...

Չարորակ իշխանությունների ընկալման 5 փուլերը

Չարորակ իշխանությունների ընկալման 5 փուլերը

Հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում մեր հասարակության հետ 44-օրյա պատերազմի առաջին օրվանից առ այսօր և այդ ընթացքում ինչ փոփոխությունների է ենթարկվել հասարակության վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ՝ պետք է ընդամենը հիշել քաղցկեղով հիվանդի 5 հոգեվիճակները․ 1․ մերժում, 2․ զայրույթ, 3․ սակարկություն, 4․ դեպրեսիա, 5․ համակերպում։ Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանն ամենայն հավանականությամբ գիտի սա ու հենց այդ սխեմայով էլ առաջ է շարժվում։ Եվ այսպես․

1․ Մերժում։ 

2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան պարզ դարձավ, որ բոլոր տագնապալի կանխատեսումներն արդարացված էին, և ուռուցքն իսկապես էլ չարորակ էր։ Բնականաբար՝ սկսվեց մերժման փուլը։ Պատերազմի սկսվելուց արդեն մեկ-երկու շաբաթ անց շատերը ներքուստ գիտեին, որ պարտությունն անխուսափելի է, բայց մերժում էին դա ու գերադասում իրենք իրենց խաբել «հաղթելու ենք»-ով՝ անգամ տարածքային ահռելի կորուստների քարտեզների հրապարակումից հետո, նույնիսկ նոյեմբերի 9-ի երեկոյան։

2․ Զայրույթ։

Բայց 2020 թ նոյեմբերի 10-ի առավոտյան մերժումն արդեն անհնար էր, ու սկսվեց զայրույթի փուլը։ Նիկոլ Փաշինյանը դա հասկացավ ու թաքնվեց բունկերում, զայրացած ամբոխը տրորեց Արարատ Միրզոյանին, ներխուժեց ԱԺ ու վարչապետի կեցավայր, հետո փորձ արվեց զայրույթը «կանոնակարգել» Բաղրամյան պողոտայում, անգամ Գլխավոր շտաբը պահանջեց նրա հրաժարականը, բայց՝ ապարդյուն։ Նիկոլը հասկացավ, որ զայրույթի փուլը նույնպես անցավ, ու կարելի է սկսել սակարկությունների փուլը՝ արտահերթ ընտրությունների տեսքով։

3․ Սակարկություն։

Դրա իմաստը հետևյալն էր՝ այո՛, պարտություն եղել է, դրա մեղավորն իշխանություններն են, բայց դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ կարելի է ինչ-որ բան փրկել ու կորցրածի դիմաց գոնե «խաղաղության դարաշրջան» ստանալ, հետևաբար պետք է էմոցիաները մի կողմ դնել ու պահել այս իշխանություններին՝ թեկուզ նրանցից զզվելով, որովհետև հակառակ դեպքում նույնիսկ այդ խեղճուկրակ խաղաղությունը չենք ստանա։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ խաղարկեց նաև մարդկանց այդ հոգեվիճակն ու մնաց աթոռին։

4․ Դեպրեսիա։

Սակարկության փուլը վերջնականապես ավարտվեց ՀՀ տարածք ադրբեջանական ներխուժումներից ու հատկապես 2022 թ սեպտեմբերյան լայնամասշտաբ ագրեսիայից հետո։ Միանգամից պարզ դարձավ, որ ոչ մի «խաղաղության դարաշրջան» էլ չի լինելու, անգամ ամենօրյա նվաստացումների գնով հանգիստ կյանք չենք ունենալու, և սկսվեց համընդհանուր դեպրեսիան։ 

Հայաստանն այսօր հենց այդ՝ չորրորդ փուլում է։ Իսկ հինգերորդ փուլին՝ համակերպմանը, չենք անդրադառնա, որովհետև այդ փուլում համակերպվում են մահվան հետ, իսկ մենք չենք համակերպվել ու վստահաբար՝ չենք էլ համակերպվի։ Այսինքն՝ հույս կա, որ չորրորդ փուլում կանգ կառնենք, կհաղթահարենք դեպրեսիան ու կբուժենք «քաղցկեղը»։ 

«Վիրահատական միջամտությամբ», թե «քիմիոթերապիայով»՝ այլ հարց է, բայց կարևորն այն գիտակցումն է, որ իրականում ամեն ինչ կորած չէ, իրավիճակն անհույս չէ, ու ոչ միայն շանսեր կան, այլև այդ շանսերն օգտագործելու կարողություն ունեցողներ։ Ու իշխանություններն այսօր հենց այդ գիտակցումն են փորձում խեղդել, որպեսզի հասարակությանն անարգել խցկեն վերջին՝ հինգերորդ փուլ։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2177 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ