Մղձավանջների փուլը
Այսպիսի մղձավանջային տարի նույնիսկ ամենամղձավանջային երազում հնարավոր չէր պատկերացնել: Մարդու ձեռքը չի գնում ինչ-որ բան գրի: Կատարյալ դատարկություն է: «Կարգին» հաղորդման մեջ Մկոն երբ ասում է. «դաժե մեռնելու հավես չունեմ», հիմա այդ վիճակն է:
Մենք ոչ միայն Արցախի համար պատերազմում ենք պարտվել: Մենք պարտվել ենք նաև Հայաստանի ինքնիշխանության, անկախության և հետագա զարգացման համար պայքարում: Պայքար, որի համար 30 տարի այդքան միս ու արյուն էինք տվել, ահռելի զոհողությունների և կորուստների, քաղաքական և դիվանագիտական տաժանակիր աշխատանքի շնորհիվ դրվել էին պատերազմը դադարեցնելու և խաղաղություն հաստատելու հիմքերը:
Մի ամսում այդ հիմքերը փլուզվեցին: Այսինքն, մի ամսում չէ: Այս պարտության հիմքերը դրվեցին 1998 թվականին, երբ մերժվեց արժանապատիվ խաղաղության առաջարկն ու այդ պատրվակով հեղաշրջում իրականացվեց, իշխանության եկան ոչմիթիզականները: Ու այդպես, տարին տարվա վրա, ոչ մի թիզ գոռալով, մաշեցրին մեր պետականության ամրապնդման համար անհրաժեշտ գիտական, քաղաքական, տնտեսական, բարոյական ռեսուրսները: Ռացիոնալիզմը, սառը դատողությունը օրենքից դուրս համարվեց, դավաճանությունն ու նյութապաշտությունը, առավելապաշտությունը, ծավալապաշտությունը կամաց-կամաց սողոսկեցին մեր հանրության գիտակցության ամենահեռավոր ծալքերը:
Ու հիմա եկել է քարերը հավաքելու ժամանակը: Արցախը կորցրել ենք, հիմա կռիվը գնալու է Հայաստանի համար: Ներքաղաքական «ռազբորկաները» գնալով թափ են հավաքում, փոխադարձ մեղադրանքների, դավաճանությունների մասին խոսակցությունների ալիք է բարձրացել, որը հղի է աղետալի հետևանքներով, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմ: Ու սա այն դեպքն է, երբ սթափության ցանկացած կոչ գնում, կորչում է խելագարված ամբոխների հորձանուտում: Մեզ մնում է կրել մեր բաժին պատիժը, տեսնենք, քանի տարով են պատժելու, ինչքան կտևի հաշիվներ պարզելու փուլը, հաշվեհարդարների, վրեժներ լուծելու ծարավը երբ կբավարարվի:
Վատի ու վատթարի միջև
Ու բացառված չէ, որ ավելի վատը դեռ առջևում է: Առաջիկայում պետք է դատարկվի Քարվաճառը՝ իր գյուղերով: Բայց երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան արձանագրություն են ստորագրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է հետևի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
«Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկման ու մշտադիտարկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնի մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել»,- հայտարարել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ Սիրիայում, ինչպեսև Լեռնային Ղարաբաղում, «կապահովվի արդար խաղաղություն»։
Հասկանո՞ւմ եք, չէ՞, թե սա ինչ է նշանակում: Սա նշանակում է, որ Հայաստանը այլևս ինքնիշխան չէ, մեր տեղը մեր հարցերը ռուսներն ու թուրքերն են որոշում: Այսպես ասած, հանձնվել ենք նրանց ողորմածությանը: Ինչպես՝ 1920-21 թվականներին: Այսինքն, մեր իսկ պատմությունը, նրա դառը և ողբերգական էջերը մեզ այդպես էլ դաս չեղան: Դասեր չքաղելու հետևանքները հիմա լիուլի քաղելու ենք:
Հետաքրքիր է, որ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու մասին Թուրքիայի հայտարարությունը հակասում է Կրեմլի տեսակետին: Հակասում է, իհարկե, բայց դե, Թուրքիան ու Ադրբեջանը հիմա առավելագույնս են փորձելու կորզել ռուսներից: Բնականաբար, մեր հաշվին: Էս անտերը ոնց որ 1920 թվի պատմությունը արտատպենք:
Վրաստանից ու Ադրբեջանից տեղ հասանք
Երբ այս տողերը գրվում էին, ընդդիմությունը փորձում էր հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին: Կամ գուցե առանց հրաժարականի էլ փորձի իշխանությունը վերցնել: Սա տեսել ենք ժամանակին Վրաստանում, Ադրբեջանում: Որտեղ պատերազմական անհաջողությունները հեղաշրջումների և քաոսային իրավիճակի հանգեցնելու պատճառ դարձան: Տարիներ պահանջվեցին, որպեսզի մեր հարևան երկրները ուշքի գան ու ոտքի կանգնեն: Հիմա՝ 25 տարի անց, հերթը մեզ եկավ: Քանի տարի կամ տասնամյակ կպահանջվի, որպեսզի մենք էլ ուշքի գանք, սթափվենք, չգիտենք: Մնում է ապավինել Աստծո կամքին, բայց դա էլ քիչ է:
Լավ մնանք, դառը իրականությունը բախել է մեր դռները:
«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020