Առնվազն վերջին 100-150 տարիների ընթացքում արտաքին աշխարհի հետ առնչվելու մեր կերպն առանձնապես չի փոխվել։ Դառը հիասթափություն, որ քաղաքակիրթ աշխարհը համառորեն չի ուզում վերադարձնել մեզ Հայաստանը՝ Տիգրան Մեծի սահմաններով, իսկ բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները, հետո՝ մարդկային արդարության ճակատին թքելու բուռն ցանկություն, ղարաբաղյան առաջին պատերազմից հետո՝ համազգային նեղսրտածություն, որ ահա մենք մեր հարցը զենքով լուծել ենք, բայց աշխարհը թքած ունի, ասենք, 2000-ամյա Տիգրանակերտի պատմական պատկանելության վրա ու չի ընդունում այդ լուծումը, ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո՝ դառը հիասթափություն, որ աշխարհը մի կես բերան չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, մեր դաշնակիցը մի երկու ռումբ չգցեց Բաքվի վրա, Իրանը շնորհավորեց նրանց հաղթանակը, և այլն։ Արդյունքը՝ լքվածության ու աշխարհում մեն-մենակ լինելու զգացողություն, և իհարկե՝ ագրեսիվ «մուննաթ» չկայացած կամ իրենց «ճիշտ չպահած» դաշնակիցների հասցեին։
Արդյո՞ք Հայաստանն իսկապես աշխարհում դաշնակիցներ չունի։ Միջին վիճակագրական ռազմահայրենասեր ու «կյանքը ջոգած» հայորդիներն, իհարկե, կասեն «տո լավ, այ ախպեր, ի՞նչ դաշնակից, դրանք սաղ յա մուսուլման են, յա ռուսուլման», մինչդեռ դաշնակիցներ ունենալ-չունենալու հարցին պատասխանելուց առաջ նախ պետք է ճշտել՝ ո՞ր հարցերում։ Ակնհայտ է, չէ՞, օրինակ, որ «Արցախը Հայաստան է, և վերջ» հարցում (առավել ևս՝ եթե նկատի ունեինք 7 շրջաններն էլ հետը) Հայաստանը ոչ մի դաշնակից չուներ ու հիմա էլ չունի, իսկ ասենք՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում բազմաթիվ դաշնակիցներ ունի։ Հայաստանը հարևանների նկատմամբ տարածքային պահանջներ առաջ քաշելու հարցում ոչ մի դաշնակից չունի, իսկ իր տարածքային ամբողջականությունը ցանկացած գնով պաշտպանելու հարցում բազմաթիվ դաշնակիցներ ունի։ Այլ կերպ ասած՝ դաշնակիցներ ունենալ-չունենալը կախված է նրանից, թե ինչ խնդիրներ ես դնում քո առջև, ընդ որում՝ այդ խնդիրները պետք է դնել ոչ թե ըստ սեփական ցանկությունների, այլ ըստ նրա, թե տվյալ խնդրի լուծման հարցում ինչ դաշնակիցներ կունենաս, ինչպիսին կլինի ուժերի հարաբերակցությունն արտաքին աշխարհում, և ըստ այդմ՝ հաջողության հասնելու ինչ շանսեր ունես։ Ընդ որում՝ նույնիսկ անհարմար է այս տարրական ճշմարտությունները բացատրելը, որովհետև ինքնին ենթադրվում է, որ ծովախոզուկից բարձր ինտելեկտ ունեցողները, առավել ևս՝ պետության ղեկավարները կամ նման հավակնություններ ունեցողները, պիտի իմանան սա։
Հասկանո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանն այս ամենը։ Բանավոր ելույթների մակարդակով՝ գուցե, բայց նրա գործնական քայլերը հակառակն են ցույց տալիս։ Օրինակ՝ նա դիմել է Ռուսաստանին և խնդրել միջնորդել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։ Ու խնդիրը նույնիսկ այն չէ, որ նա, իր իսկ խոստովանության համաձայն, չգիտի՝ Թուրքիան ուզում է մեզ ոչնչացնե՞լ, թե՞ ոչ։ Խնդիրն այն է, որ նա չի հասկանում մի պարզ բան՝ Ռուսաստանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք չէ, ավելին՝ դա դեմ է այդ երկրի շահերին։ Հայ-թուրքական հարատև լարվածությունը մեկն է այն առանցքային գործոններից, որոնց շնորհիվ Ռուսաստանը միշտ տեղ ունի «մեր գլխի վրա», հետևաբար՝ նաև տարածաշրջանում։ Արդյունքում ստացվում է, որ մենք հերթական անգամ մտնում ենք մի գործընթացի մեջ, որտեղ դաշնակից չենք ունենալու, և որտեղ, եթե անգամ ինչ-որ լուծում լինի, լինելու է բացառապես մեր կենսական շահերի հաշվին։
«Զատո» հետո կարող ենք հերթական անգամ դժգոհել հայի բախտից ու մուննաթ գալ քաղաքակիրթ աշխարհի վրա, որ «բերանն արնոտ մարդակերին» չստիպեց կարգավորել հարաբերությունները մեզ հետ։ Ընդ որում՝ կարգավորել այնպես, որ Վիլսոնի Հայաստանի թեման բաց մնա։
Մարկ Նշանյան