...

Ձեր հերքումը ձեզ դուր եկա՞վ

Ձեր հերքումը ձեզ դուր եկա՞վ

Փաստաբան Ամրամ Մակինյանը գրել է. «Անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվություն է։

ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:

Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։
Հետևաբար` Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամանել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է։

Ուստի, ճիշտ կլիներ, որ մինչև սուտ տեղեկություններ տարածելու առաջարկություն ստանալն ու համաձայնություն տալը, իրավական ուղեկցում ունենալու նպատակով նախ և առաջ պարզվեր համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների զբաղվածության աստիճանը»:

«ՉԻ». Սա այն դեպքն է, երբ ավելի լավ է հերքում չլիներ: Հոնքը դզելու փոխարեն աչքն են հանում: Բանն այն է, որ «Փաստերի ստուգման հարթակը» հարցումներ է ուղարկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտե՝ խնդրելով տրամադրել ՀՀ նախագահի աշխատակազմի հայտի հիման վրա 2008 թ. հունվարի 1-ից մինչև 2018 թ. հունվարի 1 նախագահական ինքնաթիռի թռիչքների մասին տեղեկատվությունը:

Ստացած տեղեկատվության հիման վրա Fip.am-ը գրել է, որ սկսած 2008 թվականից՝ Սերժ Սարգսյանն ամեն տարի, իսկ ընդհանուր՝ 16 անգամ կառավարական օդանավով թռիչք է կատարել դեպի գերմանական Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան: Հատ-հատ նշել են, թե երբ են եղել այդ թռիչքները:

Հիմա փաստաբանը բռնել, հերքել է դրանցից մեկը. որ 2016 թվականին Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն է գնացել: Շատ հնարավոր է, որ ճիշտ է ասում: Բա էն մնացած 15 թռիչքնե՞րը: Թռիչքի 16 դրվագ է ներկայացվել, դրանցից մեկը հերքել են, ստացվում է, որ մնացած 15-ը հաստատում են: Յանի այս հերքման իմաստը ո՞րն էր: Սա հերքում չէր, սա հաստատում էր:

Հերքումն այն կլիներ, եթե փաստաբանը կամ, չգիտենք, օրինակ՝ Սերժ Սարգսյանի գրասենյակը, տեղեկատվություն տար, մեկ առ մեկ պարզաբաներ, թե Բադեն-Բադեն/Կարլսռուհե քաղաքների օդանավակայան թռիչքներից յուրաքանչյուրն ինչ նպատակով է իրականացվել: Մեկի դեպքում, կարող է՝ Ալիևի հետ է հանդիպել, էն մյուսը՝ ԵԱՀԿ համանախագահների, և այսպես շարունակ: Կարող է, թռիչքներ էլ եղել են, որոնց հետ Սերժ Սարգսյանը որևէ կապ չի ունեցել, ինքնաթիռում չի եղել: Ու բոլոր չարախոսների բերանը կփակվեր: Իսկ այսպես լրիվ կիլդիմ դարձրիք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1306 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ