...

Դեռ որևէ մեկը կռվելուց հրաժարվելով խաղաղության չի հասել

Դեռ որևէ մեկը կռվելուց հրաժարվելով խաղաղության չի հասել

Այսպիսի արտահայտություն կա՝ «երեխան մեծանում է բութ և շատակեր»։ Հայաստանի այսօրվա իշխանությունների դեպքում այս արտահայտությունն ակնհայտորեն թերի է․ պետք է լիներ «բութ, վախկոտ և շատակեր»։ Ընդ որում՝ շատակերության դրվագները, որքան էլ ակնհայտ, այնուամենայնիվ զուտ իրավական տեսանկյունից ապացուցման կարիք ունեն, իսկ ահա բթության և վախկոտության վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունքներն անձամբ Նիկոլ Փաշինյա՛նը հնչեցրեց։ Աշտարակում «կուսակցական ակտիվի» հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե իրենք, որպես իշխանություն, լավ չեն լսել և ճիշտ չեն հասկացել ժողովրդի ուղերձը, որն իրենցից խաղաղություն էր պահանջում (սա՝ ճիշտ չհասկանալու, այսինքն՝ բթության մասով), բացի այդ էլ՝ վախեցել են ժողովրդին ներկայացնել այդ խաղաղության գինը, որովհետև իրենց կասեին դավաճան, հողատու և հանցագործ (սա էլ՝ վախկոտության մասով)։

Իրականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի «բթության» ապացույցը բոլորովին այլ է։ Նա չի հասկանում (կամ ձևացնում է՝ իբր չի հասկանում), թե իշխանություններից խաղաղություն պահանջելով ինչ նկատի ուներ ժողովուրդը։ Ու երբ ասում է՝ «ո՛ր օջախը մտնում էինք, խաղաղության կենացն էին բարձրացնում», հետաքրքիր է՝ երբևէ որևէ օջախում լսե՞լ է, որ ասեն «եկեք Ղարաբաղից էլ հրաժարվենք, մեր պատմությունից էլ, Արարատից էլ, մենակ թե խաղաղություն լինի»։ Վստահ եք, չէ՞, որ երբևէ նման «ուղերձ» չի ստացել։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։ Որովհետև ժողովուրդը, ի տարբերություն ՔՊ-ական իշխանությունների, իր մեծամասնության մեջ այնուամենայնիվ «բութ, վախկոտ և շատակեր» չէ ու հասկանում է իրական խաղաղության բանաձևը՝ «ուրիշինը մի ուզիր, բայց քոնն ուրիշին չտաս»։ Ու ժողովրդի՝ խաղաղության ձգտման ուղերձն էլ «ուրիշինը չուզելու» մասին է եղել, և ոչ թե «քոնն ուրիշին չտաս» սկզբունքից հրաժարվելու մասին։ 

Այս ամենը, ի դեպ, հենց այնպես Նիկոլ Փաշինյանին հակաճառելու համար չենք ասում։ Ի վերջո նա հիմա թակարդն ընկած, անելանելի վիճակում հայտնված կենդանու նման է ու փրկվելու համար ինչ ասես կանի՝ ստեր է՛լ կասի, իրեն չհասկացողի տեղ է՛լ կդնի, ժողովրդին է՛լ կմեղադրի․․․ Խնդիրն այն է, որ այսօր մեզ իսկապես խաղաղություն է պետք, բայց՝ ոչ թե դեկլարատիվ ու նվաստացուցիչ, այլ իրական և արժանապատիվ խաղաղություն։ Իսկ իրական խաղաղության հասնել հնարավոր է ոչ թե ցանկացած իրավիճակում «չդիմադրելու անսասան որոշմամբ», այլ հակառակը՝ սեփական շահերը մինչև վերջ պաշտպանելու վճռականությամբ։ Ու սրանք դատարկ, վերամբարձ խոսքեր չեն, որովհետև հակառակ դեպքում կստացվի, որ մեր ուզած «խաղաղությունն» էլ է ընդամենը դատարկ, վերամբարձ արտահայտություն, իսկ իրականում մենք նաև կապիտուլյացիային ենք համաձայն՝ թեկուզ արհամարհված ու նվաստացած վիճակում, բայց ողջ մնալու պայմանով։ 

Մի խոսքով՝ եթե իրական խաղաղություն ենք ուզում, պիտի պատրաստ լինենք կռիվ տալ դրա համար։ Իսկ կռիվ տալ մի գերագույն-գլխավոր հրամանատարի առաջնորդությամբ, որը ցանկացած իրավիճակում «չդիմադրելու անսասան որոշում» ունի՝ համաձայնվեք, խելամիտ չէ։ Հետևաբար՝ իրական, արժանապատիվ խաղաղությունն ու Նիկոլ Փաշինյանը համատեղելի չեն։ 

Մարկ Նշանյան

Հ․ Գ․ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» այլընտրանքը վաղուց անցյալում է, մենք այդպիսի ընտրության հնարավորությունը քառորդ դար առաջ ենք բաց թողել։ Հիմա հարցադրումը բոլորովին այլ է․ «նորից պատերազմելու վճռականությո՞ւն՝ հանուն իրական խաղաղության, թե՞ կապիտուլյացիա»։ Ընդ որում՝ նորից պատերազմելու վճռականությունն անպայմանորեն չի նշանակելու նոր պատերազմ, ոչ էլ կապիտուլյացիան է անպայմանորեն ապահովագրելու նոր պատերազմից։

ՎԱՐԿԱՆԻՇ

   2374 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ