...

Չորրո՞րդ, թե՞ առաջին. այս է խնդիրը

Չորրո՞րդ, թե՞ առաջին. այս է խնդիրը

Արմեն Սարգսյանի տվայտանքները

ՀՀ դեկորատիվ նախագահ Արմեն Սարգսյանը հոդված է գրել՝ «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» (ուղղագրությունը՝ ըստ Արմեն Սարգսյանի): 

Երրորդը նա համարում է անցյալ և հայացքն ուղղում դեպի չորրորդը: 

Ցավում ենք, բայց չորրորդ հանրապետության գաղափարը բնավ իրենը չէ: Հեռավոր 2013-ին նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հռչակել էր չորրորդ հանրապետությունը: Ինչ հիմքով՝ հասկանալի չէ, բայց կարևորը գաղափարն էր: Հետագայում՝ 2015-ին՝ սահմանադրական հանրաքվեից առաջ, նույնպես ոմանք խոսում էին չորրորդ հանրապետության մասին, բայց արդեն հիմնավորում էին այն կառավարման կարգի փոփոխությամբ: Հայաստանը կիսանախագահականից դառնալու էր խորհրդարանական հանրապետություն:

Չի բացառվում, որ լոնդոնաբնակ Արմեն Սարգսյանն այն ժամանակ հայկական մամուլ չէր կարդում, ուստի տեղյակ չէ այս փաստերին:

Այնուամենայնիվ, 2018-ին իր խորհրդանշական պաշտոնն ստանձնելուց հետո նա հայտարարեց, որ ինքը ոչ թե ՀՀ չորրորդ նախագահն է, այլ չորրորդ հանրապետության առաջին նախագահը: Հասկացա՞ք: Լավ, հիմա կբացատրենք:

Հիշենք սպորտը: Պատվավոր մրցանակային տեղերը երեքն են՝ 1-ին, 2-րդ, 3-րդ. չորրորդն արդեն հետաքրքիր չէ: Ահա մեր նախագահ-նախագահացուներն էլ ոչ մի կերպ չեն ուզում հայտնվել ոչ մրցանակային տեղում. գերադասում են ջնջել երրորդ հանրապետությունը և հայտնվել չորրորդում, որ դառնան առաջին նախագահ:

Հանգստացնենք Արմեն Սարգսյանին: Հայաստանի առաջին հանրապետությունը, որ գոյատևեց 1918 թ. մայիսից մինչև 1920 թ. դեկտեմբեր, խորհրդարանական էր: 2018 թվականի ապրիլից Հայաստանում դարձյալ խորհրդարանական կառավարում հաստատվեց: 2018 թ. մայիսից իշխանության եկած ուժի գործուն ջանքերով 2020- ի նոյեմբերին պետությունը հայտնվեց նույն վիճակում, ինչպիսին 100 տարի առաջ էր: Ուշադրությո՛ւն դարձրեք ժամկետներին. երկու դեպքում էլ պետության գահավիժումը տևում է համարյա 2,5 տարի: Ուստի Արմեն Սարգսյանը հանգիստ կարող է հայտարարել, որ ապրում ենք 1-ին հանրապետության դարաշրջանում, և իրեն հռչակել 1-ին նախագահ: Կասեք՝ այն ժամանակ իշխանությունը դաշնակներինն էր, հիմա ուրիշ են: Ո՛չ, հիմա նեոդաշնակներն են, և գործունեության արդյունքը նույնն է: Իսկ Արմեն Սարգսյանի գաղափարախոսության հիմնաքարերը ոչ վաղ անցյալում Սևրի դաշնագիրն ու համաշխարհային ազգն էին: Անգամ սրանով է համարժեք...

Գրիգոր Խաչիկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   841 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ