...

Ձեզանից սկսեք

Ձեզանից սկսեք

Մոսկվայում մասնավոր այցով գտնվող Արմեն Սարգսյանը հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ցանկացած երկրում, որտեղ նման մեծ ողբերգություն է տեղի ունենում, կա լուծում՝ կառավարությունը, որը հանգեցրել է սրան, պետք է գնա։ Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, կարող է հետո վերադառնալ։ Նախկին ընտրությունները 2,5 տարի առաջ էին, երբ երկիրը բոլորովին այլ էր, հիմա այլ երկրում ենք ապրում։ Չի կարելի ճգնաժամը գնահատել հրապարակում մարդկանց քանակով»։

«ՉԻ». Արմեն Սարգսյանը շարունակում է օրվա կուրսով մեկնաբանել ներքաղաքական հեռանկարները:

Պատերազմի ավարտի հաջորդ օրը հայտարարեց, որ կառավարության և Փաշինյանի հրաժարականն անխուսափելի է: Մի քանի օր անց, երբ տեսավ, որ Նիկոլը հեշտ հրաժարական չի տալիս, իսկ փողոցում նրա հրաժարականը պահանջողների թիվն առանձնապես շատ չէ, հայտարարեց, որ հրաժարական ասելով՝ նկատի չունի, թե դա անպայման պետք է տեղի ունենա մոտ ապագայում: Հիմա, երբ տեսնում է, որ այնուամենայնիվ նրա հրաժարականը պահանջողների թիվը գնալով շատանում է, սկսել է կրկին հրաժարական պահանջել:

100 տոկոս ճշգրտությամբ կարելի է պնդել՝ եթե վաղը Փաշինյանը կարողանա մի քանի տասնյակ հազարանոց հանրահավաք կազմակերպել, Սարգսյանը նորից պնդելու է, որ վարչապետի հրաժարականը անպայման չէ՝ մոտ ապագայում տեղի ունենա:

Ի վերջո, նախագահ մարդ եք, հստակ և մեկնաբանությունների տեղիք չտվող տեսակետ հայտնեք: Օրինակ՝ հայտարարեք, որ այլևս չեք ստորագրի խորհրդարանի կողմից ընդունված որևէ օրենք, չեք հաստատի վարչապետի կողմից ներկայացված որևէ պաշտոնյայի նշանակում: Սա չի ենթադրի, որ դրանից հետո Փաշինյանն անմիջապես հրաժարական կտա, բայց ձեր դիրքորոշման մասով ամեն ինչ կհստակեցվի:

Իմիջիայլոց, որքան էլ պնդեն, թե նախագահը լիազորություններ չունի, և այլն, այնուամենայնիվ Արմեն Սարգսյանը ուրիշներին կոչ անելուց առաջ, ճիշտ կանի ինքն էլ անկեղծ լինի: Այն ուժը, որն իրեն կարգել է նախագահ, Հայաստանում վաղուց մերժված է, և անհայտ է, թե ինքն ընդհանրապես ում է ներկայացնում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   766 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ