...

Չկա ատելություն, կա հանցագործներին պատժելու կամք

Չկա ատելություն, կա հանցագործներին պատժելու կամք

Արդեն մեկ տասնամյակից ավել է, ինչ նախկին ռեժիմի պրոպագանդիստները պտտում են միևնույն պլաստինկան: Այն արդեն վաղուց բոլորին հոգնեցրել է, պլաստինկան մաշվել և տեղ-տեղ կոտրվել է, բայց միևնույն է՝ օրը մի քանի անգամ նրանք խանգարում են հարևանների անդորրը՝ միացնելով այդ կիսամաշ երիզը: Երիզի վերնագիրն է՝ հասարակության մեջ կար փոխադարձ ատելություն, և դա պատճառ դարձավ Մարտի 1-ի ողբերգության: Ներկայումս այդ անորակ երիզի հաճախակի պտտումը ունի ևս մի քանի նպատակ:

Նախ, համոզել հասարակության գոնե մի շատ փոքր հատվածին, որ Մարտի 1-ը ծրագրավորված չի եղել Քոչարյան-Սարգսյան տանդեմի կողմից: Մի խոսքով, իշխանությունը մեղք չունի, հասարակության տարբեր հատվածների մոտ առաջացել էր փոխադարձ ատելություն, որը վերածվեց սպանդի: Իհարկե, արդեն 1.5 տարի տևած նախաքննությունը հերքել է պրոպագանդայի հիմնավորումները: Այժմ ակնհայտ է՝ իշխանությունը պատրաստվել և ամենացինիկ ու վայրագ միջոցներով ճնշել է ժողովրդի ըմբոստությունը: Իսկ ըմբոստության պատճառը եղել է չհամակերպվելը նախագահական ընտրությունների  կեղծման իրողության հետ:

Իսկ ի՞նչ նպատակ ունի հիմա այդ մաշված թեզի տիրաժավորումը: Նպատակը մեկն է՝ հնարավոր ապագա բախումները ներկայացնել իբրև հասարակության տարբեր հատվածների միջև ստեղծված ատելության հետևանք: Մինչդեռ մոնոէթնիկ Հայաստանում չկա և չի կարող լինել փոխադարձ ատելություն, որ կվերածվի լայնամասշտաբ բախումների: Հասարակության տարբեր շերտեր ունեն տարբեր շահեր և պատկերացումներ, սակայն դա երբեք չի կարող հասնել այնպիսի կրիտիկական վիճակի, որը կբերի բախումների: 

Հայաստանցիները տարիներով դուրս են գալիս փողոց իրենց իրավունքները պաշտպանելու համար, սակայն չեն վնասում ոչ հանրային և ոչ էլ մասնավոր գույք: Պատմության դառը փորձը հայերին սովորեցրել է, որ դա կործանարար կլինի Հայաստանի և հայերի համար: 

Այլ է խնդիրը, երբ մի խմբավորում, որն իրականում ունի հանցավոր խմբավորման կառուցվածք և նպատակներ, վարձկանների փոքր խմբի միջոցով փորձում է հասարակության մեջ ստեղծել փոխադարձ ատելության իմիտացիա: 
Իմիտացիայի ստեղծումը նպատակ ունի իրենց ներկայացնել իբրև հասարակության մի հատված, որ ունի շահեր ու նպատակներ: Մինչդեռ իրողությունն այլ է: Հանցագործները հասարակության նույնպես, թեպետ շատ փոքր, բայց մաս են կազմում: Բայց բոլոր նորմալ հասարակություններում նրանց դեմ պայքարում են, որպեսզի նրանք լինեն իրենց մշտական բնակության վայրերում՝ բանտերում: Հասարակությունը ոչ թե ատում է, այլ ունի առողջ ցանկություն հանցագործներին տեսնել ճաղերից ներս:

Բոլոր նրանք, ովքեր այսօր պնդում են, որ հասարակության մեջ կա փոխադարձ ատելություն, մեկ նպատակ ունեն՝ արդարացնել և հիմնավորել նախկին ռեժիմի կողմից բախումներ հրահրելու հնարավոր սցենարները:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5667 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ