Հայտնի խոսք է՝ կամ շահն է մորթում, կամ շահին են մորթում: Իհարկե Հայաստանը ժողովրդավար պետություն է, և այդպիսի պրակտիկա չկա, բայց, այնուամենայնիվ, հասել ենք մի հանգրվանի, երբ կամ ռևանշի ուժերը կհասնեն իրենց նպատակին, կամ էլ նրանք իսկապես կուղարկվեն քաղաքական աղբանոց, և կսկսվի քաղաքական դաշտի առողջացման փուլը:
Ռևանշի ուժերի հետ համակեցություն պահելը, սոցիալական հեռավորություն պահպանելը այլևս դառնում է անհնարին: Նրանք պաշտպանությունից արդեն անցել են հարձակման և փորձում են զրոյացնել 2018 թվականի հեղափոխության արդյունքները:
Անգամ ամենալավ պայմաններով զինադադարը, ինչպիսին կնքվեց 2018 թվականի հոկտեմբերին Քաղաքացիական Պայմանագրի և Բարգավաճ Հայաստանի միջև, այլևս անիմաստ է և ամենակարևորը՝ վտանգավոր:
Ռևանշի ուժերի քաղաքական հայրերը կատարել են հերթական սխալ վերլուծությունը և պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից: Իսկ ինչ էին հաշվարկել: Հաշվարկը հետևյալն էր. Փաշինյանը թույլ է, համավարակի հետ կապված կա դժգոհություն, տնտեսությունը անկում է ապրում, սոցիալական վիճակը վատանում է և պետք է վերջին, վճռական թռիչքը: Ճնշում ընդդիմության համախմբման տեսքով, և իշխանությունը կփլուզվի:
Հաշվարկում դրված գործոնները իհարկե կան, սակայն դեռ այն մակարդակի չեն, որ իշխանությանը պարտության մատնելու հնարավորություն ընձեռեն: Հասարակությունը տեսնում և հասկանում է, թե ինչու է հիմա դժվար, ինչու է իր կյանքի որակը վատ: Հասարակությունը հասկանում է, որ այդպես է ամբողջ աշխարհում: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կանխատեսումների՝ ընթացիկ եռամսյակում աշխարհում սպասվում է 305 մլն աշխատատեղերի կորուստ՝ լրիվ զբաղվածությամբ, և Հայաստանը իր փակ սահմաններով և նվազ ռեսուրսներով չէր կարող բացառություն լինել:
Երբ Ծառուկյանը կամ մեկ ուրիշը հայտարարում են, որ իշխանությունները ձախողել են տնտեսությունը, հարց է առաջանում՝ իսկ անցյալ տարվա ցուցանիշներին ծանոթացե՞լ եք: Ինչպե՞ս կարելի է մի կառավարությանը անվանել ձախողված, որն ամենամեծ տնտեսական աճն է ապահովել 2007 թվականից սկսած: Եվ այստեղ արդեն մարդիկ հասկանում են Ծառուկյանի ու մնացածի իրական շարժառիթները, հասկանում են, որ ծանր օրերին օգնելու փոխարեն զբաղված են մանիպուլյացիաներով ու նոր ճակատներ բացելով:
Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ զարգացումներ կլինեն 3 ամսից, համավարակի պայմաններում կանխատեսումը դարձել է էլ ավելի անշնորհակալ գործ: Միգուցե ամեն ինչ արագ ավարտվի, հնարավոր է արագ վակցինա հայտնաբերվի, և աշխարհը վերադառնա բնականոն կյանք: Հնարավոր է՝ էլ ավելի վատանա վիճակը, իսկապես կորոնավիրուսը աշնանը նոր հաղթարշավ սկսի: Այդ ժամանակ ռևանշի ուժերի հնարավորությունները անհամեմատ կաճեն: Ուստի՝ հիմա, առաջիկա օրերին է պետք լուծել այդ ուժերի հարցը, նրանց հասցնել այնպիսի հարվածներ, որոնցից նրանք երբևէ ուշքի չգան: Պետք է հասնել նրան, որ Ծառուկյանը և ևս մի քանիսը, այս անգամ մեկընդմիշտ փակեն քաղաքականության էջը:
Արիս Վաղարշակյան