ մատուցելու դիմաց բավարարել սեփական պահանջմունքներն ու դառնալ «երջանիկ», և այդ խայծով էլ «համախմբել է» բնակչությանը՝ ընդդեմ հասարակության։ 

Բայց ընդդիմությունը նույնպես 3-4 տոկոսանոց հասարակությանը համախմբելու ոչ մի ցանկություն չունի, ընդ որում՝ ճիշտ և ճիշտ նույն պատճառներով։ Մինչդեռ թվում է՝ հակառակը պիտի լիներ, եթե իշխանությունները չեն ուզում բնակչությունը հասարակություն դարձնել՝ դա պիտի ընդդիմությունն աներ։ Բայց՝ չէ, ընդդիմությունը նույնպես անտեսում է 3-4 տոկոսանոց հասարակությանն ու «աշխատում» բնակչության վրա։ Եվ միանգամայն կանխատեսելիորեն՝ ոչինչ չի ստացվում, որովհետև եթե մարդիկ առաջնորդվում են պարզունակ իղձերով՝ բնականաբար, այդ իղձերի իրականացման ավելի մեծ հնարավորություն տեսնում են ոչ թե ընդդիմությանը, այլ իշխանություններին ծառայելու միջոցով։ 

Իսկ 3-4 տոկոսանոց հասարակությունը, ինքնակազմակերպվելու և համախմբվելու ռեսուրսներ չունենալով, կամաց-կամաց ինքնամեկուսացվում է և դուրս մղվում քաղաքական գործընթացներից։ Մարդիկ կամ հեռանում են երկրից, կամ, լավագույն դեպքում, գլուխները կախ զբաղվում իրենց գործերով (ընդ որում՝ որպես կանոն, հաջողությամբ)։

Դրա համար էլ «ներքաղաքական դիսկուրսում» առողջ բանականության նշույլները կամաց-կամաց վերանում են։ Եթե թիրախը ոչ թե հասարակությունն է, այլ բնակչությունը, որին խաբելը կամ մանիպուլացնելն առանձնապես բարդ չէ, ինչո՞ւ պիտի «քաղաքական այրերն» իրենց նեղություն տան և ուղեղները շարժելով՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու ելքեր փնտրեն։ Խաբելն ավելի հեշտ է։ Առավել ևս՝ այս վիճակում, երբ կարելի է խաղալ էմոցիաների վրա և ավելի մեծ հաջողություններ արձանագրել։

Մարկ Նշանյան

Читать на русском

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   868 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ