«Ես խոսքի տեր մարդ եմ և երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում. դա իմ բրենդն է»,- ՀՀ Վերաքննիչ դատարանում հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
«ՉԻ». Այս մեկն ավելորդ էր անգամ Քոչարյանի համար: Այո, պարոն Քոչարյան, դուք իսկապես ունեք բրենդ, պարզապես այն որևէ կապ չունի պատասխանատվությունից խուսափելու հետ:
Ձեր բրենդն ուրանալն է: Ուրանալը այն մարդկանց և ընկերներին, որոնց միջոցով հասել եք դիրքի և պաշտոնի: Տարիների ընթացքում ուրացել եք Լևոն Տեր-Պետրոսյանին, Վազգեն Սարգսյանին, նրա ընտանիքին, Սամվել Բաբայանին և անգամ, որքան էլ տարօրինակ հնչի, Սերժ Սարգսյանին: Վերջինիս ուրացել էիք և փորձում էիք տարատեսակ խարդավանքների միջոցով գահընկեց անել: Ուրիշ բան, որ Սարգսյանը ձեզանից շրջահայաց գտնվեց և հասկացավ, որ ձեր մարիոնետին որևէ դեպքում չի կարելի իշխանություն հանձնել:
Պատասխանատվության զգացում ունենալու և այն բրենդ որակելու մասով: Երկու տարի է՝ աշխարհի հիվանդությունները վերցնում եք ձեր վրա, փաստաբանների միջոցով անում ամեն ինչ, որ բուն դատավարությունը չսկսվի և հիմա հանդգնում եք ասել՝ ունեմ պատասխանատվության զգացում: Բա թողեք՝ թող դատավարությունը սկսվի և հանրությունը հասկանա՝ որքան է ձեր պատասխանատվությունը 10 մարդու գնդակահարման գործում, բանակը ժողովրդի դեմ հանելու գործում, Երևանում արյուն թափելու և ընտրությունները կեղծելու մեջ:
Պատասխանատվության զգացում ունեցողը ինքը շահագրգիռ կլիներ, որ օր առաջ սկսվեր դատավարությունը, և մարդիկ հասկանային, որ բրենդային Քոչարյանն այնքան էլ պատասխանատու չէ վերը նշված իրադարձությունների համար:
Քաղաքականության մեջ բրենդ ունենալը չի կարգավորվում բիզնես բրենդի կանոններով: Ունեիք գումար և գնեցիք «Ստեֆանո Րիչչին», բայց որևէ գումարով չեք կարող գնել քաղաքական բրենդ: Դրա լավագույն ապացույցն է, որ երկու տարի է՝ ծախսելով ահռելի ֆինանսական միջոցներ՝ չեք կարողանում գնել գոնե հազար կողմնակիցներ, որոնք կցանկանան կրել «Քոչարյան» քաղաքական բրենդը: