...

Ե-րախ-տա-մո-ռու-թյո՛ւն

Ե-րախ-տա-մո-ռու-թյո՛ւն

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից արձագանքեց այն դիտարկումներին, որ Հայաստանը միայնակ թողեց Արցախին, ու իրեն բնորոշ արտիստիզմով դա գնահատեց ընդամենը մի բառով՝ երախտամոռություն։ 

Փորձենք հասկանալ։ Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով երախտամոռ են բոլո՞ր արցախցիները, թե՞ միայն ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ՀՀ բյուջեից «բոլ-բոլ» աշխատավարձեր էին ստանում, մեկ էլ՝ Ղարաբաղից Հայաստան տեղափոխված, այստեղ իշխանությունը զավթած և արաբական շեյխերին վայել կյանքով ապրողները կամ, այլ կերպ ասած, «ղարաբաղյան կլանը»։ Ամենայն հավանականությամբ՝ Նիկոլը միայն վերջիններիս նկատի ուներ, որովհետև անգամ իր ցինիզմը չէր բավականացնի տունուտեղ կորցրած հարյուր հազար շարքային արցախցիներին երախտամոռ անվանել՝ թե ինչ է նրանք մի կերպ Հայաստան հասնելուն պես երախտիքի խոսքեր չեն ասել անձամբ իրեն ու իր կառավարությանը։ 

Հիմա՝ երկրորդ հարցը։ Նիկոլ Փաշինյանն անձամբ իրե՞ն է համարում երախտամոռության զոհ, թե՞ Հայաստանի Հանրապետությանը։ Միանգամից ասենք, որ արցախցիներն անձամբ իրեն որևէ բանի համար երախտապարտ լինելու պատճառ չունեն, որովհետև անձամբ ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյան, Արցախի համար որևէ բան չի արել, նույնիսկ բանակո՛ւմ չի ծառայել։ Ինչ արել է՝ արել է ի պաշտոնե, որպես ՀՀ վարչապետ, և արել է ոչ թե իր գրպանից, այլ ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին։ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունն էլ, ի դեպ, իր կրած զրկանքների համար արցախցիներից երախտագիտություն չի ակնկալել, որովհետև «հայաստանցի-արցախցի» տարբերություն չի դրել ու գիտակցել է, որ իր զավակների արյամբ ոչ թե «օտար տարածք» է պաշտպանում, այլ հայկական ընդհանուր կենսատարածքի մի մասը, որի կորստյան դեպքում ՀՀ-ն ավելի խոցելի կդառնա, նոր պատերազմն էլ ավելի հավանական կլինի, քան խաղաղության հաստատումը (ինչի ականատեսն ենք արդեն ավելի քան երեք տարի)։

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը «ղարաբաղյան կլանին» է մեղադրում երախտամոռության մեջ, ընդ որում՝ համարում է, որ այդ կլանի միլիարդատեր անդամներն անձամբ իրեն պիտի երախտապարտ լինեն՝ իրենց «պատմական հայրենիքին» ու հայրենակիցներին աջակցելու համար։ Բայց այս դեպքում էլ՝ նկատենք, որ եթե Հայաստանում 20 տարի շարունակ չիշխեր «ղարաբաղյան կլանը», եթե այդ կլանը ջայլամի կեցվածքով չանտեսեր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունն ու չզբաղվեր բացառապես սեփական իշխանությունն ամրապնդելով ու երկիրը թալանելով, Հայաստանը կլիներ նորմալ, դինամիկ զարգացող երկիր, և ոչ թե «գաղջ մթնոլորտով» արևելյան կիսաբռնապետություն։ Իսկ նորմալ երկրում, համաձայնվեք, չէր կարող իշխանության գալ որևէ ճղճղան պոպուլիստ, ընդ որում՝ ընդամենը 7,7 տոկոս վարկանիշով, առանց որևէ ծրագրի, առանց բարձրագույն կրթության և բանակում ծառայած լինելու։ Հենց «ղարաբաղյան կլանի» 20-ամյա գործունեությունն էր պատճառը, որ հարյուր հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան ու իշխանության բերեցին բառիս բուն իմաստով առաջին պատահածին, որովհետև այդ 20-ամյա իշխանությունն այնքան վատն էր, որ մարդիկ վստահ էին՝ ավելի վատ հաստատ չի լինի։ Պարզվեց՝ լավ էլ կլինի, բայց սա այլ հարց է։ 

Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա իշխանության համար պարտական է բացառապես «ղարաբաղյան կլանին»։ Այդ կլանի շնորհիվ (ի դեպ՝ նաև պատգամավորների ձայներով) 2018-ի մայիսին դարձավ վարչապետ, այդ կլանի ակտիվության շնորհիվ 2021-ին կարողացավ պահպանել վարչապետի աթոռը, հիմա էլ այդ կլանի վրա բոլոր մեղքերը բարդելով է արդարացնում իր բերած աղետները։ 

Իսկ ինչպե՞ս կարելի է գնահատել երևույթը, երբ ինչ-որ մեկն ամեն ինչի համար մեղադրում է նրան, ում պարտական է իր բոլոր ձեռքբերումների համար։ Մի բառով՝ «ե-րախ-տա-մո-ռու-թյո՛ւն»։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ