Փետրվարի 1-ից Ռուսաստանը բացել է իր օդային սահմանները Հայաստանի այն քաղաքացիների համար, ովքեր ցանկանում են մեկնել այդ երկիր:
Առնվազն 11 ամիս այդ ուղղությունը փակ էր և գաղտնիք չէ, որ տասնյակ հազարավոր մարդիկ ցանկանում են մեկնել այդ երկիր՝ փող աշխատելու:
Նրանցից քանիսը ընդմիշտ կմնա Ռուսաստանում, քանիսը սեզոնային աշխատանքը վերջացնելուց հետո կվերադառնա Հայաստան, այս պահին դժվար է ասել:
Զարմանալ կարելի է ոչ թե մեկնողների քանակից, այլ ոմանց արձագանքից:
Արտագաղթի մասին բարձրաձայնողները և «ժեխի» թեզն առաջ քաշողները մոռացել են, թե ում վարչապետն էր Տիգրան Սարգսյանը: Մեկը, ով ասում էր, որ ինչքան շատ արտագաղթեն, այնքան կպակասի հեղափոխություն անել ցանկացողների քանակը:
Հատկապես զավեշտալի է նախկին ռեժիմի ներկայացուցիչների և երկրպագուների արձագանքը: Տպավորություն է, թե առաջին անգամ են հայ տղամարդիկ մեկնում Ռուսաստան՝ փող աշխատելու:
Երևի իրենց իշխանության տարիներին հակառակն էր՝ ռուսներն էին գալիս Հայաստան փող աշխատելու:
Հատկապես նողկալի է արտագաղթի մասին կոկորդիլոսի արցունքներ տեսնել քոչարյանամերձ, ՀՀԿ-ին մերձ, «Բարգավաճ» ու «Դաշնակցություն» կուսակցությունների ներկայացուցիչների գրառումներում: Նրանք մոռանում են, որ ժամանակին արել են իրենց ուժերի ներածին չափով ամեն ինչ, որպեսզի արտագաղթը ունենա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլ նաև ուրիշ պատճառներ: Օրինակ՝ խլել են բիզնեսներ և շատ գործարարներ երկրից հեռացել են այդ պատճառով: Շատերը հեռացել են երկրում արդարադատության բացակայության պատճառով:
Քանիսն են իրենց որդիներին փախցրել երկրից, քանի որ տեսել են, թե ինչպես չեն ծառայում իշխանավորների որդիները:
Քանի հազար խոստումնալից երիտասարդ է հեռացել երկրից՝ տեսնելով, թե ովքեր և ինչպես են պաշտոն ստանում Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում:
Քանի հազար ընտանիք է արտագաղթել Ծառուկյանի, Սաշիկի, Նեմեցի ու մնացածի թիկնազորների անպատիժ գործունեության արդյունքում:
Քանի հազար ընտանիք է արտագաղթել՝ հասկանալով, որ միայն ժամանակ եք ձգում, և որը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում Հայաստանում մնացողների համար: Ժամանակ ձգելով՝ նկատի ունենք ավելի լավ պայմաններով Արցախի հարցը չկարգավորելը և հիմար թեզը, թե շրջափակված մի 100 տարի էլ կարող ենք ապրել:
Այնպես որ, գոնե դուք ձայն մի հանեք արտագաղթի վերաբերյալ. ամեն ինչ արել եք, որ այն լինի զանգվածային, իսկ վերջում էլ որպես ժառանգություն թողեցիք այս իշխանությանը:
Արիս Վաղարշակյան