Երկու տարի է, ինչ լսում ենք միևնույն պնդումը՝ իշխանությունների դեմ հայտարարված է մեդիա պատերազմ: Իհարկե, դա իրողություն է և դա չտեսնելը՝ անհնար: Բայց զավեշտալի է և միայն կարեկցանք է առաջացնում, թե ինչպես են դա ասում իշխանությունները և ինչ հակաքայլեր են արել երկու տարիների ընթացքում:
Ասում են ձայնի նույն տոնայնությամբ, ինչ ասում էին ընդդիմություն եղած ժամանակ, երբ բարձրաձայնում էին, որ հեռուստատեսային եթերը փակված է իրենց համար և նշում էին, որ նախագահականում կա սև ցուցակ, թե ում չի կարելի հրավիրել հեռուստատեսություն և հատկապես՝ Հանրային հեռուստաընկերություն:
Երկու տարուց ավել է, ինչ իշխանություն եք, մի տեսակ արդեն սազական չէ ստատիստի և բողոքավորի դերը: Հայաստանի ամենամեծ բյուջեով հեռուստաընկերությունը ձեր տրամադրության տակ է: Ի՞նչ եք արել՝ ջախջախելու նախկին իշխանությունների ներկա և նախկին մանիպուլյացիաները: Ի վերջո, ձեր տրամադրության տակ է ամենամեծ վիդեո արխիվը, ի՞նչ եք արել, որ հանրությանը ներկայացնեք նախկինների հանցագործությունները:
Լավ է, գոնե Տիգրան Պասկևիչյանը ժամանակին «Կորսված գարունը» նկարահանեց, հակառակ պարագայում երևի 5-րդ ալիքի ֆիլմը ցուցադրեիք, վերջում էլ փոքր տիտրերով գրեիք՝ մենք փող չունենք, որ հակադարձենք քոչարյանական պրոպագանդային:
Այսօր արդեն մի ամբողջ սերունդ է մեծացել, որ լավ տեղյակ չէ Հոկտեմբերի 27-ի խութերին: Ինչո՞ւ մի ֆիլմ չեք նկարահանում և նոր սերնդին ներկայացնում, որ իրեն միակ տղամարդ հորջորջողը Հոկտեմբերի 27-ից առաջ ամենևին էլ միակ տղամարդ չէր հիշեցնում, այլ ավելի շուտ անկյուն կանգնեցվածի էր նման:
Ինչո՞ւ մի ֆիլմ չեք նկարահանում, որտեղ մանրամասն կներկայացնեք, թե իրենց ազգային հորջորջող ուժերը որքան «սորոսական» կոնվենցիաներ են վավերացրել:
Ինչո՞ւ մի ֆիլմ չեք նկարահանում, որտեղ կբացահայտեք, թե Քոչարյանը և Սարգսյանը ինչ են բանակցել Արցախի վերաբերյալ, ժամանակին ինչպես են շահարկել այդ հարցը իշխանության գալու համար և հետո ինչ են պատրաստ եղել ստորագրել:
Ինչո՞ւ մի ֆիլմ չեք նկարահանում Երևանի տարածքների ապօրինի սեփականաշնորհման մասին: Նույնը՝ հանքերի վերաբերյալ:
Ինչո՞ւ չեք անդրադառնում Մանվելի, Լիսկայի, Վարդանիկի, նույն Ծառուկյանի՝ իրենց բդեշխություններում երկար տարիներ տիրած բարքերին: Մարդկանց պատմեք, թե նրանք ինչ մեծահոգի և հոգատար ֆեոդալներ էին:
Այնպես որ՝ դադարեք հիբրիդային պատերազմի մասին ձեր դատողություններն անընդհատ տիրաժավորելն ու փորձեք հասկանալ, թե ինչ կարող եք հակադրել դրան: Ձեր խեղճությունն այլևս կարեկցանք չի առաջացնում:
Արիս Վաղարշակյան